Բանանի թեման նոր կառավարության
պատասխանատուներին ամենաշատն է հունից հանում
Բանանի թեմայի վերաբերյալ լրագրողների հարցերը մենաշնորհների դեմ պայքար սկսած նոր կառավարության պատասխանատուներին ամենաշատն են զայրացնում ու հունից հանում: Հավանաբար այն պատճառով, որ սա, այսպես ասած, ամենակուռ մենաշնորհներից է, եւ այն քանդելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես որ պատկերացնում էին: Անկախ այն բանից, որ բանանի շուկայում ներկրողներն ավելանում են, այդուամենայնիվ՝ Հայաստանում բանանն այդպես էլ չի էժանանում ու չի էժանանում:
Երեկ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում», հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ 2016 թվականի ընթացքում բանանի ներկրում են իրականացրել 48 կազմակերպություն եւ անհատ, եւ որ այդ թվերը խոսում են այն մասին, որ բանանի մենաշնորհի խնդիր ամենեւին էլ չկա: Այստեղ շարքային քաղաքացիներիս մոտ մի տարրական հարց է առաջանում` բա ինչո՞ւ բանանի գինը չի իջնում:
Երեկվա դրությամբ բանանի մեկ կիլոգրամ մանրածախ գինը Երեւանի խանութներում 850-950, 1000-1200 դրամ էր, ինչպես որ նախկինում էր: Այսինքն` ստացվում է, որ նույնիսկ այդքան մրցակից ներկրողների արդյունքում էլ մեր երկրում բանանը չի էժանանում: Ապրանքային այս շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները չեն բացառում, որ իրականում խոշոր ներկրողը շարունակում է մնալ միեւնույն սուբյեկտը, սակայն տարբեր ընկերությունների անուններով, ինչով էլ պայմանավորված՝ բանանի բարձր գինը պահպանվում է, հակառակ դեպքում այդքան ընկերությունների առկայությունը պետք է որ բերեր առողջ մրցակցության, ինչի արդյունքում էլ բանանի գինն անպայման նվազելու էր:
Կարդացեք նաև
«Առավոտ»-ի հետ զրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանը նկատեց. «Եթե իրականում մրցակցություն լիներ, բանանի գինը չէր կարող չէժանանալ, որովհետեւ Ռուսաստանում, որի հետ մենք ընդհանուր մաքսային տարածք ենք կազմում, այս պահին բանանի մեկ կիլոգրամի մանրածախ գինը 59-60 ռուբլի է, մեկ դոլարի կարգի:
Այսինքն՝ եթե Վորոնեժից բանանը տանում են Սանկտ Պետերբուրգ կամ Վորոնեժից բեում են Երեւան, ԵՏՄ-ի տրամաբանությամբ՝ դա միանգամայն նույն բանն է, ոչ մի սահման չկա, մաքսազերծում չկա»:
Ըստ Հայկ Գեւորգյանի՝ Պետական եկամուտների կոմիտեն նախկինում էլ է հայտարարել, որ բանանի շուկայում ներկրողները շատ են: Օրինակ՝ 2014-2015 թվականներին, ըստ ՊԵԿ-ի տվյալների, Հայաստան բանան է ներկրել 11 ընկերություն, որից մեկը եղել է «Քեթրին գրուպը»:
«Տասը ներկրող իրար հետ բերել են 150 տոննա բանան, ինչը կազմել է ընդհանուր ներկրածի մեկ տոկոսը: «Քեթրին» ընկերությունը բերել էր 10 հազար 500 տոննա բանան: Այսինքն` ասելով 48 ներկրող, ՊԵԿ-ը նաեւ պետք է ասի, թե նրանք ինչքա՞ն են ներկրում: Եթե 95 տոկոս կամ 99 տոկոս բերում է մի ընկերություն, իսկ մնացածի մեջ բաշխվում է մի քանի տոննան, այսինքն` մի քանի տոկոսը, դա ամենեւին չի նշանակում, որ մենաշնորհ չկա: Միշտ եղել են մի քանի ներկրողներ: Հենց միայն այն, որ բանանը չի էժանանում, ցույց է տալիս, որ բանանի մենաշնորհը չի վերացել»,- նկատում է Հայկ Գեւորգյանը: Նա, հղում անելով Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներին, ասում է. «2014-2015 թվականներին օրինակ՝ Գերմանիայից ներկրվել է 32 կիլոգրամ բանան, հնարավոր է իր տան համար ներկրել է, բայց դա էլ համարվում է որպես ներկրող: Կոստա Ռիկայից բերվել է 203 կիլոգրամ բանան, եւ դա էլ է համարվում ներկրող: 22 տոննա բերվել է Թուրքիայից, 23 տոննա Ռուսաստանից է ներկրվել: 2014-2015 թվականներին 9 տոննա բերվել է Վրաստանից: Բայց այդ բոլոր ներկրածները միասին ընդհանուրի մեկ տոկոսն է կազմում: Եթե ՊԵԿ-ն ընկնում է զուտ բառախաղերի հետեւից ու ասում է, որ մեկ տոկոսն է ներկրում, դա արդեն մենաշնորհ չի, ուրեմն ՊԵԿ-ն ասում է` ձեռ քաշեք, ես մոնոպոլիաների դեմ չեմ ուզում կամ չեմ կարող պայքարել»:
Մեր այն հարցին՝ քանի որ նույնիսկ այդքան մրցակից-ներկրողների պարագայում բանանի գինը ոչ մի կերպ չի իջնում, հնարավոր համարո՞ւմ է, որ վերոնշյալ ընկերությունները եւս անուղղակի պատկանեն «Քեթրին գրուպին», որն ամենախոշոր ներկրողն է, Հայկ Գեւորգյանն ասաց, որ մամուլում էլ եղել են տեղեկություններ, որ «Քեթրին» ընկերությունը «ձագուկներ է հանել» եւ բանան ներկրում է մի քանի ընկերությունների անունով, որպեսզի այլընտրանք ներկրողներ լինեն եւ իր մենաշնորհը չերեւա. «Բայց դա բացահայտելը շատ հեշտ է, ոչ մի խնդիր չեմ տեսնում»:
Իսկ թե մեկ կիլոգրամ բանանի մանրածախ գինը մեզ մոտ իրականում որքան պետք է լինի, ապա Հայկ Գեւորգյանի հաշվարկներով՝ եթե Ռուսաստանում մեկ դոլարին համարժեք է, ապա Հայաստանում կարող է լինել դրան գումարած հինգ տոկոս ճանապարհածախսը, ոչ ավելի:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
22.01.2017