Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնության նպատակով առեւանգվածի գործով՝ մեկ արդարացում

Հունվար 25,2017 13:30

«Վերադարձա տուն, տեսա տան դուռը բաց, աղջկաս հողաթափերն անկանոն նետված հատակին, հասկացա, որ Ատոմն աղջկաս փախցրել է, անմիջապես դիմեցի ոստիկանություն»

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի դատավճռով Ատոմ Սառիկյանի, Գարիկ Մարությանի, Սարգիս Պետրոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառվի եւ կսահմանվի 2 տարի ժամկետով փորձաշրջան: Նրանց վարքի հսկողությունը իրականացվելու է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի՝ ամբաստանյալի բնակության վայրի բաժանմունքի կողմից:

Նրանց նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Իսկ Վարուժան Ճաղարյանին դատարանը ճանաչեց անմեղ եւ արդարացրեց:
Ըստ քրեական գործի նյութերի, Ատոմ Սառիկյանը 2016 թվականի մարտի 17-ին, ժամը 11-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ Վարուժան Ճաղարյանի, Գարիկ Մարությանի եւ Վ.Կ. Աղբյուր գյուղի բնակիչ Սարգիս Պետրոսյանի հետ, նախնական համաձայնությամբ, Բերդ քաղաքի Խորենացի փողոցի վրա գտնվող առանձնատան պատշգամբից, «գրկելու միջոցով բռնություն գործադրելով», «բացահայտ կերպով, ամուսնության նպատակով» առեւանգել էին նույն հասցեի բնակչուհուն, նրան տեղափոխել էին այլ վայր, իսկ Վարուժան Ճաղարյանն էլ «օժանդակել է» ընկերներին՝ նրանց մեքենայի հետեւից Ատոմ Սառիկյանի ավտոմեքենան որպես լրացուցիչ տրանսպորտային միջոց վարելով:

Այս գործի դատաքննության փուլում մենք անդրադարձել ենք որոշ մանրամասների:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ատոմ Սառիկյանն իրեն մեղավոր էր ճանաչել, հրաժարվել էր ցուցմունք տալ:

Նա նախաքննության փուլում ցուցմունք էր տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 8-ին ամուսնության առաջարկ է արել Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչուհուն, սակայն իր առաջարկը մերժվել է: Նման առաջարկով դիմել է երկու անգամ եւ կրկին մերժվելով՝ որոշել է փախցնել իր սիրած աղջկան:

2016 թվականի մարտի 16-ին նա Վարուժան Ճաղարյանին եւ Գարիկ Մարությանին Այգեձոր գյուղում հանդիպելով՝ խնդրել է օգնել իրեն: Տղաները համաձայնել են: 2016 թվականի մարտի 17-ին գնացել են Բերդ, գազալցակայանում էլ հանդիպել են գազալցավորող ընկերոջը՝ Սարգիս Պետրոսյանին:

Իմանալով մտադրության մասին՝ Սարգիսը նույնպես որոշել է ձեռք մեկնել ընկերոջը:
Գազալցավորումն ավարտելուց հետո, ժամը 11-ի սահմաններում, ինքը Գարիկ Մարությանի եւ Սարգիս Պետրոսյանի հետ վերջինիս ավտոմեքենայով սպասել են Բերդ քաղաքի Խորենացի փողոցում՝ մինչեւ հարսնացուի մայրը դուրս գա տնից:
Նա մտնելով սիրած աղջկա առանձնատուն, պատշգամբից գրկել եւ նրա կամքին հակառակ՝ ամուսնության նպատակով առեւանգել է վերջինիս, տեղափոխել առանձնատան առջեւ, որտեղ «Գարիկ Մարությանը բացել է մեքենայի հետին ձախ դուռը, ինքը աղջկան նստեցրել է հետին նստատեղին, որից հետո վարորդ Ս.Պետրոսյանը մեքենան վարել է եւ նրան տեղափոխել են այլ վայր, իսկ Վարուժան Ճաղարյանը՝ իր ավտոմեքենայով, սպասել է նրանց Տավուշ գյուղի վերջնամասում եւ վարել ավտոմեքենան իրենց հետեւից՝ որպես լրացուցիչ տրանսպորտային միջոց»:
Սարգիսը, Գարիկն ու Վարուժանն իրենց մեղավոր են ճանաչել, հրաժարվել են ցուցմունք տալ:

Վարուժանը նախաքննության ժամանակ հայտնել էր, թե. «Կոնկրետ գործողություններ կատարելու պայմանավորվածություն չեն ունեցել: Ընդհանուր պայմանավորվել են, որ աղջկան փախցնելու են, իսկ թե ով ինչ գործողություն պետք է աներ՝ ինքը ոչ մեկի հետ չի պայմանավորվել: Այսինքն՝ այնպես էր ստացվել, որ ինքը պետք է Ատոմի մեքենան Պառավաքարն անցնելուց հետո տար իրեն եւ վերջ: Այլ որեւէ գործողության չի մասնակցել, աղջկան չի տեսել, նրա նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրել, կոնկրետ նրա առեւանգմանը չի մասնակցել: Իր՝ Բերդ քաղաք գալու հիմնական նպատակը բանկում գործ ունենալն էր, որից հետո էլ օգնության անհրաժեշտություն լինելու դեպքում օգնելու էր Ատոմին, բայց սկզբից էլ որոշել էր, որ կոնկրետ տուն մտնելու վերաբերյալ եւ տանից առեւանգելուն չի մասնակացելու»:

Իսկ թե ինչպես էին իմացել առեւանգողների մասին, տուժող ճանաչված աղջիկն ասել էր, թե երբ Ատոմին «դիմավորել է տան պատշգամբում», փորձել է զանգել մորը:
Հասցրել է միայն մորը տեղեկացնել, որ Ա. Սառիկյանը իրենց տանն է: Դրանից հետո տուժողը հիշում է, որ իրեն առեւանգել են, մեքենայով տեղափոխել են այլ վայր:
Առեւանգվածի մայրն էլ ցուցմունք էր տվել, որ 2016 թվականի մարտին Ա. Սառիկյանը ամուսնության առաջարկ է արել իր աղջկան, աղջիկը մերժել էր: Դեպքի օրը խանութ գնալու նպատակով դուրս է եկել տնից, սակայն դուստրն է զանգել եւ հետ կանչել. «Վերադարձա տուն, տեսա տան դուռը բաց, աղջկաս հողաթափերն անկանոն նետված հատակին, հասկացա, որ Ատոմն աղջկաս փախցրել է, անմիջապես դիմեցի ոստիկանություն»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

22.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031