Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամստերդամի արվեստային հպարտությունները (Ֆոտոշարք)

Հունվար 25,2017 13:00

Վան Գոգի թանգարանը` ամենաայցելվածներից մեկը

Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի թանգարանը Ամստերդամի հպարտություններից է: Այն բացվել է 1973 թվականից եւ համարվում է աշխարհի ամենահաճախվող թանգարաններից մեկը` տարեկան մոտ 2 մլն այցելու: Մինչեւ 17 տարեկանների մուտքն այստեղ անվճար է, այցելելու համար էլ մշտապես երկար ու ձանձրալի հերթեր են, սակայն ներս մտնելուն պես մոռանում ես հոգնածությունդ ու երկարատեւ սպասելդ:

Ընդհանրապես Հոլանդիայում մինչեւ 17 տարեկան բոլոր այցելուների մուտքն ազատ է, սա յուրօրինակ ձեւ է երիտասարդներին արվեստին մոտեցնելու: Մարդիկ թանգարան են գալիս անգամ գրկի երեխաների հետ, հաճախ կարող ես հանդիպել թանգարանների հատակին պառկած նկարող փոքրիկների: Թանգարանի տեղեկատվական կենտրոնում աշխարհի տարբեր լեզուներով բուկլետներ են դրված, այնպես որ, Վան Գոգի թանգարանի ու նկարչի մասին տեղեկատվությունը հասանելի է բոլորին:

Իմիջիայլոց, Ամստերդամում է գտնվում Վան Գոգի աշխատանքների ամենախոշոր հավաքածուն` 200 գեղանկար, 400 նկար, անձնական 700 նամակ: Վան Գոգի ամստերդամյան թանգարանում են պահպանվում նկարչի այնպիսի գլուխգործոցներ, որոնց թվում են «Արեւածաղիկները», «Կարտոֆիլ ուտողները», «Ծաղկած նշենիները»: Հայտնի կտավների մոտ նույնպես հերթեր են: Վան Գոգի թանգարանում պահպանվում են նաեւ այլ նկարիչների գործեր, որոնք նույնպես արժե նայել, խոսքը վերաբերում է, օրինակ, Գոգենին, Մոնեին ու Պիկասոյին:

Ասում են՝ կյանքի ընթացքում վաճառած միակ նկարը եղել է Վան Գոգի «Խաղողի կարմիր այգիներ` Առլում» աշխատանքը, որի համար հեղինակին վճարել են 400 ֆրանկ:
Թանգարանի մի հատվածում «կանգնած» է Վան Գոգը, որի մոտ թույլատրվում է լուսանկարվել, նաեւ նրա բոլոր ստեղծագործությունները երեւում են մեծ էկրանին: Թանգարանին կից գործում է հուշանվերների խանութ, որտեղ կարելի է գնել Վան Գոգի կտավների արտանկարումներ, թեմատիկ աքսեսուարներ ու զանազան առարկաներ:
Հավելենք, որ հոլանդացի նկարչի մի շարք ստեղծագործություններ պահպանվում են աշխարհի հեղինակավոր այլ թանգարաններում` Մետրոպոլիտենում, Օգյուստ Ռոդենի տուն-թանգարանում, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում եւ այլուր։
Կյանքի վերջին տասը տարիների ընթացքում Վան Գոգը ստեղծել է ավելի քան 2000 գործ։ Նրա աշխատանքները ներառում են շուրջ 900 նկար, 1100 գծանկար եւ ուրվանկար։ Կյանքին հրաժեշտ տալուց առաջ երկու ամսվա ընթացքում Վան Գոգը նկարել է 90 նկար։ Նկարիչը շուրջ 35 ինքնանկար ունի, ասում են՝ պատճառն այն էր, որ բնորդների համար գումար չի ունեցել: Ցավոք, Վան Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել, նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել միայն 100 տարի անց:

Ռեմբրանդտի «Գիշերային պահակազորի» «կացարանը»` Ռեյկսմյուզեում

Ամստերդամի ազգային պետական թանգարանը` Ռեյկսմյուզեումը հիմնել է Հոլանդիայի թագավոր Լյուդովիկոս I Բոնապարտը 1808 թվականին։ Նոր շենքը կառուցվել է 1877-1885 թվականներին, ճարտարապետ Պիտեր Կյոպերսի նախագծով։ Այս թանգարանում էլ գլուխգործոցների պակաս չկա: Ցուցադրության հիմքում հիմնականում 15-19-րդ դարերի հոլանդական նկարիչների գործերն են։ Ներկայացված են Ռեմբրանդտի, Վերմեերի, Ֆրանս Հալսի, Յան Ստենի եւ այլ հայտնի գեղանկարիչների գործեր։ Ցուցադրության գլխավոր տեղը տրամադրված է Ռեմբրանդտի «Գիշերային պահակազոր» կտավին։

Թանգարանում ներկայացված են ոչ միայն կտավներ, քանդակներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, այլեւ հնագիտական նմուշներ, հագուստ, լուսանկարներ։ Ռեյկսմյուզեումի մի հսկա բաժին նվիրված է ասիական արվեստին։ Այս թանգարանում եւս անչափահասների մուտքն անվճար է, իսկ մեծահասակները պետք է վճարեն մոտ 18 եվրո:

Հավելենք, որ Ռեյկսմյուզեումը Tripadvisor-ի աշխարհի լավագույն թանգարանների ցուցակում է` Նյու Յորքի Մետրոպոլիտենի, Մադրիդի Պրադոյի, Ֆրասիական Օրսեի, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի, Լոնդոնի ազգային պատկերասրահի եւ այլ հեղինակավոր մշակութային օջախների թվում: Ռեյկսմյուզեումում նախանձելիորեն բոլոր հնարավորությունները կան ոչ միայն արվեստի հետ հաղորդակցվելու, այլեւ հաճելի հանգիստ ունենալու համար: Իսկ բարեհամբույր անձնակազմը պատրաստ է պատասխանել այցելուի բոլոր հարցերին ու ժպիտով աջակցել տեղեկատվությամբ եւ այլ հարցերով: Երազում եմ` արժեքների նման մատուցում ու սպասարկում տեսնել նաեւ Հայաստանում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Ամստերդամ- Երեւան

Լուսանկարները՝ հեղինակի:

 

«Առավոտ»

22.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031