Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ ոք չի կասկածում Լավրովի, Պուտինի, ՌԴ-ի պլանների առկայությանը

Հունվար 25,2017 12:00

Սակայն, ըստ Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի, ղարաբաղցիների համար գոյություն ունի միայն մեկ պլան՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը:

– Պարոն Օհանջանյան, նախ` հետաքրքիր է իմանալ, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի՞նչ կոնկրետ աշխատանքներ են իրականացվել առաջնագծում: Շատ է խոսվել «դասեր քաղելու» մասին, ի՞նչ դասեր քաղեցին Ղարաբաղում, ի՞նչ շտկումներ արվեցին:

– Նախ կցանկանայի հստակություն մտցնել: Ռազմական գործողությունների վերսկսումը, ապրիլին Ադրբեջանի կողմից ձեռնարկած բաց միջազգային ագրեսիան քառօրյա չէր: Ռազմական գործողությունների նախանշանները ակնհայտ էին արդեն 2015թ. նոյեմբերի վերջին (այդ մասին առաջինը խոսել եմ ձեր թերթի միջոցով 2015թ. նոյեմբերի վերջին, որի հետ համաձայն էր նաեւ մեր երկրի քաղաքական իշխանությունը) եւ տարբեր հաճախականությամբ դրսեւորվում էին ընդհուպ մինչեւ 2016թ. ապրիլի վերջը: Մինչեւ ռազմական գործողությունների գագաթնակետին հասնելը` ապրիլին արդեն պարզ էր, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական ուժերը կարիք ունեն որակական վերակազմավորումների՝ ներառյալ բանակի ապահովումը ռազմական տեխնոլոգիաներով, ինչպես նաեւ զորքերի կառավարմանն ուղղված մոտեցումների վերանայումը ռազմական եւ խաղաղ ժամանակներում:

Ընդ որում, հարկ է նշել, որ քաղաքական իշխանության, ուժային կառույցների ղեկավարության եւ մեր քաղաքացիների համար ապրիլի դասերից մեկն էլ այն էր, որ անհետացել է խաղաղ եւ ռազմական ժամանակների սահմանագիծը: Ապրիլն առաջ քաշեց կյանքը՝ մշտական պատերազմի պայմաններում: Ընդ որում, հասարակ ժողովրդի եւ մեր զինվորների կյանքը չպետք է կենտրոնանա «պաշարված վիճակի» վրա, այլ պետք է իրականացվի քաղաքացիների կենսագործունեության բոլոր ոլորտների նվաճողական զարգացում՝ քաղաքացու ֆիզիկական պաշտպանվածությամբ: Իսկ դա պետք է ապահովել մեր պետության գաղափարախոսության փոփոխության, երկրի քաղաքական կառուցվածքի վերակազմավորման, տնտեսության, բանակի մարտունակության, պատերազմի վտանգի պարագայում ամբողջ բնակչության վարքագծի կազմակերպման միջոցով:

Այս բոլոր միջոցները պետք է ապահովեն մեր ժողովրդի համար ավելի անվտանգ գոյատեւում եւ բարգավաճում: Ես այդ բնագավառներում լուրջ ձեւափոխությունների ականատես եմ այսօր եւ կարող եմ վստահեցնել, որ մեր բանակը շատ անգամ ավելի մարտունակ է, քան մինչեւ ապրիլը: Այս ամենին հասել ենք ամբողջ հայկական ժողովրդի համախմբման արդյունքում՝ ներառյալ Սփյուռքը: Հայկական ինտելեկտը եւ հնարավորություններն այսօր վախ են առաջացնում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Դրա վառ օրինակն են ադրբեջանական լրատվամիջոցներում երկյուղած հոդվածները, եւ դա միայն սկիզբն է: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միասին եւ Սփյուռքի ֆինանսական միջոցներով ստեղծում է վերջին սերնդի այնպիսի ռազմատեխնիկական տեսակներ, որոնք իրենց տեխնիկական եւ կիրառական բնութագրերով գերազանցում են աշխարհի ամենալավ նմուշներին: Այդ իսկ պատճառով համահայկական համախմբվածությունը եւ աջակցությունը, որոնք ակնհայտ դրսեւորվեցին ապրիլին, դրական դեր խաղացին, որն էլ պետք է շարունակական լինի: Այս հարցի շուրջ Լեռնային Ղարաբաղում տարաձայնություններ չկան:

– Վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաղորդագրություն տարածեցին դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ, որում նշեցին` «Բաքուն եւ Երեւանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի համար, որը հանգեցրեց մարդկային զոհերի»: Այս հայտարարությունը բավական քննադատության արժանացավ Հայաստանում այն պատճառով, որ միջնորդները չնշեցին դիվերսիոն փորձ արած Ադրբեջանին: Ինչո՞ւ են ապրիլյան պատերազմից հետո միջնորդները շարունակում բալանսավորված հայտարարություններ անել:

– Ես հայության այն ներկայացուցիչներից եմ, որոնք կարծում են, որ նման միջազգային միջկառավարական կազմակերպությունների պարտքն է լինել չեզոք, անկողմնակալ: Ապրիլը ցույց տվեց, որ մենք չպետք է սպասենք եւ հուսանք, որ մեր փոխարեն ինչ-որ միջազգային կազմակերպություն քննադատի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Այսօր մենք ականատես ենք միջազգային իրավունքի եւ միջազգային անվտանգության համակարգի, Հելսինկյան ակտի տապալմանը: Յուրաքանչյուր պետության, ազգի անվտանգությունը սեփական խնդիր է դարձել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լրջորեն վերափոխել Հայաստանի քաղաքական իշխանությունը եւ միտքը:

Հայաստանը պետք է ռազմական, քաղաքական եւ բարոյական տեսանկյունից պատրաստ լինի պատժել յուրաքանչյուրին, ով վտանգ է սպառնում իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանը: Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ի պատասխան՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին ջախջախիչ հարված հասցներ ոչ միայն այն ուղղությամբ, որտեղ տեղի է ունեցել ագրեսիան, այլեւ ցանկացած ուղղությամբ, որտեղ առաջանում են վտանգներ: Այն, որ այդ ամենը տեղի չի ունեցել, խոսում է այն մասին, որ կոռուպցիայի մեջ թաղված եւ իրենց իշխանավարումը շարունակելու մտքերով տարված իշխանությունն է մեղավոր Ադրբեջանի անպատժելիության համար: Հենց Հայաստանի քաղաքական իշխանության անտարբերությունից է բխում միջազգային միջկառավարական կառույցների չեզոք դիրքորոշումը:

– Միջնորդներն արդեն մի քանի ամիս է՝ շարունակում են կոչ անել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին պահպանել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն հայտնի է, որ ԵԱՀԿ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գաղափարները չի ընդունում Ադրբեջանը: Հայկական կողմերն այս պայմաններում ի՞նչ քայլեր պետք է իրականացնեն, ի՞նչ աշխատանք պետք է տարվի, որպեսզի Ադրբեջանի մերժողական քաղաքականությանը միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի ու դատապարտի:

– Ես ունեմ բացառապես մեկ պատասխան՝ երկրի ամբողջ քաղաքական ղեկավարությունը պետք է ինքնամաքրվի բարոյապես: Մի կողմ թողնել անձնական ագահ հետաքրքրություններն ու հոգ տանել միայն ազգային եւ պետական շահերի մասին: Ներդաշնակեցնել մարդու կենսագործունեության բոլոր բնագավառները, սկսել մարդկային չափման ողջ սպեկտրի նվաճողական զարգացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքացու ֆիզիկական անվտանգությանը: Կարճ ժամանակահատվածում դառնալ բարգավաճող երկիր՝ ներքին եւ արտաքին արժանապատվությամբ: Այդ դեպքում մեր թշնամին հարյուր անգամ կմտածի, նախքան Հայաստանի հետաքրքրությունների դեմ որեւէ քայլ ձեռնարկելը:

Հավատացեք, աշխարհում առաջին հերթին հաշվի են նստում ուժեղի հետաքրքրությունների հետ, այլ ոչ թե մուրացկանի: Այդ դեպքում կարիք չենք ունենա որեւէ մեկի գնահատականին: Հայերը զրկվել են իրենց պատմական Հայրենիքի մեծ մասից, բայց հայերը դեռ ունեն մեծ խելք, որը շնորհել է նրանց Աստված: Ժամանակակից աշխարհում հարցերն արդեն նավթը եւ դրամը չեն լուծում, ամեն ինչ լուծվում է մարդկային ռեսուրսների մակարդակով: Այն, ինչ անհրաժեշտ է մեր մարդկային ռեսուրսների զարգացման համար, դա խղճով քաղաքական իշխանություն ունենալն է: Ցավոք, ստիպված եմ փաստել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը կորցրել է այդ արժեքավոր հասկացությունը կոռուպցիայի եւ քավոր-սանիկ-բարեկամության դռների հետեւում: Յուրաքանչյուր հայի պարտքն է պայքարել այդ չարիքի դեմ եւ երկիրը վերադարձնել նորմալ մարդկային ապրելակերպի: Մենք պետք է գիտակցենք, որ գողանալով այսօր՝ մենք գողանում ենք մեր երեխաների, մեր ժողովրդի ապագան:

– Ինչպե՞ս են Ղարաբաղում վերաբերվում «Լավրովի պլանի» մասին խոսակցություններին: Պաշտոնական Անկարան ու Բաքուն բազմիցս խոսել են Ռուսաստանի առանձին պլանի մասին, պաշտոնական Մոսկվան չի հերքում նման պլանի առկայությունը: Ղարաբաղում տեղյա՞կ են ռուսական այդ առանձին պլանի մասին:

– Իհարկե, ոչ ոք չի կասկածում Լավրովի, Պուտինի, Ռուսաստանի պլանների առկայությանը: Ղարաբաղցիների համար գոյություն ունի միայն մեկ պլան՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը, եւ միջազգային միջկառավարական կազմակերպությունների կամ տարբեր պետությունների նախաձեռնությունների շրջանակներում ցանկացած բանակցություններ պետք է վարվեն ԼՂՀ անկախության` միջազգային իրավական ձեւակերպման շուրջ: Եվ Ադրբեջանը պետք է լինի ԼՂՀ ճանաչման մեջ ամենահետաքրքրված կողմը, հակառակ դեպքում մենք ինքներս կպաշտպանենք մեր հետաքրքրությունները՝ հիմնվելով մեր մարդկային ռեսուրսների վրա: Նրանք, ովքեր կփորձեն վիճարկել իմ մտքերը, կասեմ հետեւյալը. այսօր արեւմտյան պետությունների միջազգային կոալիցիան եւ առաջավոր արաբական պետությունները ի վիճակի չեն պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, կառույցի, որն իր կազմակերպվածությամբ, հագեցվածությամբ եւ ռազմական հնարավորությամբ տասնյակ անգամ զիջում է ղարաբաղյան բանակի ուժին եւ ոգուն: Նրանք, ովքեր ուզում են ԼՂՀ ներկայիս դե ֆակտո կարգավիճակը փոխել պատերազմի կամ բանակցությունների միջոցով, նրանց շատ լուրջ հիասթափություն է սպասում. նրանք կհանդիպեն ԼՂՀ ժողովրդի արժանի հաղթական դիմադրությանը: Դա պետք է լինի խոստում նաեւ մեր ղեկավարության համար: Մեր ուժն ու խիզախությունը բավարար կլինեն պաշտպանելու մեր հողը, դարձնելու այն բարգավաճ եւ գրավիչ ամբողջ հայության համար:

– Պարոն Օհանջանյան, ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում ակնհայտ է, որ փակուղային իրավիճակ է: Թվում է, որ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում հայկական կողմը պետք է ավելի հետեւողական աշխատանք տաներ: Ինչո՞ւ դա չի արվում: Օրինակ` ԼՂՀ իշխանությունները ՀՀ իշխանությունների առջեւ դնո՞ւմ են այդ հարցը:

– Ես մեր քաղաքական իշխանության անդամ չեմ, բայց ունեմ բարիդրացիական հարաբերություններ բոլորի հետ եւ քիչ, թե շատ տեղեկացված եմ այն իրադարձությունների մասին, որոնք դուք հնչեցրիք ձեր հարցում: Որպես Արցախի Հանրապետական կուսակցության նախագահ՝ ինձ վրա պատասխանատվություն կվերցնեմ իմ կուսակցության անունից հայտարարելու, որ մենք հանդես ենք գալիս ԼՂՀ միջազգային անհապաղ ճանաչման օգտին, եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները, բարձրագույն քաղաքական իշխանությունները պարտավոր են աշխատել այդ ուղղությամբ: Ճանաչման պահի ոչ նպատակահարմարության մասին ցանկացած պատճառաբանություն խոսում է չկայացած լինելու մասին, միեւնույն է՝ ով էլ դա ասի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է: Այն ձեւավորել է ճանաչման համար անհրաժեշտ պետական եւ ժողովրդավարական ինստիտուտները: ԼՂՀ ժողովուրդն անցկացնում է ընտրություններ՝ դրանով իսկ հաղորդելով ճանաչում իր ղեկավարությանը: Հենց դա է ճանաչման բարձրագույն ձեւը:

– Ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, երկրում կառավարման մոդել է փոխվելու: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Հայաստանում` կառավարության փոփոխությունից հետո:

– Ուզում եմ հուսալ, որ ապրիլին Հայաստանը կշրջի իր ամենատխուր էջը, հետընթացի, կոռուպցիայի բարգավաճման, ժողովրդի տոտալ աղքատացման, քաղաքացիների` այլ երկրներ արտագաղթելու էջը: Եթե Հայաստանի բարձրագույն քաղաքական իշխանությունը ապրիլյան ընտրությունները չի դիտարկում որպես փոփոխությունների նմանակում, ապա հուսով եմ, որ այդ դեպքում Հայաստանին հնարավորություն կտրվի սկսել մարդկային չափման բոլոր չափանիշներով իսկական առաջընթաց: Ներկայիս կառավարությունը ընդունակ է փոխել իրավիճակը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 22.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031