Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ, միանշանակ ո՛չ»՝ քաղհասարակությունը չի հավատում նորահայտ «ընդդիմադիրներին»

Հունվար 24,2017 23:43

Մի քանի ամիս առաջ որեւէ մեկին ֆանտաստիկայի ժանրից կթվար ՀՀԿ եռանդուն գործիչ, ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի համար տարբեր ընտրություններում ձայներ ապահովող Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը, առավել եւս՝ նրա, ինչպես նաեւ՝ ՀՀԿ իշխանության տարիներին երկարամյա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ՝ ՀՀԿ-ին ընդդիմություն դառնալը:

Սակայն այսօր անհնարինն ակնհայտ է դարձել, եթե, իհարկե, խոսքը պարզ բեմականացման մասին չէ: Ընդդիմության ջահը բռնելու հավակնություն ունի այդ առաքելությունը մի քանի տարի առաջ այդպես էլ չիրականացրած Գագիկ Ծառուկյանը: Քաղաքական ասպարեզում նրա հերթական հայտնությունը՝ ՀՀԿ-ին ընդդիմացողների համախմբման մեջ, նույնպես որոշակի կասկածների տեղիք է տալիս:

Այս գործիչների եւ նրանց՝ իշխանությանը այլընտրանք հանդիսանալու հավակնությունների մասին քաղաքական գործիչները եւ քաղաքագետները արդեն իսկ սկսել են կարծիքներ հայտնել, եւ դեռ երկար կխոսեն: Իսկ մենք ցանկացանք լսել այն մարդկանց ձայնը, ովքեր քաղաքական խաղերին նայում են կողքից՝ դիտորդի կարգավիճակով: Չէ՞ որ հաճախ «կողքի աչքն» ավելի լավ է տեսնում:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում առժամանակ մոռանալ ընդդիմություն բառը. «Հայաստանում քաղաքական դաշտում դեռեւս կուսակցություններն իրենց դասական տեսքով չեն ձեւավորվել։ Գաղափարախոսություն, քաղաքական մոտեցումներ․ այս ամենը սպոնտան է, սիտուատիվ եւ չարտահայտված։ Այդ իսկ պատճառով ես ընդհանրապես ընդդիմություն բառը դեռ չէի կիրառի մեզ մոտ։ Մեզանում կան իշխանություն ունեցող քաղաքական ուժեր, իշխանության ձգտող քաղաքական ուժեր եւ աննպատակ քաղաքական ուժեր։ Նման դասակարգումով, ինձ թվում է, կարելի է մոտավորապես հասկանալ, թե ով ով է։ Ու որ պահին»։

Իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը այդ երեք գործիչների մասին ունի հետեւյալ կարծիքը. «Նրանք ավելի հետադիմական ուժեր են իմ կարծիքով, քան ՀՀԿ-ն: Եթե նույնիսկ ընդդիմադիր են ՀՀԿ-ին, ապա գործող կոռումպացված համակարգին ընդիմադիր չեն»:

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը «Առավոտի» հարցին՝ Հովիկ Աբրահամյանին, Սեյրան Օհանյանին, Գագիկ Ծառուկյանին որպես ընդդիմություն տեսնո՞ւմ եք, պատասխանեց. «Ոչ, չեմ տեսնում։ Նրանցից ցանկացածը մտահոգ է միայն իր շահերի պաշտպանությամբ, այլապես վաղուց հրաժարական տված և Ազատության հրապարակում կանգնած կլինեին։ Բացի այդ, նույն որակի ու տեսակի են, ինչ ՀՀԿ-ականները»։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը այդ գործիչների մասին ասաց. «Ես նրանց համարում եմ եղած ու իշխող քաղաքական համակարգի ներքին շահերի բախման արդյունք, որը շատ նորմալ է։ Ընդդիմություն՝ ո՛չ երբեք…»:

Շատ ավելի կտրուկ էին կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն ու լրագրող Կարինե Քալանթարյանը՝ սահմանափակվելով միայն կտրուկ եւ շեշտադրված «Ո՛չ, միանշանակ ո՛չ»-ով:

 

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031