ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի
ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում
ԵԽԽՎ-ում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` զեկուցողին հայտնում են խորին շնորհակալություն` կատարված լավ աշխատանքի համար: Սակայն այս դեպքում անհնար է հետևել այս ավանդույթին: Շատ զգայուն և խիստ կարևոր այս թեման դարձել է մի գործիք քաղաքական շահարկումների և մարդկանց կյանքի հետ խաղ անելու համար:
Կարճ ներկայացնեմ իրավիճակը: Զեկույցում, 9-րդ մասում արվում է հայտարարություն, որ բացարձակապես իրականության հետ որևէ նշույլ անգամ չունի: Զեկուցողը համոզված է, որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում նշված` մամուլի ազատության պաշտպանություն գոյություն չունի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների այլ տարածքներում», որտեղ նա ի նկատի ունի նաև Լեռնային Ղարաբաղը:
Զեկուցող Արիևն անգամ ծանոթ չէ Մարդու իրավունքների ասպարեզում հետազոտություններ կատարող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, օրինակ Ֆրիդոմ Հաուզի զեկույցներին, որտեղ Լեռնային Ղարաբաղում խոսքի ազատությունը գնահատվում է որպես մեծապես ազատ: Այս տվյալներն, ի դեպ, շատ ավելի լավն են, քան Ադրբեջանում տիրող իրավիճակը, որտեղ մամուլի ազատություն գրեթե չկա:
Կարդացեք նաև
Զեկուցողը անտեսեց այս փաստերը անգամ այն բանից հետո, երբ նրան տրամադրվեց այս տեղեկատվությունը, անգամ ավելին` նա բացարձակապես մերժեց համագործակցության բոլոր եզրերը: Զեկուցող Արիևը ոչ միայն ինքը չհայցեց տեղեկատվություն ուսումնասիրվող տարածաշրջանի մասին, այլ զարմանալիորեն դադարեց նամակներ և հեռախոսազանգեր ստանալ մեզանից այն բանից հետո, երբ մենք առաջարկեցինք հիմնվել ոչ միայն Ադրբեջանական պրոպագանդայի վրա:
Այս խիստ կարևոր թեմային վերաբերող լուրջ և խորը հետազոտություն կատարելու փոխարեն զեկուցողը մտել է քաղաքական դաշտ, օգտագործում է միակողմանի, վտանգավոր բառապաշար, որ մի անգամ մեզ արդեն հանգեցրել են 2016 թվականի ապրիլյան տխուր դեպքերի: Բացատրեմ. Ունենալով ԵԽԽՎ-ի որոշակի աջակցությունը նմանատիպ մի զեկույցի ընդունման հարցում` այս փաստը ևս ազդել է զեկույցի ընդունումից ընդամենը երկու ամիս անց Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ հարձակմանը, երբ օգտագործվեց ծանր հրետանի խաղաղ բնակչության հանդեպ:
Ի դեպ, այս չորսօրյա պատերազմի դեպքերը հենց ռազմական գործողությունների վայրից լուսաբանելու համար Լեռնային Ղարաբաղի հանրապետություն էին մեկնել մեծ թվով հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ. Միայն ապրիլի 1–ից 8-ը այստեղ են եղել 68 լրագրող, 37 լրատվամիջոց, հետագայում նրանց են միացել մոտ հարյուր լրագրող ևս: Այդ թվում` CNN, RAI, Al Jazeera, New York Times, Lifenews, Medusa և այլն: Ձեզանից շատերը, վստահ եմ, որ կհիշեն ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի CNN ուղիղ եթերում: Արդյոք այս փաստը հաստատում է, որ Ղարաբաղում խոսքի ազատություն չկա: Ոչ, սա հաստատում է ճիշտ հակառակը:
Ցավով պետք է փաստեմ, որ առանց ուսումնասիրության վայր մեկնելու և տեղում փաստահավաք գործունեություն անելու զեկույց պատրաստելը դարձել է սովորական երևույթ: Հպարտորեն հիշեցնեմ` մեկ տարի առաջ մենք մերժեցինք նման մի զեկույց, եկեք վերջ դնենք Ժողովրդավարության բնօրրանում այս արատավոր երևույթին: Մենք չենք կարող աչք փակել այն երևույթի վրա, թե ինչպես է Ժողովրդավարության բնօրրանը քայլ առ քայլ վերածվում Կաշառակերության բնօրրանի: Իրականում ես մեծ ափսոսանքով եմ նշում սա, սակայն զեկուցող Վոլոդիմիր Արիևի հարցազրույցը, որում նա ներողություն է հայցում Հեյդար Ալիևից, իր մեծ սերն է արտահայտում Ադրբեջանի նախագահի և նրա երկրի հանդեպ, հաստատում է Ադրբեջանի շահերը ներկայացնելու հարցում զեկուցողի խորը շահագրգռվածությունը:
Եկեք ոչ ոքի թույլ չտանք վտանգելու մեր հեղինակությունը: