Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում այս պահին քննարկվում է ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության անդամ Վոլոդիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը:
Այն պատրաստվել է ԵԽ-ում 2015թ. ապրիլին ստեղծված «Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման պլատֆորմի» գործունեության հիման վրա։
Զեկույցի բանաձևի 9-րդ կետում տեղ են գտել Հայաստանի և ԼՂՀ-ի վերաբերյալ ոչ նպաստավոր ձևակերպումներ:
Մասնավորապես ամրագրված է. «Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում, որ մամուլի ազատության ապահովումը, ինչը սահմանված է նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, բացակայում է անդամ պետությունների այն տարածքներում, որոնք փաստացի վերահսկվում են անջատողական ռեժիմի կողմից, մասնավորապես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը, Վրաստանի Աբխազիան և Հարավային Օսեթիան, Մոլդովայի Տրանսնիստրիան: Ուստի հատուկ ուշադրություն է դարձվում այն հետաքննող լրագրողներին, որոնք հանդգնում են լույս գցել այդ բացարձակ մութ ու ոչ թափանցիկ և անօրեն տարածքների վրա»:
Կարդացեք նաև
Զեկուցողի ելույթից հետո տեղի ունեցող քննարկման ժամանակ քիչ առաջ այս խնդրահարույց դրույթի մասին իր վրդովմունքը հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը` հռետորական հարց բարձրացնելով ինչո՞ւ է այս ձևակերպումը տեղ գտել բանաձևում:
Նա վստահեցրեց, թե դրա պատճառն այն է, որ ադրբեջանական կառավարությունն է դա ուզում, բայց ոչ նրա համար, որ նրանք անհանգստացած են մամուլի ազատությամբ: Այս առիթով պարոն Ֆարմանյանն ասաց. «Նրանք մամուլի ազատության համար մտահոգված լինեին, ապա հոգ կտանեին Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին»:
Մյուս հարցը, որ բարձրացրեց Սամվել Ֆարմանյանը այն էր, թե ինչու է ուկրաինացի պատվիրակը որոշել նման ձևակերպում դնել իր զեկույցում` անգամ չայցելելով Լեռնային Ղարաբաղ, հաշվի չառնելով Freedom House-ի և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների զեկույցները, որոնցում ամրագրված է, որ ԼՂՀ-ում մամուլի ազատության վիճակն ավելի բարվոք է, քան Ադրբեջանում:
Պարոն Ֆարմանյանը նաև հիշեցրեց Արիևի` ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը, որում հայտնում է, որ իր տատիկը ադրբեջանցի է:
Հայտարարելով, որ իրենք չեն գտնվում մարտի դաշտում և ԵԽԽՎ պատվիրակներն արդեն հոգնել են հայ-ադրբեջանական հակամարտությունից, կոչ արեց նրանց կողմ քվեարկել իրենց առաջարկած ուղղմանը և հանել այդ դրույթը բանաձևից:
Ֆարմանյանի ելույթից հետո Արիևը արձագանքեց, թե այդ ելույթը ազգային խտրականություն է պարունակում ու նշեց, թե իր մյուս տատիկն էլ ռուս է, իսկ պապիկը հրեա, բայց, միևնույն է, ինքն իր դիրքորոշումը չի փոխում:
Այնուհետև հայտարարեց, թե հայ պատվիրակը մյուս պատվիրակների վրա ճնշում է գործադրում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ