ՀՀ արդարադատության նախարարությունը հունվարի 24-ին պետական գերատեսչությունների աշխատակիցների համար կազմակերպել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման համար նախատեսված միասնական հարթակի գործարկմանն ու կիրառմանը վերաբերող դասընթաց:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է www.e-draft.am կայք ստեղծելու գաղափարը և նշել, որ այն շահագրգիռ անձանց կամ կազմակերպություններին հնարավորություն կտա ծանոթանալու պետական մարմինների կողմից մշակվող օրենքների նախագծերին, հետևել դրանց ընթացքին, իսկ գրանցվելու դեպքում նաև ներկայացնել դիտարկումներ, ծանոթանալ դրանց ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին:
Սուրեն Քրմոյանը նաև ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի հնարավորությունները և առանձնահատկությունները, ընդգծելով, որ կայքը հնարավորություն է ընձեռում քաղաքացուն օնլայն տիրույթում մասնակցել հանրային քննարկումներին և իր կարծիքը ներկայացնել ինչպես արդեն ընդունված օրենքների, այնպես էլ սպասվող իրավական նախաձեռնությունների վերաբերյալ:
www.e-draft.am կայքն այսօրվանից պաշտոնապես գործարկված է:
ՀՀ արդարադատության նախարարություն