Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից ձեռնունայն չի հեռանում. Արգամիչի դիզած ունեցվածքի մասին

Հունվար 24,2017 19:12

Ինչ բացահայտումներ են արել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ինչ է հայտարարագրել նա պաշտոնապես: Եթե հաշվի առնենք Հովիկ Աբրահամյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը, կարող ենք կարծել, որ, օրինակ, ԱԺ նախագահ եղած ժամանակ նա ավելի հարուստ էր, քան վարչապետ լինելուց: Տարեցտարի նրա պաշտոնը բարձրացել է, բայց եկամուտները նվազել:

«Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ ունեցվածք, մանրամասն օրենքի տառին համահունչ ես ներկայացրել եմ։ Աշխատել եմ այն տարիներին, երբ հողագործությամբ եմ զբաղվել, այն ժամանակ, երբ թույլատրվում էր։ Իմ պաշտոնների ընթացքում, երբ եղել եմ կառավարությունում, Ազգային ժողովի նախագահ, չեմ վաստակել ունեցվածք, ոչ էլ կոռուպցիայի արդյունքում եմ վաստակել իմ ունեցվածքը»,- ԱԺ-ում պատասխանելով Նիկոլ Փաշինյանի քննադատությանը իր ունեցվածքի մասին՝ այսպիսի հայտարարություն էր արել այն ժամանակ դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նաեւ վստահեցրել էր՝ «Ինչ ես ունեմ՝ հայտարարագրել եմ: Ես որեւէ կոռուպցիոն սկանդալի, որեւէ պետական միջոցները չարաշահելու միջոցով հարստություն չեմ դիզել»:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ ՀՀԿ-ից դուրս է գալիս եւ դիմում է ներկայացնելու: Ակնհայտ է, որ նա ՀՀԿ-ից ձեռնունայն չի հեռանում: Եթե հաշվի առնենք Հովիկ Աբրահամյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը, կարող ենք կարծել, որ, օրինակ, ԱԺ նախագահ եղած ժամանակ նա ավելի հարուստ էր, քան վարչապետ լինելուց: Տարեցտարի նրա պաշտոնը բարձրացել է, բայց եկամուտները նվազել:

2014-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել էր 3 բնակարան, 1 ավտոտնակ, 285 մլն դրամ, 2 մլն 40 հազար դոլար, մոտ 6 մլն դրամ աշխատավարձից ստացված եկամուտ եւ այլ եկամուտ՝ 40 մլն դրամ: Իսկ վարչապետի պաշտոնը թողնելուց հետո՝ 2016-ի սեպտեմբերի 28-ին նա ներկայացրել է անհամեմատ ավելի համեստ ունեցվածքի հայտարարագիր՝ նշելով, որ ավելի քան 100 մլն դրամով պակասել են իր միջոցները, ունի 160 մլն դրամ եւ ընդամենը 1.5 մլն դոլար, այսինքն՝ ավելի քան կես մլն դոլար պակաս, քան ուներ ԱԺ նախագահ եղած ժամանակ:

Իսկ թե իրականում ինչ մնաց ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանին, որքան բնակարաններ, հանգստյան տներ, գործարաններ եւ այլ օբյեկտներ՝ այս մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ եւ վկայություններ կան: Նա այս տարիների ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ, եղել է քաղաքապետ, մարզպետ, նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ նա այդ պաշտոնները զբաղեցնելով՝ իր պաշտոնական լիազորությունները չարաշահել է եւ կուտակել ունեցվածք՝ դառնալով Երրորդ հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը: Փաշինյանն ԱԺ-ում հրապարակեց, թե իր ունեցած լուրերով ինչ ունեցվածքի տեր է Հովիկ Աբրահամյանը՝ փոքր կենտրոնում նորակառույց բարձրահարկ շենքի սեփականատեր է եւ փոքր կենտրոնում սրանից բացի շուրջ 20 բնակարան ունի.

«Ըստ լուրերի, Հովիկ Աբրահամյանին են պատկանում մի քանի տասնյակ բենզալցակայաններ եւ գազալցակայաններ Հայաստանի ողջ տարածքում, Արտֆուդ ընկերության 50 տոկոսը, Արարատցեմենտի 30 տոկոսը, մի քանի խաղատներ ՀՀ տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը նա, ըստ օդում կախված լուրերի, ձեռք է բերել 2007-ին՝ 7 մլն դոլարով, ունի հանգստյան տուն եւ 5 հա հող Ծաղկաձորում, Արտաշատի «Սիրիուս» գործարանի շենքը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման ծառայության շենքը, Արտաշատի գաստրոնոմի շենքը, «Արտաշատպլազա» առեւտրի կենտրոնը, Արաքս գետի ափին գտնվող 3 ավազահանքերը, 2500 հա հողատարածքներ Նարեկ, Ուրցաձոր, Քաղցրաշեն համայնքներում եւ այլն: Ըստ լուրերի, այս ողջ ունեցվածքը Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով»:

Ավելի վաղ «Հետքը» հրապարակել էր, թե Հովիկ Աբրահամյանն իր բարեկամներին ու հարազատներին ինչ պաշտոնների է հասցրել տեղավորել, որքան բաժնետոմսեր ունեն տասնյակ ընկերություններում, որքան գազալցակայաններ ու գործարաններ են ձեռք բերել:

Իսկ ավելի պատկերավոր Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի մասին դեռեւս տարիներ առաջ իր բացահայտումներն էր արել առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը՝ հանրահավաքում.

Նա հայտարարել էր. «Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետևյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում և Արարատի մարզի այլ բնակավայրերում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Շուշան says:

    Պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել, այն դեպքում, երբ սենյակում կատու չկա: Նմանաիպ հրապարակումներ և հայտարարություններ Հովիկ Աբրահամյանի ունեցվախքի մասին արվել են ի շարք լրատվականների և քաղաքական գործիչների կողմից, սակայն այնդ ամենը ուղղակի հայտարարություններ էլ մնացել են, քանի որ չեն եղել այդ հայտարարությունը հաստատող որևէ փաստեր: Իսկ եթե չկան փաստեր հետևաբար այդ ամենը չի համապատասխանում իրականությանը:

  2. Կարեն says:

    Չի կարելի Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները հիմք ընդունելով փորձել Հովիկ Աբրահամյանին մեղադրել պաշտոնական դիրքի չարաշահումով ունեցվածք դիզելու մեջ: Քաղաքականությանը հետևող ցանկացած մարդ կփաստի, որ այդ երկու քաղաքական գործիչները փորձում են սևացնել այլ քաղաքական գործիչների դիմագիծը բարձրաձայնելով իրականությանը ծհամապատասխանող մեղադրանքներ, որոնցից որ մեկը առ այսօր չի հաստատվել փաստերով:

  3. Արսեն says:

    Պետական պաշտոնը չարաշահելով ունեցվածք կուտակելու վերաբերյալ հարցին Հովիկ Աբրահամյանը բազմիցս պատասխանել է և ՀՀ Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում տալով կոնկրետ պատասխաններ, ուստ այդքան պատասխաններ ստանալուց հետո բարձրաձայնել կրկին այդ հարցի շոււրջ ուղղակի անիմաստ եմ համարում:

  4. Գևորգ says:

    Եթե Հովիկ Աբրահամյանին ուղղված այս մեղադրանքներից գոնե մերը համապատասխաներ իրականությանը և ապացուցվեր փաստերով ապա վերոնշյան քաղաքական գործիչները ամեն գնով կհասնեին այդ փաստերի բացահայտմանը և չէին սահմանափակվի զուտ հայտարարություններ անելով, որոնց նպատակը բոլորս էլ հասկանում ենք՝ ժողովրդի աջքում իրենց ցածր հեղինակությունը բարձրացնելն է;

  5. Սմբատ says:

    Դե բնականա դուրսա եկել համակարգից, չի հաշտվել տիրող մթնոլորտի հետ ու հիմա կսկսեն քննադատել
    սխալա մտածել ե ով մեր հետ չի մեր դեմա

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031