Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի ելույթից հետո ԵԽԽՎ պատվիրակների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց Թուրքիայի բանտերում տիրող անբարենպաստ իրավիճակին:
Պատվիրակներից մեկը հարց բարձրացրեց` արդյոք նպատակահարմա՞ր է տարեկան 23 միլիոն եվրո հատկացնել Թուրքիային այս ոլորտում բարեփոխումների իրականացման համար, այն դեպքում երբ ուսումնասիրություններն առաջընթաց չեն արձանագրում, ինչն ամրագրված է նաև համապատասխան զեկույցում:
Հանձնակատարը հայտարարեց, թե բարձրացված խնդիրը պետք է հուզի ցանկացած անդամ երկրի. «Մեր բոլորի շահերից է բխում աջակցել Թուրքիային բարեփոխումներ կատարել այս ոլորտում, քանի որ նա մի երկիր է, որը, ինչպես գիտեք, հերթ է կանգնած Եվրամիության անդամակցության համար»:
ԵԽԽՎ պատվիրակներն իրենց ելույթներով պարբերաբար փաստեցին նաև, որ Թուրքիան օրեցօր ավելի է հեռանում եվրոպական արժեքներից:
Կարդացեք նաև
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հարցրեց` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգում նախատեսվո՞ւմ է մուտքի վիզայի վերացում՝ այս ուղղությամբ Արևելյան գործընկերության այլ երկրների` Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ վարվող բանակցությունների օրինակով:
Յոհաննես Հանի պատասխանը հակիրճ էր. «Բանակցություններն ընթացքի մեջ են, մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ բանակցություններում»:
Նշենք, որ քիչ անց ԵԽԽՎ լիագումար նիստի երկրորդ հատվածում վեհաժողովը կքննարկի «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցը: Զեկուցողն է ուկրաինացի պատգամավոր Վոլոդիմիր Արիևը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ