Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 23-ին երկրի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեն են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերը: Հասանովը Կասպրշիկին կոչ է արել «հստակ և առավել լուրջ» քայլեր ձեռնարկել ադրբեջանցի զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուի մարմինը ադրբեջանական կողմին վերադարձնելու ուղղությամբ: ԵԱՀԿ պաշտոնյան իր հերթին վստահություն է հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն, և խնդիրը լուծում կստանա:
Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ էր իրականացրել, ինչի հետևանքով զոհվել էր 3 հայ զինծառայող, իսկ ադրբեջանցի դիվերսանտներից մեկի մարմինը մնացել էր Հայաստանի տարածքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ