Ձմեռային հերթական զորակոչի օրը՝ հունվարի 23-ին, Բերձորում՝ Քաշաթաղի զինկոմիսարիատում, զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանը ներկայացնում է Աղավնոյի բնակչուհի Գոհար Ստեփանյանին, որն իր 4-րդ որդուն՝ Նվերին էր ճանապարհում հայոց բանակ:
Նվերի ավագ եղբայրներից Հարությունը պայմանագրով է ծառայում, իսկ Ռոբերտն ու Շիրակը միասին են բանակ զորակոչվել և այժմ իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ Արցախի պաշտպանական շրջաններից մեկի մարտական հենակետերում:
6 զավակների մայր է Գոհարը, 2 դուստրերն ամուսնացել են: Ավագը՝ Աննան, բնակվում է Աղավնոյում, ունի 6 արու զավակ, որոնցից 5-ը սովորում են գյուղի Գ. Նժդեհի անվ. միջն. դպրոցում: Գագիկ և Գոհար Ստեփանյանների ընտանիքն Աղավնո է եկել Ջերմուկից 1994 թվականին: Կրտսեր որդիները՝ Ռոբերտն ու Նվերը, ծնվել են Աղավնոյում, ավարտել գյուղի միջնակարգը և այժմ հայրենիքի պահապան-զինվոր են:
Բոլոր զինվորներին ու զորակոչիկներին իր մայրական օրհնանքը տվեց Գոհարը և մաղթեց, որ խաղաղ երկնքի տակ ծառայել են իր ու բոլոր հայ մայրերի զավակները: Նվերը չի ուզում օգտվել իրավունքից և ծառայել ավագ եղբայրների հետ:
Կարդացեք նաև
-Եղբայրներս մեր հայրենիքի սահմանի մի հատվածն են պաշտպանում, իսկ ես ցանկանում եմ այլ հատվածում զորավիգ լինել նրանց,-ասում է Նվերը:
Քաշաթաղի շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը այս անգամ ևս ուրախությամբ հայտնեց, որ զորակոչն ընթանում է նախատեսված կարգով, բոլոր զորակոչիկները՝ տարբեր համայնքներից, արդեն տեղ են հասել, անցել վերջնական բուժզննումը, լրացվել են փաստաթղթերը, և պատրաստ են մեկնելու:
Կ. Ալավերդյանը բոլոր զորակոչիկներին խորհուրդ տվեց՝ լինել զգույշ ու ենթարկվել բանակի կարգ ու կանոններին, կատարել հրամանները և ամենակարևորը՝ միմյանց նկատմամբ լինել հարազատի պես: Իրենց նոր պահապանների համար հանդես էին կազմակերպել Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. Դպրոցի (տնօրեն՝ Հ. Արզանյան) 4-րդ դասարանցիները (դասվար՝ Գ. Մաթևոսյան):
Դպրոցի հարևանությամբ է գտնվում Վ. Զատիկյանի անվ. պուրակը, որտեղ՝ Զատիկյանի կիսանդրու մոտ, դպրոցականները հանդես եկան՝ ներկայացնելով Հայոց բանակի պատմությունը, իրենց ցանկությունները բացիկներով բաժանեցին զինվորացու տղաներին:
Հնչեցին բանակին ու զինվորին նվիրված երգեր, որի ընթացքում աշակերտներն ու զորակոչիկները միասին պարեցին: Պարով ելույթ ունեցան նաև դպրոցի բարձր դասարանների աշակերտները, ովքեր Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի սաներ են: Ընթացքում զրուցեցի զորակոչիկների, նրանց ուղեկցող ծնողների հետ:
Երիցվանքի դպրոցի տնօրեն Վարդիթեր Սաֆյանը երկրորդ որդուն՝ Կարենին էր ճանապարհում բանակ: Ավագ որդին՝ Սերյոժան, ամռանն է զորացրվել. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Այժմ աշխատում է դպրոցում: Կարենը պատրաստ է դառնալ զինվոր: Ընկերը՝ Կումայրիից Մեսիա Բոյանիը, նույնպես զորակոչիկ է, և ցանկանում են միասին ծառայել:
-Ամենակարևորը, որ ուրախ ենք բանակ մեկնում,-ասաց Կարենը, -փոխարինելու եմ ավագ եղբորս, կծառայեմ նրա նման: Բոլորիս մաղթում եմ բարի ծառայություն, մեր ծնողներին՝ համբերություն:
Կերեն համայնքից Սոս Փարսադամյանը Սամվել որդուն է ճանապարհում: Համոզված է՝ Կապանի պոլիտեխնիկում ուսանող որդին նաև լավ զինվոր է լինելու: Ինչպես ընդունված է՝ Քաշաթաղում յուրաքանչյուր զորակոչ ավարտվում է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մոմ վառելուց հետո; Այս անգամ ևս զորակոչիկներն ու նրանց ուղեկցող հարազատներն ու բարեկամները, ընկերները եկեղեցում մոմ վառեցին, դիմեցին Աստծուն, որ զորավիգ լինի հայ զինվորին, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին: Եկեղեցու բակից դեպի Ստեփանակերտ մեկնեց ավտոբուսը՝ տանելով Հայոց բանակի նոր զինվորներին, ովքեր հավաստիացրեցին՝ ամուր են պահելու սահմանը Հայոց:
Զոհրաբ Ըռքոյան