2016 թ. դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստորագրեցին համատեղ հուշագիր, որի հիման վրա ստեղծվեց «Ելք» դաշինքը: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին այս կուսակցությունները մասնակցելու են որպես միասնական դաշինք:
Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը նշեց, որ ինքը ողջունում է դաշինքների ստեղծման գաղափարը. «Ես ողջունում եմ դաշինքային ձևաչափը, բայց նաեւ կուզենայի, որ ավելի լայն շրջանակ ներգրավվեր այդ դաշինքում: Որքան տեղյակ եմ՝ դեռ մյուս կուսակցությունների հետ բանակցություններ են ընթանում, գուցե ավելանան, գուցե այսպես էլ մնա: Ես այս դաշինքում, օրինակ` կուզենայի տեսնել նաեւ «Ժառանգություն», ԳԱԼԱ, ՀԱԿ կուսակցություններին»:
Ա. Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիրը» դեռեւս վերջնականապես չի հստակեցրել է ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում իրենց ցուցակը. «Դեռ քննարկումներ են տեղի ունենում, հստակություն չկա: Բայց համամասնական ցուցակում կլինի իմ անունը, Անդրեյ Ղուկասյանի անունը կլինի: Հավանաբար Անդրեյ Ղուկասյանը կլինի նաեւ ռեյտինգային թեկնածու: Բայց սա դեռ հստակ չէ, կոնկրետ որոշում չկա»:
Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են ազդեցություն թողնել Վանաձորում տիրող իրավիճակի վրա, եւ վերջապես ավագանու նիստեր գումարվեն, Ա. Խաչատրյանը հորդորեց «Ժամանակից առաջ չընկնել», միաժամանակ նշելով, որ ինքը խնդրի լուծման մի քանի ճանապարհ է տեսնում. «Կամ պետք է լուծարվի ավագանու գործունեությունը, կամ Հանրապետական կուսակցությունը պետք է որոշում կայացնի՝ քաղաքապետը հրաժարական տա, կամ էլ ընտրություններից հետո չգիտեմ ինչ իրավիճակ կարող է ստեղծվել, ինչ արդյունքներ կլինեն: Գուցե կոալիցիա կստեղծվի, գուցե կարողանան քվորում ապահովել եւ շարունակեն իրենց գործունեությունը: Թե դրանցից, որ տարբերակը կլինի, դժվար է այս պահին ասել: Եկեք ժամանակից առաջ չընկնենք, կապրենք կտեսնենք»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջի