Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարզ է, որ այնպիսի անձ, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է, չի կարող լինել ընդդիմություն». Լարիսա Ալավերդյան

Հունվար 24,2017 16:14

«Հովիկ Աբրահամյանի դուրս գալը, ուրիշ տեղ մտնելը, եթե բոլորն ասում են, որ դա ուղղակի իմիտացիա է, ես կարծում եմ, որ կան խմբակային եւ անձնական շահեր, որոնք այդ նույն նյութական հողի վրա կարող են առաջացնել անհամաձայնություններ կամ ինչ-որ մեկի վիճակը, դիրքերը փոխվեն: Բայց պարզ է, որ այնպիսի անձ, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է, չի կարող լինել ընդդիմություն»,- մեզ հետ զրույցում ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալու մասին հայտարարությունն այսպես մեկնաբանեց մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Մեր դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանն էլ իշխանության մաս էր, բայց պաշտոնաթող լինելուց հետո ընդդիմության շարքերն անցավ՝ Լարիսա Ալավերդյանն արձագանքեց. «Ես շատ հարգում եմ Սեյրան Օհանյանի անցած ճանապարհը: Ես տեսել եմ իրեն այսպես ասած աստղային պահերին, եւ ուղղակի ասում եմ՝ շատ դժվար եմ պատկերացնում պետական գործիչ Սեյրան Օհանյանին հիմա որպես քաղաքական գործիչ»:

Լարիսա Ալավերդյանը դժվարանում է ասել՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի դուրս գալը պայմանավորված է Սերժ Սարգսյանի սցենարո՞վ: Ըստ նրա, պարզապես մեր քաղաքական դաշտը շատ հեղհեղուկ է եւ սա դրա արդյունք է. «Մեր քաղաքական դաշտը դեռ շատ հեռու է քաղաքական դաշտ կոչվելուց՝ դասական առումով: Առայժմ դա խմբեր, անձեր, խմբավորումներ են: Պայծառ անուններ կան, բայց ես չեմ կարծում, որ մենք ունենք կայացած, կամ անգամ կայացվող քաղաքական դաշտ: Ներսում կարող են լինել հակասություններ կամ ժամանակավոր շահերը համընկնեն, բայց ես չեմ տեսնում առայժմ քաղաքական ոչ պայքարը, ոչ էլ դաշտը»:

Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո իր խնամուն թողնելով՝ կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին, բայց վարչապետի պաշտոնը թողնելուց հետո անգամ իշխանական դաշտից նրա հետեւից քարեր շպրտեցին, չի՞ կարող Հովիկ Աբրահամյանը հետեւություններ անել դրանից եւ գործել իշխանության դեմ՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Մեզ մոտ քարերը շատ են եւ վիրավորանքներն էլ կրում են զուտ անձնական բնույթ: Ես այստեղ չեմ տեսնում քաղաքական պայքար»:

Ըստ տիկին Ալավերդյանի, Հովիկ Աբրահամյանը վաղուց ազգակցական կապեր ունի Գագիկ Ծառուկյանի հետ, հնարավոր է միանա նրան, բայց դա էլի դուրս է քաղաքականությունից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031