Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի լեռնաշղթայում շահագործվող հանքը մուֆլոնների «երթեւեկությանը» խոչընդոտելու է (Տեսանյութ)

Հունվար 24,2017 15:15

Մեղրիի լեռնաշղթայի վրա, «Արեւիկ» ազգային պարկին հարակից տարածքում նախատեսվող հանքը մուֆլոնների տեղաշարժին կխոչընդոտի: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե մեր երկրում անխնա կատարվող հանքարդյունաբերությունն ինչպիսի վտանգ է հասցնում կենդանական աշխարհին, ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը: Ըստ նրա, հանքի շահագործումը կբերի նրան, որ այս կենդանիները ստիպված կլինեն մեծ դժվարությամբ Զանգեզուրի լեռնաշղթայից տեղափոխվել Մեղրիի լեռնաշղթա:

«Մի կողմից` տնտեսական զարգացում է պետք, բայց մյուս կողմից հանքարդյունաբերությունը չպետք է վնասի բնությանը: Մենք շատ վատ փորձ ունենք հանքարդյունաբերության առումով, որովհետեւ տեսնում ենք ոնց են աղտոտում թե’ գետերը, թե’ շրջակա միջավայրը եւ ոնց են ավերվում որոշ կենդանատեսակների եւ բուսատեսակների ապրելավայրերը: Եվ այդ պատճառով պատասխանատու հանքարդյունաբերության մոդելը պետք է կիրառվի Հայաստանում»:

Կարեն Մանվելյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Այսօր Կարեն Մանվելյանն ու բնապահպանության նախարարության բնության եւ հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը «Արմենպրեսս» մամուլի սրահում ներկայացրին հատուկ պահպանվող տարածքներում տիրող իրավիճակը` վստահեցնելով, որ այդ տարածքների շնորհիվ է, որ որսագողությունը գրեթե զրոյական մակարդակի է հասել, դեֆիցիտ համարվող կենդանատեսակների` բեզոարյան այծի, մուֆլոնի ու ընձառյուծի քանակն էլ` ավելացել:

Կարեն Մանվելյանի ներկայացմամբ, եթե 2005-ին Հայաստանում կար 2000 բեզոարյան այծ, ապա ներկայումս դրանց թիվը 3500-ից ավելին է: Մուֆլոններն էլ 200-ից հասել են 400-ի:

Արամ Աղասյանի խոսքերով, այժմ աշխատանքներ են տարվում «Ջերմուկ» ու «Տաթեւ» ազգային պարկեր հիմնելու ուղղությամբ: Կարեն Մանվելյանի տվյալներով, «Տաթեւ» ազգային պարկի տարածքը, որը նաեւ էկոտուրիզմը խթանելու նպատակով է հիմնադրվում, կազմելու է 10 հազար հեկտար, ինչը նաեւ ապահովելու է կենդանիների ապահով միգրացիան, ապրելավայրերը:

Պարոն Աղասյանը նաեւ  հայտնեց, որ ծրագրերից մեկն էլ բնության հուշարձանները էկոտուրիստական երթուղիների մեջ մտցնելու գաղափարն է եւ դրանց կառավարումը տեղական  համայնքներին հանձնելը.

«Այսինքն` դրանով համայնքները կարող են իրենց մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել»:

Մեր այն հարցին, թե բնապահպանները «Ջերմուկ» ազգային պարկի հիմնումը անիմաստ են համարում, քանի որ հարեւանությամբ շահագործվելու է «Ամուլսարի» հանքավայրը, ինչի հետեւանքով «Կարմիր գրքում» գրանցված մի շարք բուսատեսակներ եւ կենդանատեսակներ արդեն իսկ վնասներ են կրել, պարոն Աղասյանն ասաց` նոր զարգացող երկրի համար, ընդհանրապես հրաժարվել հանքարդյունաբերությունից, այդքան էլ խելամիտ չէ. «Ուղղակի պետք է ժամանակակից մեթոդներ օգտագործել, մաքրման կայանները կարգի բերել, պոչամբարներում մաքրման աշխատանքներ նախատեսել, դրանից հետո ռեկուլտիվացիա կատարել»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031