ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանը ՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների՝ հայերենին տիրապետելու կարգը հաստատելու մասին, բուռն քննարկումների տեղիք է տվել:
Aravot.am-ը ԿԳ նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տեսակ հարցաշարերով են պատգամավորների հայերենը ստուգելու եւ ովքե՞ր են լինելու համապատասխան հանձնաժողովի կազմում:
Իրավաբանական վարչության պետը փաստեց, որ նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ:
Նրա ձեւակերպմամբ, այն թեկնածուն, որը չունի վկայական հայերենի տիրապետման մասին, դիմում է ներկայացնում ԿԳ նախարարություն, երկօրյա ժամկետում ձեւավորվում է հանձնաժողով, համակարգչում զետեղված հարցաշարից թեկնածուի ներկայությամբ ձեւավորում է 30 հարցից բաղկացած թեստ, ու 50 րոպեի ընթացքում ապագա պատգամավորը պետք է 90% -ով հաղթահարի թեստը:
Կարդացեք նաև
Դրանից հետո հանձնաժողովը արձանագրություն է կազմում եւ ներկայացնում նախարարին, որի հիման վրա նախարարը ստորագրում է տեղեկանք՝ քաղաքացու հայերենին տիրապետելու հանգամանքը հաստատելու մասին: Այդ տեղեկանքը պետք է ներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մեր հարցին՝ արդյոք այս գործընթացը կոռուպցիոն ռիսկ չի՞ պարունակում, տիկին Գրիգորյանը պատասխանեց, որ սուբյեկտիվությունը նվազագույնի է հասցված. «Հարցաշարերը նախ հրապարակվելու են, աշխատանքային խումբ է աշխատում, վերջնական տարբերակը վաղը կամ մյուս օրը կզետեղենք կայքում: Հանձնաժողովը կազմվելու է ո՛չ հայերենի մասնագետներից, թեստերն էլ ձեւավորվելու են համակարգչի օգնությամբ: Համակարգիչը միաժամանակ դուրս է բերելու պատասխանները»,-նշեց վարչության պետը: Նաեւ հավելեց, որ նման փորձ առաջին անգամ է կիրառվում, հետագայում կփորձեն կատարելագործել եւ թեստերը, եւ ստուգման գործընթացը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ