Սամվել Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. ապրիլի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի 86 շենքին հարակից հատվածում մսի վաճառքով զբաղվող իջեւանցի եղբայրներ Գագիկ եւ Համբարձում Բեգլարյաններից միս գնելու ժամանակ, իր կնոջ ներկայությամբ հայհոյանքներ տալու համար նկատողություն է արել Համբարձում Բեգլարյանին, պահանջելով, որ նա հեռանա այդտեղից:
Գագիկ Բեգլարյանը միջամտել է, Ս. Ստեփանյանի հետ վիճաբանություն է առաջացել:
Վերջինս չհանդուրժելով իրեն վիրավորելու հանգամանքը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից դրդված՝ խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ՝ մի քանի րոպե տեւողությամբ հայհոյանքներ է հնչեցրել, դիտավորությամբ ջարդել Գ. Բեգլարյանին պատկանող էլեկտրական կշեռքն ու վաճառքի ենթակա միսը գետին թափել:
Ս.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ինչը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»):
Կարդացեք նաև
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ս.Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ