Այսօր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով առաջիկա համապետական ընտրություններին տեսախցիկներ տեղադրելու հարցում առաջացած խնդիրներին, ասաց. «Մենք խոսում ենք համալիր բարդ գործի մասին, որը պետք է իրականացվի սեղմ ժամկետում: 2016-ի վերջին ամիսը հաջող ջանքերով նշանավորեց այն մասով, որը վերաբերում է ընտրողների նույնականացման տեխնոլոգիային, որը արդյունավետ վերցրեց եւ ի կատար ածեց ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Դոնորների, ՀՀ կառավարության ներդրած գումարները այդ փաթեթի մեջ ներառվեցին, որ այն ամենը, ինչ խոստացվել է, հավուր պատշաճի ի կատար ածվի: Կառուցողական է այն մոտեցումը, որը ցուցաբերել են կառավարությունից մեր գործընկերները, առանց նրանց մենք ի վիճակի չենք լինի այդ գումարը ԵՄ-ից փոխանցել: Մենք լիահույս ենք, որ ընտրողների նույնականացման տեխնոլոգիան փետրվարին կհասնի Հայաստան եւ կփորձարկվի, որ պատրաստ լինի ընտրություններին: Տեսախցիկների մասով քննարկումը շարունակվում է: Փաստ է, որ հայտատուն՝ մրցույթի մասնակիցը առաջարկել է պահանջկոտ պարամետրերի դիմաց գին, պարամետրեր, որոնք չափազանց մեծ են՝ ֆինանսավորումը հաշվի առնելով: Ես լավատես եմ, որ այդ ընկերության հետ լուծում կգտնվի, որը ընդունելի կլինի կուսակցությունների համար եւ այդ ընկերության համար: Մենք կոչ կանենք, որ խելամիտ կոմպրոմիս գտնվի: Մենք գիտենք, որ լուծումը կատարյալ չի լինելու, 100 տոկոսանոց երաշխիք չի կարող տալ ոչինչ, որ սողանցք չմնա, բայց եթե նույնիսկ այն կատարյալ չէ, պետք է ձգտել դրան»:
Հարցին՝ տեղեկություն կար, որ տեսախցիկների համար հայտեր չեն ներկայացվել, բայց դուք խոսեցիք մեկ հայտատուի մասին, ինչ պահանջներ է նա ներկայացրել, որ համաձայնության չեն գալիս, բացի այդ, կան լուրեր, որ տեսախցիկների ձեռքբերման համար իշխանությունները ԱԱՀ են ուզել՝ Պյոտր Սվիտալսկին պատասխանեց, որ քննարկումներին ինքը չի մասնակցում, բայց տեղյակ է, որ ինտենսիվ քննարկումներ են լինում. «Պետք է գտնվի լուծում, որը ձեռնարկությունը կարող է իրագործել: Տեխնիկական տարբեր տարբերակներ կան, հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ լուծում պետք է գտնել մինչեւ գոնե շաբաթվա վերջ: Ինչ վերաբերում է ԱԱՀ-ին, ԵՄ-ն ՀՀ-ի հետ ունի համաձայնագիր, որով մեր բոլոր պրոյեկտները ազատված են ԱԱՀ-ից: Կարծում եմ, այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, կարող է նույնպես համարվել ԵՄ-ի ծրագիր: Կառավարության դիրքորոշումը այս հարցում բավականին կառուցողական է»:
Հարցին՝ եթե մեխանիզմները չլինեն, դա կանդրադառնա՞ ԵՄ-ՀՀ հարաբերությունների եւ համագործակցության վրա՝ նա պատասխանեց. «Լավ, արդար, թափանցիկ ընտրությունները կօգնեն, որ համագործակցության նոր հնարավորություններ գտնենք եւ ստեղծվի լավ մթնոլորտ՝ մեր ապագա շփումների համար: Մենք այնքան ներդրում ենք արել ոչ միայն փողի, այլ նաեւ քաղաքական օժանդակության տեսքով եւ հստակ շահ ունենք»:
Հարցին՝ ընտրապայքարը ինչպես կգնահատեք, օրինակ` այն, որ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը անցել է ընդդիմադիր դաշտ՝ Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Մեզ համար կարեւոր է գործընթացի մաքուր բնույթը, ոչ թե բովանդակությունը: Մենք տեսակետ չունենք այս կամ այն քաղաքական գործչի վերաբերյալ, մենք որեւէ կապ դրա հետ չունենք, դա զուտ հայաստանյան խնդիր է»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իրենց հետաքրքրում է քաղաքական կոռուպցիայի կանխարգելումը, ընտրակաշառքն օրենսդրությունն արգելում է, մնում է այն իրականացնել. «Ընտրական օրենսգրքում լավ նորմեր կան, որ արգելում են վարչական ռեսուրսների օգտագործումը, որոնք միջազգային չափանիշներին համահունչ են, բայց կարեւոր է այդ դրույթների կիրարկումը»:
Նա ասաց, որ իրենք ամենայն ուշադրությամբ պետք է հետեւեն, որ անցյալից իրենց հայտնի բոլոր ընտրախախտումները չկրկնվեն. «Մենք լիահույս ենք, որ մեխանիզմը, որը ներդրվում է, կօգնի վատ երեւույթների կանխարգելմանը: Որպես ԵՄ, մենք մեր ողջ ուշադրությունը կենտրոնացնում ենք, որպեսզի հետեւենք զարգացումները, դիտենք: ԵԱՀԿ-ն պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել,, կլինեն կարճաժամկետ, երկարաժամկետ դիտորդներ, բոլոր գործիքները կունենանք, որ գնահատենք գործընթացի արդարությունը՝ գործընթացի առաջին օրից սկսած:
Անդրադառնալով դիտորդների եւ լրագրողների թվի սահմանափակմանը տեղամասում՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, որ մտահոգություններին տեղյակ են. «Այդ դեպքերը նախատեսված են տեղամասերում քաոսային իրավիճակները բացառելու համար: Ընտրությունների սահուն անցկացման պատասխանատվությունը միշտ կրում է կառավարությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ