Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջանակային համաձայնագրի ստորագրումը վերջին փուլում է, այն լուրջ իրադարձություն կլինի 2017-ին». Սվիտալսկի

Հունվար 24,2017 13:41

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց, որ հավանաբար 2017-ին արդեն վերջնականապես կստորագրվի ԵՄ-ի հետ Շրջանակային կոնվենցիան. «Համագործակցության հանձնաժողովի նիստ տեղի ունեցավ Բրյուսելում եւ տեղի ունեցան բանակցությունների 6 շրջափուլեր, որը վերաբերում են շրջանակային նոր համաձայնագրի քաղաքական մասին: Փորձագետները մասնակցել են նաեւ Շրջանակային համաձայնագրի այլ դրույթների քննարկմանը»:

Արդյոք այդ բանակցությունների փուլը կարո՞ղ է լինել վերջնական՝ Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Ակնկալում ենք, որ այս դրական գործընթացը 2017-ին կպահպանվի եւ արդյունք կձեւավորվի: Հեռանկարը բավական լավատեսական է, շատ ծանր աշխատանք է իրականացվում, բանակցությունների վերջին փուլն է: Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունը վերջնական տեսքի բերելն ու ավարտելը լուրջ իրադարձություն կլինի 2017-ին: Ակնկալում ենք, որ ավարտին կհասցվեն գործընկերության առաջնահերթությունների ձեւակերպումները»:

Ըստ նրա, այս կարեւոր փաստաթղթերը՝ սկսած Շրջանակային փաստաթղթից, կարող են նոր որակ հաղորդել. «ԵՄ-ի համար կա 5 գերակա ուղղություն՝ ընտրական գործընթացը, բավականին լուրջ աջակցություն գումարի տեսքով ԵՄ-ն արդեն հատկացրել է, երկրորդ՝ ցանկանում ենք մեր քննարկումները շարունակել ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ՝ նոր կառավարության արած հայտարարությունների հիման վրա, երրորդ գերակա ուղղությունը մնալու է համագործակցությունը եւ աջակցությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 15 մլն եվրո՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ եւ աշխատելու ենք, որ բնակչությանը տեսանելի լինեն արդյունքները:

Հաջորդ ուղղությունն է մարդու իրավունքների հետ կապված բյուջետային օժանդակության պայմանագրի իրականացումը, եւ 5-րդ կարեւոր ուղղությունն է, որ քննարկենք, թե ինչպես ամրապնդենք պետական համակարգի անկախությունը: ԵՄ-ն դատական համակարգի անկախության համար ավելի քան 15 մլն եվրո է հատկացրել, ավելի քան 10 մլն-ի էլ նոր պայմանագիր է ստորագրել»:

Հարցին՝ որո՞նք են այն խոչընդոտները, որ հենց վաղը Շրջանակային կոնվենցիան չի ստորագրվում, հայկական կողմի՞ց են այդ խոչընդոտները ստեղծվում՝ Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «ԵՄ չափանիշներով Շրջանակային կոնվենցիայի բանակցությունների տեմպը շատ բարձր է եղել եւ շատ կառուցողական: Սովորաբար նմանատիպ երկկողմ բանակցությունները ավելի երկար են տեւում: Միգուցե հայկական դիտանկյունից այլ տպավորություն է, բայց ԵՄ-ի դիտանկյունից այս բանակցությունները շատ արագընթաց են՝ հաշվի առնելով հանդիպումների հաճախությունը, երկխոսության տեմպը՝ ճեպընթաց է եղել: Դեռեւս չլուծված են որոշ խնդիրներ, որոնք քաղաքականապես այդքան դժվար լուծելի կամ կասկածելի չեն: Մենք կասկածի տակ չենք առնում այդ հարցերի լուծելիությունը՝ խելամիտ ժամկետում: Գործադրվող ջանքերը շատ լուրջ են, կառուցողական եւ անկեղծ»:

Նա հիշեցրեց, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելիս խնդիրները կապված են եղել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հետ, իսկ հիմա որեւէ խնդիր չկա եւ Պյոտր Սվիտալսկին կասկած անգամ չունի, որ Շրջանակային կոնվենցիան կստորագրվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031