Երեկ գիշեր Արցախի Մարտակերտի շրջանում զոհվել էր 22-ամյա զինծառայող Կարեն Ուլուբաբյանը։ Կարենի հայրն ու հորեղբայրը նույնպես զոհվել են Մարտունիում՝ Արցախյան պատերազմի ժամանակ։ Դաժան եւ շատ ցավալի ողբերգություն է։ Ոչ մի սփոփիչ խոսք հնարավոր չէ ասել։
Սակայն ոչ պակաս ու դաժան ողբերգության է նախօրեին տեղի ունեցել նաեւ Երեւանում։ Կեսգիշերին Էրեբունի թաղամասում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ըստ Shamshyan.com-ի, բախվել էին երեք մեքենա՝ «Օպել», Մերսեդես» եւ «Լեքսուս»։ «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց եւ այնտեղ մահացել։
Վթարի մեղավոր է հանդիսացել «Լեքսուսի» վարորդը, որը դեպքի վայրից փախել է։ Ավելի ուշ պարզվել է, դա եղել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 18-ամյա ուսանող Ռոբերտ Աբրահամյանը։ Վերջինս Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ Արտեմ Աբրահամյանի որդին է։ Ըստ Գագիկ Շամշյանի, վարորդական իրավունքի վկայականը ստացել էր դեպքից ընդամենը 3 օր առաջ՝ իր ծննդյան օրը։
Բնականաբար, այս երկու ողբերգությունն էլ երեկ համացանցում արձագանքների տեղիք տվեցին։ Սակայն եթե զինծառայողի մահը բոլորը սգում էին, հայտնում իրենց վիշտը, ցավ ապրում, ապա երկրորդ դեպքում մարդիկ զայրույթից պայթում են։ Մարդիկ չեն հասկանում, ինչպե՞ս կարող է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալը 100 կամ 120 հազար դոլարանոց «Լեքսուս» ձեռք բերել։ Կամ ի՞նչ է մտածել, որ այդ մեքենան վստահել է ընդամենը մի քանի օրվա վարորդական իրավունք ունեցող 18-ամյա տղային։
Կարդացեք նաև
Այս երկու ողբերգությունները մեր երկրում սոցիալական հսկայական բեւեռացվածության ցայտուն օրինակ են, երբ մեկը իր ընտանիքը պահելու համար հայրենիք է պաշտպանում, կյանքը չի խնայում, մյուսը իր եւ իր զավակի էլիտար հաճույքների համար ուրիշների կյանքը չի խնայում։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում