Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունները վտանգներով են լի». արաբագետ Սարգիս Գրիգորյան

Հունվար 24,2017 12:50

«Ցավոք, Աստանայում ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի նախաձեռնությամբ անցկացվող բանակցությունները Սիրիական հակամարտության լուծման վրա էական ազդեցություն չեն ունենա»,-կարծում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բանակցային սեղանի շուրջը գտնվում են այնպիսի ուժեր, որոնք Սիրիայում ազդեցիկ չեն: Դրանցից մեկ-երկուսին կարելի է առանձնացնել, սակայն մյուսներն էական ազդեցություն չունեն սիրիական զարգացումների վրա:

Արաբագետի բնորոշմամբ՝ ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ կարծես թե համաձայնություն կա: «Փորձ է արվում գոնե բանակցային փուլում կանխատեսելի զարգացումներ մշակել՝ ներգրավվելով այնպիսի ուժերի, որոնք համաձայնվել են գալ ու բանակցել: Բայց սա վտանգներով է լեցուն, քանի որ այն, ինչ Աստանայի բանակցություններին զուգահեռ տեսնում ենք Սիրիայում, բավականին մտահոգիչ է: Հակասությունները սրվում են հենց Աստանայի բանակցություններին մասնակցելու համատեքստում: Սիրիայում գտնվող ուժերը՝ իսլամականները, քրդերը, որոնք բավականին ազդեցիկ են, քննադատում են այն կառույցներին, որոնք մասնակցում են բանակցություններին: Իսլամականներն, օրինակ, գտնում են, որ սխալ է Բաշար Ասադի վարչակարգի հետ բանակցելը եւ իրենք շարունակելու են պայքարը»,-նկատեց Սարգիս Գրիգորյանը:

Բացի այդ, արաբագետի բնորոշմամբ՝ Սիրիայի քրդական ամենազդեցիկ ուժ՝ «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, նեղսրտել է, որ իրեն չեն հրավիրել Աստանա, փոխարենը՝ մասնակցում է ոչ ազդեցիկ քրդական ուժ: «Թուրքիայի անմիջական միջնորդությամբ «Դեմոկրատական միություն»-ը չհրավիրվեց բանակցություններին»,-ընդգծեց Սարգիս Գրիգորյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե որքանով է հավանական Սիրիայի բաժանումն ազդեցության  գոտիների միջեւ: «Դա արդեն իսկ հավանական է, այդ գոտիներն արդեն առկա են եւ գտնվում են թուրքական զինուժի, քրդերի, ԻՊ-ի, ընդդիմադիր այլ ուժերի վերահսկողության տակ: Հիմա էլ եթե դիտարկենք քարտեզը, ապա ակնհայտ է այդ ազդեցության գոտիների բաժանումը»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031