Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը «իր քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակով անակնկալ այցով մեկնել է Մոսկվա», ինչի պատճառով էլ չի մասնակցել ՀՀ ԳՄ այս տարվա առաջին նիստին։
Նույն օրվա ընթացքում լուր եղավ, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։
Առաջին հայացքից անարժանահավատ թվացող սույն լուրը շաբաթ օրը կայքերից մեկին տված մեկնաբանությունում հաստատել է ինքը՝ Աբրահամյանը։ Նա ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել իր նախաձեռնությամբ. «Սոչիում բիզնես գործունեություն իրականացնող մեր հայրենակիցներից մեկը գործնական խնդիրներ ուներ, եւ ես դիմեցի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Անատոլիչին, որպեսզի օրենքի շրջանակներում աջակցի մեր հայրենակցին»,- ասել է Աբրահամյանը։
Ճշտող հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվել են, թե՝ ոչ, Աբրահամյանը արձագանքել է. «Ոչ, ներեցեք, ավելի չեմ կարող պատասխանել»։
Կարդացեք նաև
Աբրահամյանի Մոսկվա կատարած անակնկալ այցի, Մեդվեդեւի հետ հանդիպման մասին տեղեկացրած կայքը երեկ հերթական ուշագրավ լուրն է հրապարակել։ Ըստ այդմ, արտերկիր կատարած այցերից մեկի ժամանակ «խաչվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի թռիչքային ուղղությունները, նրանք հանդիպել են ինքնաթիռում եւ մոտ 40 րոպե առանձնազրույց ունեցել»։ Տողատակում խոսքը կարծես թե Մոսկվայի այցի մասին է։
Հովիկ Աբրահամյանի հունվարի 19-ի այցը եւ Մեդվեդեւի հետ հանդիպումը, թերեւս, պետք է դիտարկել 2015-ի իրադարձությունների շարունակության համատեքստում։ Փորձագետները Աբրահամյանի այցի առիթով հիշեցնում են, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել հենց ՌԴ իշխանության անմիջական մասնակցությամբ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության», ինչպես նաեւ՝ Սահմանադրական հանրաքվեն խոչընդոտելու փորձերի տապալումից հետո։ Արդյունքում՝ Աբրահամյանն ըստ էության դուրս մղվեց քաղաքական գործընթացներից։ Հիմա, ըստ այդ վերլուծությունների, իրավիճակ է փոխվել. Գագիկ Ծառուկյանն է վերադարձել, եւ դրանով պայմանավորված՝ Մոսկվայի մարդը համարվող Կարեն Կարապետյանի ծրագրերում խառնաշփոթ է առաջացել։
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում