Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ադրբեջանական պատվիրակության անդամները կրկին բարձրացրին ԼՂՀ հակամարտության խնդիրը: Վեհաժողովը հյուրընկալել էր Կիպրոսի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Իոաննիս Կասուլիդեսին:
ԱԳ նախարարի հետ հարցուպատասխանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը, հիշատակելով, որ 2017-ը միջազգայնորեն հայտարարված է որպես ընտանիքի տարի, կարծիք հայտնեց, որ ԵԽ-ն խոշոր հաշվով 47 երկրների ընտանիք է և ընդունելի չէ այն, որ այդ ընտանիքի անդամ երկրների միջև լինեն հակամարտություններ: Հուզական դիտարկումներից հետո ադրբեջանցի պատվիրակը հարց բարձրացրեց՝ ի՞նչ քայլեր կարող են ձեռնարկվել ԵԽ-ի կողմից, որպեսզի կառույցն «իրականում դառնա 47 անդամ երկրների ընտանիք»:
Հուզական հարցին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը տվեց չոր պատասխան. «Եվրոպայի խորհուրդը չունի հակամարտություններ լուծելու մանդատ»:
Այնուհետև շարունակեց. «Այդ հարցի լուծումը վերագրված է միջազգային այլ կառույցներին: Չնայած այդ հանգամանքին՝ մենք պետք է վստահ լինենք, որ Եվրոպայի տարածքում ապրող բոլոր մարդիկ կարողանում են օգտվել ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության գործիքներից, մասնավորապես՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայից: Եվ ԵԽ-ի խնդիրն է անդամ երկրների միջև ապահովել համագործակցություն և երկխոսություն: Հենց ասվածի վկայությունն է այն, որ անցյալ տարի ԵԽ գլխավոր քարտուղարը փաստահավաք առաքելություն ուղարկեց Ղրիմ: Կարծում եմ դա կլինի մի քայլ առաջ, որով ԵԽ մոնիտորինգային կառույցները մուտք կունենան Ղրիմ»:
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ Կիպրոսի ԱԳ նախարարը փաստեց, որ Ղրիմը Եվրոպայի տարածքում միակ հակամարտությունը չէ և նույնը վերաբերում է նաև մյուս հակամարտություններին: Նա փաստեց, որ այս հարցերը քննարկվել են նաև մայիսին Սոֆիայում կայացած ԵԽ նախարարների կոմիտեի նիստին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ