«Թեեւ ես արդեն վաղուց հայկական հեռուստատեսություն չեմ դիտում, պետք է նշեմ, որ հնդկական կինոն Հայաստանում ավանդաբար մեծ հանդիսասրահ է հավաքել, եւ եթե հիմա էլ է այդպես, ուրեմն հանդիսատեսը բնավ չի աճել»,- ասում է Զավեն Բոյաջյանը։
Նա նշում է, որ, իհարկե, լուրջ հնդկական կինո էլ կա, բայց զանգվածային սպառման հնդկական կինոն ծայրահեղորեն պարզունակ է, մանկամիտ, հեքիաթային, օգտագործում է մելոդրամի ամենաշահարկված սխեմաներն ու խաղաքայլերը։ Նշածս կարգի հնդկական կինոն դրամատուրգիայի առումով միշտ ձգձգված է, ծամծմված, ասես նախատեսված է մտավոր շատ համեստ կարողությունների տեր կամ անընկալունակ հանդիսատեսի համար եւ պատրաստ է զոհաբերել դրամատուրգիական կուռ կառուցվածքը, տեմպը, ռիթմը՝ հանուն առավելագույնս հասկանալի լինելու։ Բնականաբար, տեսարանները երկարուձիգ են դարձնում նաեւ սյուժեն առատորեն համեմող երգն ու պարը։
Այսօր հայկական որոշ հեռուստաալիքների հեռարձակած հնդկական սերիալները դիտելիս առաջին բանը, որ աչք է ծակում, դերասանական անբնական խաղն է։ Այս մասին Զավեն Բոյաջյանն ասում է. «Հնդկական կինոյի համար բնականությունը կամ ճշմարտացիությունը չափանիշ չեն. հեքիաթը հոգ չի տանում հավաստիության համար։ Այդ ֆիլմերը, իհարկե, արտացոլում են ոչ թե դասական հնդկական մշակույթը, որի հետ քիչ առնչություն ունեն, այլ
դրանք զանգվածային կինոմշակույթի վառ դրսեւորումներ են, որոնք արդեն տասնամյակների ընթացքում ստեղծել են սեփական առասպելաբանությունը, ոճը, կլիշեները, խաղի կանոնները։ Այս կարգի հնդկական կինոն միշտ հաջողություն է վայելել թույլ զարգացած ասիական երկրներում»։
Կարդացեք նաև
Ըստ Բոյաջյանի՝ հայ հեռուստադիտողը, ինչպես ցանկացած հեռուստադիտող աշխարհի որեւէ երկրում, բազմաշերտ է։ Հեռուստադիտողների մեջ կա պարզունակ պահանջմունքներ ունեցող բավական մեծ զանգված, որը մատչելի, ընկալման համար մեծ ճիգեր չպահանջող հանդիսանքի կարիք ունի, եւ որքան այդ հանդիսանքը վառվռուն է, անրջային, էկզոտիկ, այսինքն՝ իրականությունից հեռու, այնքան քաղցր պատրանքներ է ներշնչում, այսինքն՝ ըստ էության, այս պահանջն իրականությունից փախուստ տալու, էսկեյպիզմի ձեւ է։ Ամեն դեպքում, հարուստ հոգեւոր աշխարհ, էսթետիզմի զարգացած զգացում եւ մեծ արվեստի հետ շփվելու ձգտում ունեցող հանդիսատեսին կամ հեռուստադիտողին հնդկական կինոն չի կարող բավարարել, ինչպես մեծահասակն այլեւս չի կարող գոհանալ հեքիաթի աշխարհով։
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Մարզերում հեռարձակվող 8 հեռուստաալիքներով տարիներ շարունակ ցուցադրվում են ավելի ցածրակարգ ֆիլմեր,սերիալներ քան հնդկականն են:Եւ տարիներ շարունակ էլ մեզ համոզում են,որ հանդիսատեսը այդպիսինն է ցանկանում դիտել:Իբր ավելի լավը կարողանում են նկարահանել բայց հանդիսատեսը չի ուզում?:Նայեք ,,ՇՈՂԱԿԱԹ,,-ի ցուցադրությունները՝արտասահմանյան բարձրարժեք գեղարվեստական,պատմական,փաստագրական ֆիլմեր,դասական երաժշտության ընտրանի,դաստիարակչական հաղորդումներ և այլն:Իսկ մյուսները՝ցածրարժեք հաղորդումներ,որոնք ամբողջ որը համեմված են ավելի ցածրարժեք ինքնագովազդներով,որոնց ժամանակ ձայնը այնքան են բարձրացնում,որ հարևան տանը քնածներն ել են վեր թռնում:
Մի խոսքով՝ճահճափոսում ենք,բայց հպարտանում ենք մեր մշակույթային ժառանգությամբ՝որոնք ստեղծվել են այլ երկրների տիրապետության տակ գտնվելու տարիներին…
Ես համաձայն եմ Զավեն Բոյաջյանի հետ, բայց եթե ընտրության հնարավորություն չկա?
մարզերում 8 ալիք ա, որից մի երկուսը կարելի է նայել, որակն էլ ահավոր ա,դերասանները գալիս գնում են… հետո մի 20 վայրկյանից ձայնն է լսվում
խուլ ու համրերի դարաշրջանում ենք:
Մեր նորանշանակ մշակույթի նախարարն ունենալով հեռուստատեսությունում ապրած մի կյանք ժամանակահատված՝ չի նկատում արդյոք, այլ մշակույթի ու մուղամների,նոր բառերի ներհոսք մեր բառապաշար….հելօ բայբայ չգիտեմ ռամն ձեզ օգնական..աղոթենք սրբերին:
կամ էլ ստիպված
խեղճ գյուղացիները չունենալով յուքոմ-քեչափ կամ կաբելային հեռուստատեսության հնարավորություն պետք է ստիպված Ձիաննննա Գրիգորյանի տափակ սցենարն նայեն առաջնորդներ՝ սանտա բառբառայի վերադարձը:
Մի բան պետք ա անել…բայց ով անի>?