Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարութիկ պապս Անդրանիկի զինվորն է եղել»

Հունվար 24,2017 11:22

Ռաֆիկ Հարությունյան՝ մարդ՝ մանկան անմեղությամբ, բայց եւ տիրական ձեռքով

Ամենազոր ու քմահաճ ժամանակը միշտ էլ մոռացության փոշուց պահում-պահպանում է ճշմարիտ արժեքները, դեմքեր, որոնց կյանքը լույսի շող է ապրողների համար, չսխալվելու, իսկ սխալվելու դեպքում էլ՝ արժանապատվորեն վերագտնելու, մշտապես որոնելու իմաստուն դաս…

Արդեն մեկ տարի է, ինչ մեր կողքին չէ «Նարեկ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ, հայտնի գործարար եւ բարերար, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամ, նորանկախ Հայաստանում բիզնեսի սկզբնավորման լավագույն երախտավորներից Ռաֆիկ Նիկոլի Հարությունյանը:

«Բնությունը նրան օժտել է ոչ միայն ուժով ու պրպտող մտքով, այլեւ շիտակ, ազնիվ ու անկաշառ բնավորությամբ, մարդկային ազնիվ գծերով…»: Դրվատանքի այս խոսքերը հրատարակվել են «Մանկավարժ» թերթում դեռեւս 1967 թ., երբ Ռաֆիկ Հարությունյանը տակավին 22-ամյա պատանի էր, սակայն հասցրել էր արդեն լինել Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն, նվաճել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումը՝ միեւնույն ժամանակ սովորելով Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում:

Վերոնշյալ խոսքերից գրեթե կես դար անց, երբ Ռաֆիկ Հարությունյանն առհավետ փակեց իր աչքերը, բոլորի համար մնաց այդպիսին` վառ անհատականություն, շիտակ ընկեր, օրինակելի ամուսին, հոգատար հայր, հմուտ ղեկավար, մեծ հայրենասեր, իսկ ավագ դստեր` բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանի բնութագրմամբ` «Մանկան անմեղությամբ, բայց եւ տիրական ձեռքով»:

Ռաֆիկ Հարությունյանը՝ 1967թ.

Ռաֆիկ Հարությունյանը ծնվել է 1945 թվականին Արթիկում: Հայրը` Նիկոլ Հարությունյանը, իրավաբան էր, վարել էր տարբեր պաշտոններ, դարձել Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր եւ իր ողջ ուժն ու եռանդը դրել ի նպաստ հայրենիքի: Մայրը` Ամալյա Սուքիասյանը, վաստակաշատ ուսուցչուհի էր:

1967 թվականին՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ դառնալուց հետո, հանրապետական թերթերը սկսեցին գրել Ռաֆիկ Հարությունյանի մասին, որ «Նա արդեն բարձրանում է իր փայփայած երազների աստիճաններով»: Սակայն Ռաֆիկն ուներ մեկ այլ տարերք եւս` ֆիզիկան, որով, սակայն, չսահմանափակվեց:

1968 թվականին՝ ֆիզմաթը փայլուն ավարտելուց հետո, ընդունվեց եւ հաջողությամբ ավարտեց ԵՊՀ ապրանքագիտության եւ առեւտրի էկոնոմիկայի ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

Հասունացել էր պահը կուտակած գիտելիքներն ի սպաս դնելու հայրենիքի բարգավաճմանը, ինչն էլ նա արեց մինչեւ կյանքի վերջը:

Վարեց տարբեր պաշտոններ, այդ թվում` 1968-1970 թթ.՝ Երեւանի կենտրոնական հանրախանութի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար,
1970-1972 թթ.՝ ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմին կից գործող օպերատիվ շտաբի պետ,
1972-1977 թթ.՝ Տեխնիկական էսթետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի փորձնական արտադրության պետ, 1982–1983 թթ.՝ Հայկական ՍՍՀ Առեւտրի նախարարության կոլտնտեսային շուկաների վարչության պետ,
1983-1984 թթ.՝ Հայկական ՍՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի (Պետմատ) մեծածախ առեւտրի կազմակերպման բաժնի պետ, 1984-1985 թթ.՝ Պետմատի մեծածախ առեւտրի եւ ներքին ռեսուրսների մոբիլիզացիայի վարչության պետ,
1985 թ.՝ Պետմատի արտադրանքի մատակարարման պետական վերահսկողության վարչության պետ,
1985-1987 թթ.՝ Պետմատի ժողովրդական տնտեսության մեջ նյութական ռեսուրսների օգտագործման պետական վերահսկողության վարչության պետ,
1987-1988 թթ. Հայկական ՍՍՀ Գների պետական կոմիտեի գների պետական վերահսկողության վարչության պետ,
1988-1990 թթ.՝ Հայկական ՍՍՀ Պետական պլանավորման կոմիտեի գների պետական վերահսկողության բաժնի պետ,
1990-1991 թթ.՝ Տեխնիկայի եւ տեխնոլոգիայի նոր ուղիների զարգացման գծով կադրերի որակավորման բարձրացման միջճյուղային ինստիտուտի տնտեսական գծով պրոռեկտոր,
1991-1992 թթ.՝ Սանկտ Պետերբուրգի «ԼենԳլավՍնաբի» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն:

Ռաֆիկ Հարությունյանը նորանկախ Հայաստանում բիզնեսի սկզբնավորման երախտավորներից է:

Երբ Հայաստանում սկսեցին ձեւավորվել նոր շուկայական տնտեսահարաբերություններ, նորի ու առաջադիմականի ջատագով Ռաֆիկ Հարությունյանը 1992 թ. հիմնադրեց «Նարեկ» ընկերությունը, որպես գործընկեր ընտրելով իտալացիներին: Կապելով հայ-իտալական համագործակցության մի կուռ կամուրջ՝ կարճ ժամանակահատվածում դարձավ Հայաստանում իտալական ճաշակի ջատագովներից եւ մինչեւ կյանքի վերջ փայլուն ղեկավարեց «Նարեկ» ընկերությունը, որն այժմ շարունակում է իր գործունեությունը փորձառու աշխատողների եւ Ռաֆիկ Հարությունյանի ընտանիքի անդամների ջանքերով, հենվելով նրա կարգախոսի վրա` միշտ առաջ, միայն առաջ:
Արսեն Ղազարյան, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ.– «Նորանկախ Հայաստանում 1990-ականների սկզբներին գործարարությունը նման էր փոթորկված ծովի. միայն քչերը գիտեին՝ հանպատրաստից ինչ անել եւ ինչպես։ Այդ բացառիկներից մեկը նախորդ հասարակարգում մեծ շկոլա անցած Ռաֆիկ Հարությունյանն էր, ով դարձավ մեր նոր բիզնեսի առաջին ու հմուտ նավապետերից մեկը։ Նա թեեւ մեր ավագ ընկերն էր, բայց հայրական ջերմությամբ ու բարեհոգությամբ սովորեցնում էր, որ բիզնեսը այն հենման կետն է, որը պիտի զորացնի մեր պետականությունը։ Ինքը հինը քանդողներից չէր, բայց նրանից վերցնելով օգտակարը՝ նորը ստեղծողներից էր։ Նա գործարարներիս համար օրինակ դարձավ ոչ միայն բիզնեսում, այլ նաեւ մարդկային ու գործընկերային հարաբերություններում։ Եվ պատահական չէր, որ մեր Միության գրեթե բոլոր համագումարներում նախագահողը, առաջին արժեւորողն ու գնահատողը ինքն էր՝ հրաշալի ընկեր ու բարերար Ռաֆիկ Հարությունյանը…»:

Զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Ռաֆիկ Հարությունյանն իր գիտելիքներն ու փորձը անմնացորդ նվիրեց հայրենիքի բարգավաճմանը՝ նշանակալից ծառայություն մատուցելով իրեն վստահված բոլոր ոլորտներում, եղավ խստապահանջ իր եւ շրջապատի հանդեպ: Սիրում էր մրցել եւ, ինչպես ինքն էր ասում, հաղթել, ձգտում էր կատարելության: Հաջողության հասավ բոլոր ասպարեզներում: Մինչ խորհրդային տարիներին դրսեւորվեցին հմուտ ղեկավարի նրա բոլոր արժանիքները, նորանկախ Հայաստանում փայլուն գործարար լինելու հետ մեկտեղ ի հայտ եկան բարերարի նրա արժանիքները: Խանդավառվում էր Արցախյան հաղթանակներով, վշտանում պատերազմի զոհերով, տխրությունը փորձում էր փարատել հաշմանդամ ազատամարտիկներին, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օժանդակելով: Իր նպաստն էր բերում անապահով երեխաներին, ուսանողներին, ծերերին, դուռը թակող ու չթակող կարիքավորին: Մշտապես նրա հոգատար ուշադրության կենտրոնում էր իր ծննդավայրը` Շիրակ աշխարհը, որին բազմիցս բերեց իր նպաստը: Խոր հարգանք էր տածում մշակույթի գործիչների հանդեպ, հովանավորում միջոցառումներ, գրքերի հրատարակություններ, համերգներ: Դարձավ ՀՀ Իտալիայի դեսպանատան մշակութային ծրագրերին աջակցող «Իտալիայի բարեկամներ» գործարարների խմբի անդամ:

Բազմակողմանի օժտված անձ էր, նվագում էր դաշնամուր, թառ, կիթառ, շվի: Սիրում էր հայկական դուդուկը Վաչե Հովսեփյանի, Մկրտիչ Մալխասյանի, Գեւորգ Դաբաղյանի կատարմամբ, սիրում էր Սասնա երգերը: «Նախնիներս Սասունից են,- հպարտությամբ կրկնում էր հաճախ,-պապիս եղբայրը` Հարութիկը, եղել է Անդրանիկի զինվորը»:
Այո՛, ամենազոր ժամանակը միշտ էլ հարգում է ճշմարիտ արժեքները, որոնք որքան հեռանում, այնքան ավելի հստակ ու խորունկ են երեւում… Այդպիսին է բացառիկ ու բազմագույն կոլորիտով Ռաֆիկ Հարությունյանը…

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ»

22.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031