ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտի ճառը պատմական էր: Ոչ թե իր քաղաքական բովանդակությամբ, այլ դրա ճչացող բացակայությամբ, ինչը վկայում է, որ աշխարհի միակ գերտերությունը թեւակոխել է մեծ անորոշության ժամանակաշրջան: Եվ պարզ չէ նաեւ, թե այն որքան կտեւի: Ինչպես նաեւ պարզ չէ, թե այդ ժամանակաշրջանից դուրս գալու դիմաց ինչ գին է վճարվելու, եւ ովքեր են վճարելու: ԱՄՆ ներկայիս նախագահն ունի պատմականորեն ամենացածր վստահության մակարդակը՝ 40 տոկոսից էլ ցածր, իսկ հարյուր հազարավոր ամերիկացիներ դուրս են եկել բողոքի ցույցերի:
Գերտերության բնույթն է այդպիսին. «Մեծության գինը պատասխանատվությունն է»,- ժամանակին ասել է Ուինսթոն Չերչիլը: Եվ ամերիկյան քաղաքական դասի համար աքսիոմ է, որ խնդիրը չի կարող սահմանափակվել միայն ներամերիկյան շրջանակներով, եւ դրանից բարձրացած ցունամին կարող է հարվածել Երկրի վրա ցանկացած կետի եւ միջազգային հարաբերությունների համակարգին ընդհանրապես:
Արդեն նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն իր հրաժեշտի ելույթում Ռուսաստանն անվանեց միջազգային ազատական աշխարհակարգի մեծագույն վտանգ: Իսկ ամենաազդեցիկ սենատորների երկկուսակցական խումբը խոստանում է նոր՝ «մահացու» պատժամիջոցների փաթեթ ընդդեմ Ռուսաստանի եւ դրանով իսկ հօդս ցնդեցնել Թրամփի եւ նրա նոր վարչակազմի որոշ դեմքերի ցանկությունը՝ ամեն գնով գնալ գործարքի Մոսկվայի հետ:
Մինչդեռ Մոսկվայի ախորժակի եւ այն բավարարելու հնարավորությունների անհամապատասխանությունն անդառնալիորեն խորանում է: Ինչպես նշում է ռուս տնտեսագետ, պրոֆեսոր Իգոր Նիկոլաեւը, հիմնվելով պաշտոնական տվյալների վրա, ՌԴ Ռեզերվային ֆոնդում մնացել է ընդամենը $16 մլրդ, երբ 2014թ. սեպտեմբերի 1-ին այն կազմում էր $91,7: Իսկ ՌԴ Ազգային բարեկեցության ֆոնդը 71,9 միլիարդ է կազմում, եւ, ըստ տնտեսագետի, այն արդեն այս տարի սպառվելու է ամբողջությամբ՝ ծախսվելով երկրի բյուջեի ահագնացող դեֆիցիտի համալրմանը:
Եթե հաշվի առնենք ամերիկացի օրենսդիրների վճռականությունը, որով նրանք մտադիր են վերջնականապես ծնկի բերել Մոսկվային (իսկ նրանց շարքում են նաեւ Թրամփի մեծ թվով կուսակիցներ), ապա սպասվելիք ֆորս-մաժորները կարող են վրա գալ էլ ավելի շուտ: Անկասկած է, որ ամերիկյան անտառահատը որոշել է կտրել ռուսական փտած ծառը եւ այդ մտքից չի՛ հրաժարվելու, քանի Պուտինը Կրեմլում է: Իսկ ըստ Ստալինի ամենասիրելի ռուսական ասացվածքի՝ երբ անտառը հատում են, տաշեղները թռչում են…
Ամերիկյան երկընտրանքը շատ պարզ է. կամ համակարգը փոխում է Թրամփին, կամ համակարգը դուրս է դնում Թրամփին քաղաքականությունից, եւ անկասկած է, որ ամերիկյան ինստիտուտները միանգամայն ունակ են վաղ, թե ուշ լուծելու այդ երկընտրանքն ի շահ ԱՄՆ պետության եւ հասարակության: Ամերիկյան մամուլն է նորընտիր նախագահին զգուշացնում, որ «այստեղ գործելու են ոչ թե ձեր, այլ մե՛ր կանոնները»:
Կարդացեք նաև
Իսկ Հայաստանն իր հերթին գնում է նոր ընտրություններին ընդառաջ: Գնում է՝ ակտիվում ունենալով բոլոր առումներով ինքն իրեն սպառած, վարկաբեկված, «ռուսական ստանդարտով» գործող «հետխորհրդային» համակարգ, որն այլեւս ենթակա չէ որեւէ «բարեփոխման»: Ավելին, այդ համակարգը դարձել է ռուսական փտած ծառի փտած ճյուղերից մեկը, եւ անիմաստ է հույս ունենալ, թե վրան տերեւներ կաճեն, քանզի դա դեմ է բնության օրենքին:
Եվ քանիսն են Հայաստանի քաղաքական դաշտում պատրաստ հայտարարելու, թե ի՞նչ են անելու, երբ գա այն պահը, երբ Ռուսաստանն այլեւս չկարողանա վճարել Հայաստանին «դարավոր բարեկամության» դիմաց, երբ Հայաստանի՝ «ԵՏՄ առաջ պարտավորությունների» կատարել-չկատարելուց Ռուսաստանին կլինի ոչ տաք, ոչ սառը:
Պարզ է նաեւ, որ ամերիկյան եւ ռուսական անորոշության ֆոնին հայկական անորոշությունը նոր է սկսվում, եւ ապրիլյան ընտրություններով այն չի՛ ավարտվելու՝ անկախ դրանց արդյունքից:
Հայաստանը դեռ բախվելու է «պրոբլեմ-2018»-ին, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, եւ հարցը մնում է բաց. ո՞վ է լինելու իրական իշխանությունը Հայաստանում: Ապրիլյան ընտրությունները նոր Սահմանադրության պայմաններում չեն կարող այդ հարցին պատասխանել: Տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էին շատերը. չկայացած կուսակցությունների, ընտրությունների ինստիտուտի բազմամյա վարկաբեկման պարագայում անցումը խորհրդարանական համակարգի բերելու է ոչ թե իշխանության թեւերի կայացման, նրանց միջեւ իրական զսպումների եւ հակակշիռների համակարգի ձեւավորման եւ ամրապնդման, այլ քաղաքական պատասխանատվության փոշիացման եւ տոտալ քաղաքական անպատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ քաղաքական անմեղսունակություն:
Կյանքը ցույց տվեց, որ ներկայիս համակարգն ի զորու չէ պատասխանելու առկա մարտահրավերներին, եւ ներկայիս փակուղին դրա վառ վկայությունն է եւ ապացույցը: Եվ նույնիսկ մակերեսային հայացքն առաջիկա ընտրությունների գլխավոր դերակատարներին, նրանց «հիվանդության պատմության» էջերը թեթեւ «թերթելով»՝ պարզ է դառնում, որ այն, ինչ պետք է ձեւավորվի ապրիլին՝ ֆունկցիոնալ եւ որակական առումով լինելու է վերափաթեթավորված նույն հինը, եթե դեպքերի այսպիսի ընթացքը չբախվի ինչ-ինչ ֆորս-մաժորի: Բախվելո՛ւ է: Եվ ըստ էության, նույնիսկ կարեւոր էլ չէ՝ լինելու է դա մինչե՞ւ ապրիլը, ապրիլի՞ն, թե՞ ապրիլից հետո, մինչեւ 2018-ի ապրիլ:
Իսկ կյանքը շարունակվելու է նաեւ դրանից հետո: Բարի գալուստ Խռովքի գիրկը:
Գալիս են «հանելու» երկիրն «այս վիճակից»: Եվ գալիս են նույն նրանք, ովքեր եւ ում պատճառով երկիրը հայտնվել է «այս վիճակի» մեջ: Ովքեր հայկական փոքր ծառը կտրում եւ պատվաստում էին ռուսական «մեծ», բայցեւ ի սկզբանե փտած ծառին՝ փչացնելով, չորացնելով այն, իսկ հիմա ուղղակի թերագնահատում են մարդկանց թե մտավոր ունակությունները, թե հիշողությունը…
Այս «քաղաքական պահունակում» եզակի անձինք են, որոնք առանձնապես շատ մեծ շանս չունենալով, այնուամենայնիվ՝ փորձում են քաղաքական բովանդակություն հաղորդել նախընտրական մթնոլորտին: Երեւի թե արժե խնայել ուժերը, «չվառվել» ճանապարհին ամբողջությամբ, քանզի ապրիլով ոչ թե վերջանում, այլ սկսվում է, եւ հասարակության ու քաղաքական գործիչների պարտքն է այս անորոշության փորձությունից եւ Խռովքից նվազագույն գնով ելքեր ապահովելը…
Ֆրանկլին Ռուզվելտը 1933թ. հունվարի 20-ին, ելույթ ունենալով պաշտոնամուտի արարողությանը, նշեց. «Միակ բանը, ինչից մենք պետք է վախենանք, դա ինքնին վախն է. անմիտ, անդեմ, չարդարացված վախը, որը կաթվածահար է անում անհրաժեշտ ջանքերը՝ ուղղված նահանջը հարձակման վերածելու… Մեր ժողովուրդը գործողություն է պահանջում, եւ անհապա՛ղ գործողություններ»:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
22.01.2017