Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմի դարաշրջանը

Հունվար 24,2017 10:15

Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչ «սպառողները» (քաղաքացիները) գնում են: Հայաստանում այդ «ապրանքը» հայտնի է` «ժողովուրդ ջան, էս իշխանավորները քեզ թալանում են, երկիրը կործանում են, դուք աղքատ եք, նրանք հարուստ են, ժողովրդի արյունը ծծում են, այ, որ մենք գանք, ամեն ինչ կդզենք, որովհետեւ մենք ազնիվ ենք, իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին»: Ընդ որում, դա ասում են նաեւ նրանք, ովքեր 10 կամ 20 տարի մեղադրվում էին «արյուն ծծելու» եւ «իշխանությունը զավթելու» մեջ:

Բայց արի ու տես, որ Միացյալ Նահանգներում, որտեղ ՀՆԱ-ի՝ մեկ շնչին ընկնող եկամուտը Հայաստանից 18 անգամ բարձր է, նույնն է: Տեսեք, թե ինչ է ասում ԱՄՆ նորընտիր նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը. «Մենք այժմ ժողովրդին ենք վերադարձնում իշխանությունը, որը երկար ժամանակ իրենց ձեռքում են պահել Վաշինգտոնի քաղաքական գործիչները: Չափազանց երկար ժամանակ Վաշինգտոնի քաղաքական գործիչների ոչ մեծ խումբ բարգավաճել է, այն դեպքում, երբ ժողովուրդը տառապել է: Վերնախավը պաշտպանել է իրեն, ոչ թե ժողովրդին: Նրանց հաղթանակները չեն դարձել ձեր հաղթանակները, նրանց հաղթարշավները չեն դարձել ձերը: Ոչ հարուստ ընտանիքները տառապել են: Երդվում եմ՝ դա կփոխվի»: Այնտեղ էլ են, պարզվում է, «աղքատները» տառապում` չնայած այդ «աղքատների» եկամուտը անհամեմատելի է այստեղի աղքատների եկամտի հետ: Այնտեղ էլ էր երկիրը կործանվում, տնտեսությունը վարի էր գնում, բանակը թուլանում էր: Մի խոսքով՝ ԱՄՆ «հանցավոր ռեժիմը» երկիրը քանդում էր, բայց ահա եկավ «ազգի դարդուցավով տապակվող» Թրամփը, որն, իհարկե, պետության բոլոր խնդիրները կլուծի, հարուստներից (բացի իրենից) ամբողջ հարստությունը կխլի ու կբաժանի աղքատներին:

Այստեղից եզրակացություն. պոպուլիզմն «ուտվում է» ոչ միայն այն ժամանակ, երբ քաղաքացիներն աղքատ են եւ չեն կարողանում մուծել, ասենք, կոմունալ վարձերը: Պոպուլիզմի «մարսելի լինելը» պայմանավորված է ոչ թե ստամոքսի, այլ գլխի դատարկությամբ, ուղեղի ծալքերի սակավությամբ: Իսկ դատարկ գլխով մարդկանց պակաս չկա ոչ մի երկրում, եւ այդպիսիները հեշտությամբ կուլ են տալիս պոպուլիստների խայծը` «ով ժողովուրդ, դու տառապում ես, եւ ես եկել եմ քեզ այդ տառապանքներից ազատելու»: Իրականում` եթե որեւէ մեկը որեւէ պատճառով տառապում է, ապա` միայն իր խելքից:

Պոպուլիզմը կարող է լինել ոչ միայն սոցիալական, այլեւ ազգայնական, ռասիստական` «էս թմրամոլ մեքսիկները եկել-լցվել են մեր երկիր», սեքսիստական` «էս կանայք միայն մի բանի են պետք» եւ այլն: Հիմա մենք ապրում ենք պոպուլիզմի դարաշրջանում. մոտավորապես նույն վիճակն է Բրիտանիայում, Լեհաստանում (որտեղ ղեկավարությունը սարսափելի չի սիրում ռուսներին, բայց կիրառում է պուտինյան քարոզչական բանաձեւերը), Ավստրիայում, Հունգարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում:
Դրա «հակաթույնը» մտավոր վերնախավ ունենալն է, որը կասի` «մարդիկ, մի՛ հավատացեք այդ հեքիաթներին»: Միայն թե պետք է չվախենալ դա ասել:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. henri says:

    Կը ներէք Պ,Աբրահամեան բայց դուք ալ չափազանց “պոպուլիստական –օրէն ներկայացուցած էք
    իրականութիւնը, Միացեալ Նահանգներն ու մինուճար Հայաստանը իրար խառնելով – ստոյգ է որ իւրաքանչիւր պետութիւն իր “”պոպուլիստներն ունի “” նոյնիսկ այսօրուայ Ֆրանսան ուր կը տեսնենք ամէնօրեայ շռայլ խոստումները թեկնածուներուն –բայց կը տեսնենք նաեւ որ թերացող նախարարներ և քաղաքական գործիչներ դատարան և բանտ կը վերջանան,,,մինչ մեզ մօտ բանտարկեալ նախարար չտեսանք տակաւին -ի հարկին աթոռ միայն կը փոխեն կամ նոր կուսակցութիւններ կը հիմնեն ՞՞՞նմանութիւնը միայն երեւութական է ՝ մինչ իրականութիւնը շատ տարբեր,:

  2. gib.gibindus says:

    Նույն հաջողությամբ «մարդիկ, մի՛ հավատացեք այդ հեքիաթներին» շատ ինքնատիպ միտքը կարելի է “կպցնել” այս հոդվածին: Մեկն ասի, թե որտե՞ղ է գրված, որ Թրամփը ասել է “…հարուստներից (բացի իրենից) ամբողջ հարստությունը կխլի ու կբաժանի աղքատներին”:

  3. Հ.Շ. says:

    ԱՄՆ-ի հետ աւելի ի զօրու բաղդատականը՝ ընտրված նախագահին քվէ չտված քաղաքացիների բացարձակ ատելությունն է նրա հանդէպ, անոր հասցէին հնչող անասելի հերյուրանքները, լոկ անարգանքը, անոր տեւական եւ ծայրահեղ վարկաբեկումը, «նա իմ նախագահը չի» եւ նոյնանման լոզունքներով արմատական ու կատաղի բողոքները, եւայլն…

    Կամ ել… չէ… այս բաղդատականն ել լիովին ճիշտ չէ…
    Հայաստանում, նոյնիսկ նախագահին քվէ տվողներ նրա դէմ այդ դիրքը կը բռնեն, ընտրությունից հետո…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031