«Ինչքան փորձեն մեզ ոչնչացնել՝ չի՛ ստացվելու: Չի՛ լինելու իրանց մոտ: Խոսքի համար անազատություն…Սա՛ է արդարությունը Հայաստանում»,- օրերս դատարանում Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն այսպես հասցրեց մինչ մեկուսարան տեղափոխվելը մի քանի բառ փոխանցել հանրությանը: Արթուր Վարդանյանի փաստաբանն ասաց, որ նա չի ընդունում, որ ահաբեկչական ակտ է փորձել իրականացնել:
Aravot.am-ը ուսումնասիրել է Արթուր Վարդանյանի՝ նախկինում տված հարցազրույցները, ձայնագրությունները եւ հայտնաբերել որոշ ուշագրավ հատվածներ, թե ինչպես է նա պատկերացրել իր խոսքերով՝ այս իշխանություններին մաքրելը:
2015 հուլիսին հրապարակված հարցազրույցում
Կարդացեք նաև
Արթուր Վարդանյանը պարզ ասում է, որ վաղը, մյուս օրը, եթե Հայաստանի ներսում մի խումբ երիտասարդներ պատրաստ կլինեն պայքարի ոչ թե որպես կուսակցություն, իշխանության հասնելու, այլ միայն նրա համար, որ Հայաստանը մաքրվի, փրկվի, ամբողջ հայ ազգը ոտքի կկանգնի, ընդ որում, կանխատեսում է՝ «Շատերն են ինձ խորհուրդ տալիս, ասում են՝ երիտասարդ ես, կկործանվես»:
Արթուր Վարդանյանի խոսքերով՝ «Հայաստանը մեր բոլորիս տունն է: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ինքն է տերը Հայաստանի, նա շատ չարաչար սխալվում է: Հայաստանում շատ ժամանակ լսել եմ, որ ասում են՝ ով որ դրսում ա ապրում՝ իրավունք չունի խոսալու, մե՛նք ենք ստեղ ապրում, էսի մե՛ր գործն ա: Այդպիսի բան գոյություն չունի: Մի՞թե երբ նեղության մեջ են լինում՝ սփյուռքահայերը չեն օգնում: Մոնթե Մելքոնյանը սփյուռքից եկավ: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Հայաստանում ինքը մենակ իրավունք ունի խոսելու՝ շատ ուժեղ սխալվում է: Այդ նույն իրավունքն ունեմ ես, դու, բոլորը»:
Խոսելով հայաթափման մասին՝ զինված խմբի ղեկավարն ասում է՝ «Քանի մենք ղեկավարվում ենք այնպիսի մարդկանց կողմից, որոնք ոչ մի խղճի խայթ չունեն, չեն հասկանում անձ բառի իմաստը, մենք ոչինչ չենք կարող անել: Մեր Հայաստանը կգնա կկորի: Մի մեղադրեք այն ավազակին, որը քեզ կողոպտում է: Եթե դու թույլ տաս, այդ ավազակը քեզ միշտ կկողոպտի: Այն մարդը, որն իր ազգի մասին չի մտածում, պատրաստ է իր ազգին, հայրենիքը ծախելով հարստանալ, հայաթափել Հայաստանը, այդ մարդը հայ չի համարվում, չես կարող նրան հայ համարել: Ինչպե՞ս կարող է մեր պետբյուջեն լինի 1 մլրդ 500 մլն դոլար, բայց ունենանք 12 միլիարդատեր, որոնց ամեն մեկի կարողությունը գերազանցում է մեր պետական բյուջեն 3 անգամ: Այդպես ինչպե՞ս կարող է լինել, մարդկային ուղեղում ո՞նց կարող է այդպիսի բան տեղավորվել…Դրսում էլ կա կոռուպցիա, կաշառակերություն, եթե թույլ տանք, որ մեզ դուրս վտարեն մեր երկրից, ինչպե՞ս կարող ենք այդ մարդկանց մեղադրել: Ամենից առաջին մեղավոր մարդը ես ինձ եմ համարում: Ես ոչ իշխանություններին, ոչ օլիգարխներին՝ հաստավզերին, չեմ մեղադրում: Եթե ես թույլ տամ, իրենք ինձ պետք է վտարեն»:
Այդ նույն հարցազրույցում Արթուր Վարդանյանը, կարծես, խոսում է իր պլանների մասին: Իշխանությունների դեմ ժողովրդի համախմբման հնարավորությունների հետ կապված նա ասում է. «Պետք է միայն պայքարել ու ոտքի կանգնել: Ես չեմ ասում հազարավորներ ոտքի բարձրացվեն, ընդհակառակը, պետք է շատ քիչ մարդկանցով համախմբվել՝ իրական, լուրջ մարդկանցով, իհարկե: Թող լինեն խենթ, խենթությունը թերություն չեմ համարում ես: Պետք է միավորվեն՝ առանց որեւէ շահի, հաղթահարվի բոլոր խոչընդոտները»:
Հարցին՝ ի՞նչ պետք է արվի, ի՞նչ լուծում եք տեսնում, նա պատասխանում է՝ «Ես ուժը տեսնում եմ մի խումբ մարդկանց մեջ, որոնք, ես հուսով եմ, շատ շուտով Հայաստանում կանեն էն, ինչ-որ պետք է: Ես ուժը այդ մարդկանց մեջ եմ տեսնում: Ես, որպես հայ, այս պայքարի մեջ եմ մտել, ես երբեք թույլ չեմ տա, որ իմ ազգին հանեմ, իմ ազգին խփեմ: Ընդհակառակը, առաջինը ես կհելնեմ պայքարի: Եթե ինչ-որ մեկը ցանկանա միանալ այդ պայքարին, ես շատ ուրախ կլինեմ»:
Նրա խոսքերով՝ 5 հոգով էլ հնարավոր է հասնել հաջողության. «5 առյուծի դեմ հազար աղվես ու բորենի չեն կարող…Այն մարդիկ, որոնք կողոպտել են Հայաստանը, թե վերադարձնեն իրենց կողոպտածը, Հայաստանը հիմա կդառնա տարածաշրջանի ամենահարուստ պետությունը: Դու հասկանո՞ւմ ես ինչ գումարի մասին է խոսքը, մենք արտաքին պարտք էլ չենք ունենա: Մեր արտաքին պարտքը գերազանցում է մեր պետբյուջեն: Դա չլսված երեւույթ է»:
Արթուր Վարդանյանը մի միջադեպ է պատմում, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա եկել է Հայաստան. «Սեւանի ճանապարհին մեր մեքենան կանգնեցրեցին ինչի՞ համար, որովհետեւ ինչ-որ մի օլիգարխ հաստավիզ էր իր թիկնապահներով անցնում: Ամբողջ մեքենաները կանգնեցրեցին, իմ մեքենան կանգնեցրել են, ասում են՝ տեղիցդ չշարժվես, մինչեւ էս մարդն անցնի իր թիկնապահներով: Ես զարմացա, ասում եմ՝ ի՞նչ անենք 200 մեքենա թիկնապահներով շարժվում են, դա մարդկանց մոտ առաջացնում է վախ: Ես չեմ վախենում, համոզված եմ, որ թիկնապահը ինչ էլ ուզում է լինի, ինչ-որ մի տեղ հայ է չէ՞ մնում: Ո՞վ է էս երկրի ապագան՝ իրե՞նք, իրենց երեխաների հե՞տ, որոնց մեծամասնությունն ապրում է դրսում: Դղյակներ ունեն դրսում, միլիարդներ են ծախսում, հավատացե՛ք, ես էդ ամեն ինչը տեսել եմ: Ես գիտեմ նրանք ովքեր են»:
Հարցին՝ ժողովուրդն ի՞նչ պետք է անի՝ նա ասում է «Պետք է միացվի, պետք է հասկանան, որ ընտրությունները միայն դերասանական խաղեր են, ՀՀ-ում բացի անկախության օրից, ոչ մի իրական ընտրություն չի եղել: Մենք ընտրում ենք մեկին կամ մյուսին, իրականում ոչ մեկը արժանի չէ դրան: Ցույց տվեք մեկին, մի քաղաքական գործչի, որ արժանի է դրան: ԶԼՄ-ները բաժանվել են 2 մասին, կեսը պաշտպանում են Պետրոսին, կեսը՝ Պողոսին, բայց իրականում ժողովուրդը պետք է հասկանա, որ տարբերություն չկա նրանց մեջ»:
Հարցազրույցում նա հայտարարում է, որ Հայաստանը վաճառել են. «Էդ Հայաստանից մենակ Հ տառն է մնացել…Ես չեմ ասում աշխարհի ամենահայրենասեր մարդն եմ, ինձանից հայրենասեր շատերը կան, ինձանից քաջերը շատերը կան, բայց ես ուզում եմ, երբ վերադառնամ, իմ հողին տեր դառնամ: Ես հարստություն չեմ փնտրում: Ես փնտրում եմ մի փոքրիկ տնակ սարի գլխին եւ ազատ ապրելակերպ: Չվախենամ ինչ-որ տեղ գնամ մեքենայով, երկու հաստավիզ գան ինձ մեքենայով շուռ տան, հետո ես ինձ մեղավոր զգամ: Չվախենամ ինչ-որ մեկի մասին խոսելուց, չվախենամ ավազակին ավազակ անվանելուց, գողին գող անվանելուց, անբարոյականին՝ անբարոյական»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
պարզապէս հիշենք թէ երբ որ այս խմբակի անդամները ձերբակալվեցան,
շինծու բան, կեղծիք, «շոու» որակվեցաւ ահաբեկչությունը կանխող պետական գործողությունը
ի դէպ, այդ որակումը արտահայտողներից ոմանք, մի քանի ամիսներ ետք, իրենց կարծեցյալ շոուից անցած իսկական, արյունահեղ արարքի
կը մնա գիտնալ եթէ ասոնք բոլորը միասին գործնական կապեր ալ ունեն…
Is Aravot.am sick?