«Որեւէ մեկի կողմից որեւէ մեկին կոնկրետ առաջարկություն չի եղել, եղել է պարզապես հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ընտրությունների հետ կապված հարցեր»,- Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանն անդրադառնալով՝ Aravot.am-ին ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
Նա չբացառեց Ծառուկյան Դաշինքով ընտրություններին մասնակցելու հավանականությունը. «ՀԺԿ-ն կողմնակից է լայն Դաշինքային համագործակցության եւ Դաշինքով ընտրություններին ներկայանալուն, որ հնարավոր լինի կանխել իշխանության կողմից միշտ կազմակերպվող կեղծարարությունները, բայց վերջնական որոշում չկա: Դաշինքային հարաբերությունների մեջ ենք ՀԱԿ-ի հետ, որի հետ միշտ հանդիպում ենք, միշտ քննարկում ենք ընտրությունների հետ կապված հարցերը, այնպես որ, բոլոր հարցերի պատասխանները կլինեն մինչեւ այս ամսվա վերջ»:
Պարոն Հարությունյանն ասաց, որ Սեյրան-Օհանյան-Վարդան Օսկանյան Դաշինքի հետ որեւէ քննարկում չեն ունեցել, իսկ համագործակցությունն այդ Դաշինքի հետ նույնպես չեն բացառում. «Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց նշված Դաշինքի հետ քննարկում, հանդիպում չենք ունեցել»:
Պարոն Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ՀԺԿ-ում վստահո՞ւմ են արդեն իսկ մի անգամ կարեւոր ու վճռական պահին քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանին, ի պատասխան պարոն Հարությունյանն ասաց. «Չեմ կարծում, որ Ծառուկյանի հեռանալն ու վերադառնալը Սերժ Սարգսյանի հետ ծրագրված քայլ է: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը հեչ չէր ուզենա, որ այս իրավիճակը լիներ: Այսօր ընտրություններ են, հիմա լրիվ ուրիշ քաղաքական իրավիճակ է, ընտրություններն ուրիշ են: Սերժ Սարգսյանն ինչ էր ասում՝ այ ընտրություններ կլինեն, հիմա ընտրությունների պահն է, այս ձեւով են ուզում մասնակցել, ինչու անուն կպցնենք, թե խաղ է: Մարդիկ հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին, թող մասնակցեն: Միայնակ որեւէ քաղաքական ուժ պետական այս ապարատի դեմն առնել չի կարող»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ