Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանում հետաքրքրված են հայկականով, իսկ մեր համապատասխան նախարարություններն անտարբե՞ր են

Հունվար 23,2017 21:40

Հայ-չինական մշակութային 2-րդ փառատոնի կազմակերպմանը նվիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը հատուկ ընդգծեց, որ նախաձեռնության նպատակը նաեւ Չինաստանի՝ երկու միլիարդին մոտեցող ազգաբնակչությանը  հայկական մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթացնելն է:

«Հստակ ու վստահ եմ ասում, որ առաջին փառատոնից հետո Չինաստանի Հանրապետությունը իր անծայրածիր սահմաններով, ամենախուլ գյուղերով այսօր շատ հետաքրքրված է Հայաստանի ինչպես մշակույթով, պատմությունով, այնպես էլ այսօր ծառացած քաղաքական մարտահրավերներով: Պարզվեց, որ պանթյուրքիզմի գաղափարը վտանգավոր է նաեւ Չինաստանի համար: Եվ այս առումով Հայաստանը նրա համար շատ լուրջ քաղաքական դաշնակից է դառնում եւ չինացիները  ցանկանում են ավելի լավ ճանաչել Հայաստանը եւ լուրջ քայլեր են անում: Այստեղ կարեւորն այն է, որ մենք կարողանանք հասցնել բավարարել  այն պահանջարկը, որ իրենք ներկայացնում են», – ասաց նա:

Aravot.am-ի հարցին, թե այդ կարեւոր պահանջարկը բավարարելու գործում պետությունը, մասնավորապես, արտաքին գործերի, մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները իրենց որեւէ ձեւով օգնե՞լ են, պարոն Չոբանյանը պատասխանեց. «Ոչ:  Եվ դա այն դեպքում, երբ նույն Չինաստանն է համարում, որ չինական եւ հայկական մշակույթները երկու գիգանտներ են համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ: Չինաստանն այսօր Հայաստանի լավագույն գործընկերն է, որը ի տարբերություն շատերի, որեւէ օգնություն տրամադրելիս փոխադարձ ոչինչ չի ուզում: Պետական կառույցներից մեզ աջակցել եւ հիմա էլ աջակցում է միայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Եթե պետությունը որոշակի չափով մասնակցություն ունենա, իսկ մենք փող կամ աշխատավարձ չենք ուզում, շատ ավելի լավ կանցկացնենք այս միջոցառումը, այն կկարողանայինք հասցնել միջազգային, ասենք, «Ոսկե Ծիրանի» մակարդակին: Աշխարհի տարբեր երկրներից կգային  հայագետներ եւ չինագետներ, կկազմակերպվեին գիտական ֆորումներ»: Հարցին, թե ինչո՞ւ չեն աջակցում, բանախոսները պատասխանեցին, որ գուցե այն պատճառով, որ Հայաստանում հայ-չինական պաշտոնական միջոցառումներ շատ են անցկացվում:

Aravot.am-ի ճշգրտող հարցին, թե անցած տարվա անդրանիկ փառատոնին կոնկրետ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարություններին, որոնք միջոցառումներին ներկա չեն եղել, հրավիրե՞լ էին, Տիգրան Չոբանյանը պատասխանեց. «Անձամբ ես հրավիրատոմս ուղարկել եմ: Մասնակցել են սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Գաբրիել Ղազարյանը, աշխատակազմի ներկայացուցիչները, էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Հուսանք, որ այս անգամ պետական այլ այրեր էլ կարձագանքեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031