Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է. (Տեսանյութ)

Հունվար 23,2017 20:33

Հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձևաչափում, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ևս մեկ անգամ օգտագործելով առիթը, անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին և գալիք խորհրդարանական ընտրություններին:

Իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ողջ էությունը՝ համարելով դրանք բովանդակային նախադրյալներով կենսական՝ կերտելու համար առավել կայուն և ժողովրդավարական համակարգ և կատարելագործելու սահմանադրական մեխանիզմները, որոնք ապահովում են համապատասխան ուժերի հավասարակշռությունը և օրենքի գերակայությունը:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում ընդգծել է, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը և նրա գրեթե բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից:

Տիկին Նաղդալյանը տեղեկացրել է, որ Հանրաքվեից հետո հայաստանյան իշխանությունները ձեռնարկել են իրավական համակարգի փոփոխման և նոր իրողություններին համապատասխանեցման լայնածավալ գործընթաց: Ընդունվել են նոր սահմանադրական օրենքներ, բազմաթիվ օրենքներում և իրավական ակտերում կատարվել համապատասխան փոփոխություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Տեղական ինքնակառավարման և խորհրդարանի Կանոնակարգ օրենքներում: Իր խոսքում տիկին Նաղդալյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխությունների մի խոշոր փաթեթ նախատեսվում է նաև 2017-ի համար՝ կրկին Վենետիկի հանձնաժողովի և այլ միջազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ:

Հայաստանի ամենաքննարկված փաստաթղթի՝ Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը ՀՀ ԱԺ փոխնախագահի հավաստմամբ՝ ընթացել է քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության ոգով, համագործակցության, հիրավի, բացառիկ ձևաչափով՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության սեկտորի հավասար մասնակցությամբ:

«Նոր Ընտրական օրենսգիրքը լիարժեք հուսալի հիմք է ստեղծում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար»,- իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝ հավաստիացնելով, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է, և դրանց լեգիտիմությունն ու պատշաճ ընթացքը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները:

«Մեր պարտականությունն է անցկացնել ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ՝ հիմնականում հիմնված մրցակցային գաղափարների և ծրագրերի վրա: Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարության ուղին, և որևէ արտաքին խոչընդոտ չի կարող մեզ շեղել այդ ուղուց»,- իր ելույթում նշել է տիկին Նաղդալյանը:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է անցյալ տարի ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական ոտնձգության մասին, որը դատապարտվեց միջազգային հանրության կողմից՝ և չնայած դրան Հայաստանը չի հեռացել իր ժողովրդավարական ուղուց և հավատարիմ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Նման գործողությունները, որոնք խաթարում են Հայաստանի, Ղարաբաղի և տարածաշրջանի անվտանգությունն ընդհանրապես, չեն սասանում մեր վճռականությունը՝ իրականացնելու լայնամասշտաբ բարեփոխումներ՝ դատական, մարդու իրավունքների և այլ կարևոր բնագավառներում՝ բոլորը համահունչ մեր միջազգային պարտավորություններին» ,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահն՝ ընդգծելով, որ Հայաստանի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը երբեք պայմանավորված չէ որևէ արտաքին գործոնով, լինի դա աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ:

https://www.youtube.com/watch?v=c1ZRwDAwZ8s&feature=youtu.be

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031