Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերից ովքեր են մասնակցում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին

Հունվար 23,2017 20:25

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության անդամներից չեն մասնակցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՕԵԿ խմբակցությունից  Մհեր Շահգելդյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Ստրասբուրգից ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության անդամներից միայն երկուսը չեն մասնակցում` Լևոն Զուրաբյանն ու Մհեր Շահգելդյանը:

Հիշեցնենք` տեղեկություններ կային, որ հնարավոր է Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Լևոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանն ու Արմեն Ռուստամյանը չմասնակցեն ձմեռային նստաշրջանին` ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական հարցերով զբաղված լինելու պատճառով:

ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական խումբն այսօր քննարկել է ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին` Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին։ Պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուզող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին զեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում:

Պարոն Ֆարմանյանից հետաքրքրվեցինք` զեկուցող նշանակել-չնշանակելու հարցը ե՞րբ պարզ կլինի, նա տեղեկացրեց, որ չորեքշաբթի:

Իսկ ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալ Իլգար Մամմադովի վերաբերյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման չկատարման խնդիրը։Որոշում ընդունվեց. միավորելով ջանքերը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի և Նախարարների կոմիտեի հետ` հանձնաժողովը մարտի սկզբին հատուկ առաքելություն գործուղի Բաքու՝ ադրբեջանական իշխանություններին գրավոր փոխանցելու հանձնաժողովի խորը մտահոգությունը ՄԻԵԴ-ի չկատարման վերաբերյալ:

Մեր այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, վեհաժողովը չընդունեց առաջարկը հատուկ ընթացակարգով քննարկել Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը և ընդհանրապես այդ երկրում իրավիճակը, սա արդյոք ադրբեջանաթուրքական լոբբիի արդյո՞ւնք չէ, պարոն Ֆարմանյանը պատասխանեց. «Նման բան չկա, ուղղակի քննարկման համար առաջադրված տարբեր այլ հարցեր էլ կային, ուստի մեծամասնությունը նախապատվությունը տվեց մյուսներին: ԵԽԽՎ-ում մեծ մտահոգություն կա Թուրքիայում զարգացումների վերաբերյալ, և մի քանի ամիս առաջ հատուկ ընթացակարգով քննարկում կազմակերպվեց այդ թեմայով: Հիմա որոշում կայացվեց այլ թեմաների նախապատվություն տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031