«Եթե մենք վաղը, մյուս օր հայտնվենք ԱԺ-ում, ես նույն ձեւ պետք է պնդեմ իմ նախկին ասածները՝ բանակի փլուզման ու բանակում բարձիթողի վիճակի վերաբերյալ պետք է ասեմ, ու ինքը պետք է հաշվետվություն տա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ-ական ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը , որը թեեւ Սեյրան Օհանյանի մշտական քննադատողն էր, բայց նախօրեին ԱԻՄ-ի ղեկավար մարմնի ներկայացուցչական Խորհրդի քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել դաշինքին միանալուն:
«Սա նպատակային Դաշինք է, եթե կա նպատակ այս իշխանություններին հեռացնելու, ուրեմն պետք է միասնական ուժերով հեռացնենք: Բոլորն ասում են՝ միանանք, միասնական լինենք, ո՞ւմ հետ միանանք: Կարո՞ղ եք թվարկել այն ուժերին, որոնք իրականում ուզում են փոփոխություն երկրում: Հիմա, շախմատային լեզվով ասած, ձեռք ես տվել, պետք է խաղաս: Հիմա իրենք իշխանափոխությո՞ւն են ուզում, շատ լավ, ես էլ եմ ուզում:
Գնում ենք հաղթելու, չենք գնում տեղեր ունենալու: Եթե իմ մոտ հարազատն էլ լինի, ու պարզվի, որ թալանչի է ու օրենք է խախտել, պետք է դատվի: Ես տեր եմ իմ հայտարարություններին, բայց ես դատարան չեմ, որ դատեմ այդ մարդուն»,- ասաց պարոն Սարուխանյանը՝ նկատի ունենալով Սեյրան Օհանյանին:
Մեր հարցին՝ ձեր կարծիքով իշխանությունից դուրս եկած Վարդան Օսկանյանը, Վիկտոր Դալլաքյանը, Սեյրան Օհանյանը իշխանության դեմ կգնա՞ն, շրջանառվում են տեսակետներ, որ հենց իշխանությունն է նրանց ընդդիմադիր դաշտ բերել, պարոն Սարուխանյանը պատասխանեց. «Նման մտածելակերպով, որ մոտենաս, տանից ընդհանրապես դուրս չպետք է գաս: Վտանգներ կան, իհարկե, հերթական անգամ խաբվելու վտանգ էլ կա, բայց այդ խաբելը չէ, որ մեզ պետք է հիասթափեցնի: Մենք հիասթափվելուց չենք վախենում, վախենում ենք անգործությունից: Հիմա, եթե այս մեկը պիտակավորված է, մյուսը սրիկա է, էն մեկը թալանչի է գիտենք, այսինքն հետո՞, մնացինք մենա՞կ, գումարներ չկան մենք Ծառուկյանը չենք: Որ գումար ունենաս, պետք է իշխանության թալանչիների մի մասը լինես, որ կարողանաս գրասենյակներ բացես, հզոր կուսակցություն ունենաս: Եթե նեղացածի կեցվածք ընդունեմ ու գնամ պատի տակ կանգնեմ, սկսեմ փնովել, ինչ-որ մի բան կշարժվի՞»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այսինքն` այն կարծիքին եք, որ կարելի է պայքարել նաեւ իշխանությունից դուրս եկած ու ձեր բնորոշմամբ թալանչիների ու հանցագործների հե՞տ, ի պատասխան պարոն Սարուխանյանն ասաց. «Միայն թե այդ իշխանություններին հեռացնենք: Այս Դաշինքը ժամանակավոր է, կա պայմանավորվածություն, որ այն պետք է լինի մեկ-երկու տարով՝ մինչեւ ԱԺ-ի լուծարումը, հաղթելու դեպքում»:
Պարոն Սարուխանյանից նաեւ հետաքրքրվեցինք առիթ ունեցե՞լ է Դաշինքի շրջանակում Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի հետ հանդիպել ու այն խնդիրները, որոնք սովորաբար լրատվամիջոցներով էր բարձրացնում, մասնավորապես Սեյրան Օհանյանը բանակն է թալանել, Վարդան Օսկանյանը՝ Մարտի 1-ի մեղավորներից է, հենց նրանց դեմքին ասել, ի պատասխան. «Սեյրան Օհանյանին հանդիպել է Պարույր Հայրիկյանը, Վարդան Օսկանյանին ես հանդիպել եմ, խոսել հետը: Իմ հանդիպումը Սեյրան Օհանյանի հետ իմաստ չունի, ես գիտեմ՝ թե ինքն իմ դեմ ինչպես է տրամադրված, նա գիտի՝ ես իր դեմ ինչպես եմ տրամադրված, դա անձնական, բայց սա ընդհանուր նպատակների համար ճանապարհ գնալ է, սա Դաշինք է: Երբ վաղը ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվեն, ու ստիպված լինեմ մտնել խրամատ, ապա, եթե թալանչին այդ պահին խրամատում է, ես էլ պետք է մտնեմ, բա ինչ անեմ, ես չեմ ասի՝ այս խրամատը չեմ մտնի, որովհետեւ այստեղ թալանչին է:
Փորձելու համար պետք է գնաս հետները, եթե նույնիսկ դեմք պատռելու խնդիր կա, կերեւա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
հետո ել զրամանում են որ քիչ քվեներ են ձեռք բերում… ո՞վ կը հաւատա այսպիսի զավեշտի… խելքը գլխին քաղաքացին նախընտրում իր քվէն տալ – ուղղակիօրէն – իշխանության, քան թէ այսպիսի անհաւատալի (non credible), ձեւակերպական «ընդդիմադիրների»