Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան պետք է կոշտ արձագանք տա Լապշինի արտահանձնմանը. «Վզգլյադ»

Հունվար 23,2017 17:59

Անցյալ շաբաթ Բելառուսը հայտարարեց, որ պատրաստվում է Ադրբեջանին արտահանձնել Մինսկում ձերբակալված ռուս բլոգեր (Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի) Ալեքսանդր Լապշինին, որը ներառված է Ադրբեջանի սև ցուցակում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ռուսական «Վզգլյադ» թերթն անդրադարձել է Մինսկի այդ քայլին՝ եզրակացնելով, որ Մոսկվան պետք է կոշտ արձագանք տա Լուկաշենկոյի այդ «սադրիչ» քայլին:

Մասնավորապես, թերթը զրուցել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ, որը բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ և նույնպես ներառված է Ադրբեջանի սև ցուցակում: Պատգամավորը Մինսկի այդ վարքն անվանել է «սկանդալային»՝ հիշեցնելով, որ Լապշինի արտահանձնմանը դեմ են հանդես գալիս ոչ միայն Ռուսաստանի և Իսրայելի արտգործնախարարությունները, այլև ԱՄՆ պետդեպը: «Եթե ամբողջ հանցագործությունը նրանում է, որ Լապշինն այցելել է Լեռնային Ղարաբաղ, ապա սա պարզապես աղաղակող դեպք է: Ես ինքս բազմիցս այցելել եմ այդ տարածաշրջան: Ես զենքի առևտրով չեմ զբաղվել, պարզապես հետևել եմ ընտրություններին: Դրանում ոչ մի հանցագործություն չեմ տեսնում»,- ասել է պատգամավորը թերթի հետ զրույցում:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինով, որը նույնպես գտնվում է Ադրբեջանի սև ցուցակում, կարծում է, որ Ռուսաստանը ցանկացած պարագայում պետք է պաշտպանի իր քաղաքացուն:

«Բելառուսի հետ մենք գտնվում ենք միևնույն միութենական պետության մեջ: Մենք ունենք ընդհանուր սահման, մարդիկ ազատ տեղափոխվում են առանց վիզայի: Եվ նման պատմություն: Սա աղաղակող թյուրիմացություն է»,- թերթի հետ զրույցում ասել է Մարտինովը՝ նկատելով, որ այժմ ինքը խուսափում է Բելառուս ուղևորություններից:

«Ռուսական պետության արձագանքը Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ իրավախախտ գործողությունների հարցում, անկասկած, պետք է կոշտ լինի»,- կարծում է փորձագետը:

Թերթը հիշեցնում է, որ նոյեմբերին Լուկաշենկոն այցելել էր Բաքու, որտեղ Հեյդար Ալիևի անվան շքանշան էր ստացել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևից, և դրա համար խոստացել էր «վարձահատույց լինել»:

Թերթը նաև նկատում է, որ դեկտեմբերից սրվել են հարաբերությունները Մոսկվայի ու Մինսկի միջև, որի պատճառով Բելառուսի նախագահը բաց է թողել Սանկտ Պետերբուրգում անցկացվող ՀԱՊԿ և ԵԱՏՄ գագաթնաժողովները: Բացի այդ, դեկտեմբերին, Լապշինից բացի, Մինսկում ձերբակալվել են ևս երեք հայտնի ռուսամետ բլոգեր:

Դեռ երեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղղակիորեն կոչ էր արել Մինսկին չարտահանձնել Լապշինին: Ինչ վերաբերում է Բելառուսին, Զատուլինի կարծիքով, մանր խայթոցներ անելով Ռուսաստանին՝ Լուկաշենկոն մոռացության գիրկն է ընկել: Նրա խոսքով՝ այդպիսով Լուկաշենկոն սադրում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Իսրայելին ու Հայաստանին և ամբողջ միջազգային հանրությանը: Մյուս կողմից, Բելառուսի առաջնորդն անպատասխանատու վարք է դրսևորում իր միութենական դաշնակիցների՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ-երկրների նկատմամբ: «Այս դեպքում, ի դեպ, Արևմուտքի հետ էլ հարաբերությունների կարգավորում չի լինի: Իսկ ա՛յ ռուս-բելառուսական հարաբերություններում սխալներ դեռ շատ կարելի է անել»,- կարծում է Զատուլինը:

Պատգամավորը մտավախություն է հայտնել, որ Լապշինին Ադրբեջանում կարող է իրական վտանգ սպառնալ՝ հատկապես հիշելով, որ 2012թ. հայ գնդապետին կացնահարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանին արտահանձնվելուց հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլև ազգային հերոսի կոչում ստացավ:

«Կարծում եմ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն լրջորեն պետք է անհանգստանա իր քաղաքացու ճակատագրով»,- ասել է Զատուլինը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031