Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, մարզչական խորհրդի նախագահ, «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր Ռոբերտ Վարդումյանը, նույն կենտրոնի հիմնադիր Լիլիա Կարապետյանը եւ ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը խոսեցին հայ-չինական մշակութային 2-րդ փառատոնի կազմակերպման մասին:
Տիգրան Չոբանյանն ասաց, որ տրված խոստմանը հավատարիմ՝ կազմակերպիչները, որոնց շարքերն այս տարի համալրել է նաեւ Կոնֆուցիուս ինստիտուտը, չինական նոր տարվա առիթով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «Նոյյան տապան» լրատվական գործակալության գործընկերությամբ, այլ հովանավորների, ընկերների եւ մտերիմների աջակցությամբ այս փառատոնը կազմակերպում են երկրորդ անգամ:
«Մենք այս փառատոնում մշակույթների զուգահեռներ ենք անցկացնում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ, ցույց տալիս դրանց ընդհանրությունները եւ տարբերությունները՝ նպատակ ունենալով ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցել, թե որքան հին ու արժեքավոր մշակութային պատմություն ունի հայ ժողովուրդը: Հավատացնում եմ, որ մենք այսօր դրա անհրաժեշտությունն ունենք նաեւ մեր ներսում: Ես նոր եմ հայտնվել Ֆեյսբուքում եւ վատ եմ տանում, որ հայի անուն- ազգանուն ունեցող բազմաթիվ օգտատերեր անտեղյակ են իրենց ինքնությանը, հայ արժեհամակարգին: Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, երբ զուգահեռներ ենք տանում, առանց չափազանցության, մշակութային երկու գիգանտների միջեւ», – ասաց պարոն Չոբանյանը:
Լիլիթ Կարապետյանը նշեց, որ այս մեկ տարվա մեջ բավականին մեծ առաջընթաց է նկատվում ինչպես Հայաստանում՝ Չինաստանի, այնպես էլ Չինաստանում՝ Հայաստանի մշակույթների նկատմամբ հետաքրքրությունում: Նրա խոսքերով, այս տարի նախորդի հետ կապված որոշ փոփոխություններ կան փառատոնի ծրագրում, քանի որ հանրությանը ներկայացնելու շատ բան կա: «Քանի որ այս տարի Չինաստանում Նոր տարին հունվարի 28-ին է, մենք մեր միջոցառումների շարքն սկսում ենք հունվարի 26-ին՝ ավելի քան 6100 տարվա պատմություն ունեցող հայկական գինու եւ չինական թեյի մշակույթների ներկայացումով: Երկրորդը հայկական եւ չինական առասպելների ու հեքիաթների ներկայացումն է, որոնցում շատ մեծ ընդհանրություններ կան: Երրորդը հայկական եւ չինական ավանդական խաղերն են: Եվ վերջին խոշոր միջոցառմանը, որ կանցկացվի հունվարի 28-ին եւ նվիրված է լինելու Հայկական բանակին, կներկայացնենք երկու երկրների մարտարվեստները՝ դրանց պատմությունը, «Կարին» համույթի մասնակցությամբ կներկայացվեն նաեւ հայկական ռազմական պարերը: Ես թվարկեցի միայն հիմնականները: Բայց փառատոնի օրերին կլինեն նաեւ այլ բնույթի միջոցառումներ», – տեղեկացրեց Լիլիա Կարապետյանը:
Կարդացեք նաև
Ռոբերտ Վարդումյանը, կարեւորելով այս փառատոնի ճանաչողական նշանակությունը, նշեց, որ մեզ մոտ՝ Հայաստանում, շատ-շատերը Հայաստանի պատմության ամենատարրական գիտելիքները չունեն: «Մի օրինակ բերեմ. շատ սպա կենտրոններում մենք հանդիպում ենք «համամ» արտահայտությանը: Ու դրա պատճառն այն է, որ չգիտեն՝ թուրքերից 3000 տարի առաջ հայերը շոգեբաղնիք են ունեցել, էլ չեմ խոսում հռոմեական շոգեբաղնիքների մասին: Կամ նույն գինին: Ամբողջ աշխարհն այսօր ճանաչում է ֆրանսիական եւ իտալական գինիները: Բայց անգամ մենք՝ հայերս, չենք ուզում հասկանանք, որ գինին շատ ավելի հին պատմություն ունի Հայաստանում: Մենք փառատոնում կներկայացնենք գինու ծագումնաբանությունը, հայկական արտադրողներին», – ասաց նա:
Գոռ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ Կոնֆուցիուս ինստիտուտը հիմնադրվել է Հայաստանում չինարենը եւ չինական մշակույթը տարածելու նպատակով եւ այդ գործում բավականին լուրջ հաջողություններ է արձանագրել: «Եվ պատահական չէ, որ աշխարհի տարբեր երկրներում գործող 511 ինստիտուտների մեջ Հայաստանինն անցած տարի ճանաչվել է լավագույնը: Այս փառատոնը կարեւոր է նրանով, որ դրա միջոցով մենք Չինաստանի հետ ոչ միայն քաղաքական, դիվանագիտական ու բիզնես, այլեւ քաղաքակրթական գործընկեր ենք դառնում», – ասաց նա:
Aravot.am-ի հարցին, թե Չինաստանում հայկական քաղաքակրթությունն ու մշակույթը ինչ որ ձեւաչափով ներկայացվո՞ւմ է, ինչպես մենք անում ենք այստեղ, Գոռ Սարգսյանը պատասխանեց. «Ճիշտ է քիչ, բայց ներկայացվում է: Կարեւոր քայլերից մեկը, որն ընդամենը հինգ ամսվա պատմություն ունի, ես կհամարեի Չինաստանում հայկական մշակույթի եւ պատմության մասին ստեղծված չինալեզու կայքը, որը, չնայած այնտեղ ինտերնետի որոշ սահմանափակումներին, աշխատում է հենց Չինաստանի սոցիալական կայքերում եւ որոնողական համակարգերում: Այնտեղ չինարենով ներկայացվում է սկսած քրիստոնեությունից, հայ արքաներից, Հայաստանի պատմությունից, մինչեւ մշակույթը եւ երաժշտությունը: Բայց ըստ իս, պետք է արվի ավելին, որպեսզի հայկական մշակույթը հանրայնացվի: Բավարար ներկայացված չլինելն է նաեւ այն պատճառներից մեկը, որ Հայաստանը չի կարողանում Չինաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ բերել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ