Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սարի թաղի գործով» հարցաքննվեց եւս մեկ ոստիկան՝ Դավիթ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը, Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Դավիթ Սահակյանը դատարանին պատմեց, որ սարիթաղցիները մոտեցել են իրենց, պահանջել, որ բացեն փակված ճանապարհը. «Ասացինք, որ իրենց անվտանգության նկատառումներով է ճանապարհը փակ: Նորից պահանջեցին: Ասում էին՝ ճանապարհը բացեք, լույս չկա, գազ չկա, տրանսպորտ չկա… Խառը իրավիճակ էր…քարեր նետեցին ոստիկանների վրա, հայհոյանքներ, եւ այլ բաներ…քարն իմ ողնաշարին է կպել, տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ»:
Տուժած Սահակյանը տեղեկացրեց, որ դեպքի վայրում եղել է ոստիկանական համազգեստով, ծառայակիցները՝ նույնպես: Նաեւ տեսել է, որ բախումների հետեւանքով եւս երկու ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել:
Կարդացեք նաև
Պաշտպանների հարցերին ի պատասխան՝ ոստիկանը հաստատեց՝ քաղաքացիները եկել էին ոչ թե իրենց քարերով խփելու ու հայհոյելու, այլ խնդրելու կամ պահանջելու, որ ճանապարհը բացեն: Դավիթ Սահակյանի բնորոշմամբ՝ վիճաբանությունն առաջացել է ճանապարհը չբացելու պատճառով, ինչին հաջորդել է քարեր նետելը ոստիկանների վրա:
«Հողե պատից էին քարեր պոկում-նետում»,-ասաց նա, ինչից հետո մեղադրյալները սկսեցին շշուկով ասել, թե ի՞նչ հողե պատի մասին է խոսքը: «Զարմանում եմ…էդ քարով ում խփես՝ կմեռնի»,-մատն օդում զարմանքով պարզելով՝ ասաց մեղադրյալներից մեկը: Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հստակեցրեց, որ նման բան հնարավոր չէ, քանի որ փողոցի երկու կողմերում պատեր են եղել. «Մեծ՝ այ սենց քարեր են: Ուղղակի չէին կարող պոկել»,-փորձելով ձեռքերով թույլ տալ պատի քարերի չափը՝ ասաց Սիմոնյանը:
Հաջորդիվ հարցաքննվեցին եւս երկու ոստիկաններ: Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նրանց ցուցմունքները եւս հակասական էին: «Նրանք էլ դեմքով չճանաչեցին ամբաստանյալներին, որոնք, իրենց պնդմամբ, քարեր էին նետել ոստիկանների վրա»:
Հավելենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 9-ին՝ 13:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Զարմանում եմ…էդ քարով ում խփես՝ կմեռնի»,-մատն օդում զարմանքով պարզելով՝ ասաց մեղադրյալներից մեկը:
…………………………………………..
երեւի լաւ նշան չես առած…
քաջությունը իսկ չունիք ընդունելու թէ ինչ արեցիք, եւ դիմագրավելու հետեւանքները