Լրահոս
Օրվա լրահոսը

Կորպորատիվ երեկո՝ սպառողների իրավունքների հաշվին

Հունվար 23,2017 16:24

2009 թվականին ստեղծված Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, ըստ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, կոչված է զբաղվելու ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ, սպառողների պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությամբ, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմամբ:

Հաշտարարի պաշտոնական կայքի համաձայն, գրասենյակը բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած կառույց է, որը կոչված է լուծելու ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում:

Մինչդեռ ստեղծման օրվանից մինչ օրս գրասենյակի շուրջ մշտապես աղմուկ է այս կամ այն հարցում անհիմն մեծ ծախսեր անելու վերաբերյալ: Օրինակ՝ 2014-ին, աղմուկ էր, թե հաշտարար Փիրուզ Սարգսյանը 20 միլիոն դրամ մայրության արձակուրդի նպաստ է ստացել: Հետո ասացին՝ 20 չի, 12 միլիոն է, 49 միլիոն է: Իրավական ոչ մի հետեւանք:

2016 թվականի նոյեմբերի 25-ին «Առավոտը» գրեց, որ հաշտարարի գրասենյակի պահանջներն ընդունող եւ քննող խմբի ղեկավար Հրանուշ Աղայանը արտասահմանյան գործուղումների ժամանակ իր հետ տանում է երեխաներին եւ երեխաների դայակներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության համար նախատեսված փողերով: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հերքեց թե Փիրուզ Սարգսյանի մայրության նպաստի մասին, թե Հրանուշ Աղայանի «ընտանեկան» գործուղումների մասին լուրերը: Փիրուզ Սարգսյանը առանց որեւէ հիմնավորման մերժեց մեր հարցումը՝ տրամադրել Հրանուշ Աղայանի հետ գործուղված անձանց ցուցակը: Ասաց միայն, թե իրենց ծախսերը վերահսկում են հոգաբարձուները: Իսկ հոգաբարձուները Հայաստանում աշխատող ֆինանսական կազմակերպություններն են՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, գրավատներ եւ այլն:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը անհիմն մերժեց մեր նոր հարցումը: Տեղեկություն ունենք, թե 2016-ի սեպտեմբերին գրասենյակը իր աշխատակիցների համար շքեղ երեկո է կազմակերպել (կորպորատիվ) եւ հսկայական գումարներ ծախսել: Հավաքը կայացել է Աղվերանի «Արթուրս» համալիրում: Երեւանից մատուցողներ են բերվել: Սեղանները յուրահատուկ ձեւավորում են ունեցել: Դահլիճի հարդարանքն ամբողջովին փոխվել է՝ մասնակիցների համար ապահովելով գյուղական միջավայր (լուսանկարում՝ կորպորատիվի նախապատրաստությունն է): Մասնագետներն ասում են, որ նման կոլորիտ ստանալու համար, պատկառելի գումարներ են ծախսվում: Այն գումարները, որ նախատեսված են սպառողների իրավունքների պաշտպանության համար:

Այս առթիվ մեր հարցմանը գրասենյակից պատասխանեցին, որ գրասենյակի կազմակերպած միջոցառումների կարգն ու պայմանները սահմանում է հոգաբարձուների խորհուրդը, գրասենյակն էլ խորհրդին եռամսյակային հաշվետվություններ է ներկայացնում: Այսքանը:

Ոչ մի խոսք կորպորատիվ երեկոյի վրա ծախսված գումարների, այդ տեղեկությունը չհրապարակելու օրենսդրական հիմքի մասին: Գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվություններում ծախսերի մասին ոչ մի տառ չկա: Միայն թվեր՝ ստացված բողոքների եւ դրանց ճակատագրերի վերաբերյալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031