Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում անդրադարձ կատարվեց ապրիլյան պատերազմին

Հունվար 23,2017 15:47

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթի ընթացքում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, անդրադառնալով կառույցի առաջ ծառացած մարտահրավերներին, նշեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմը: Նա մասնավորապես հայտարարեց. «2016-ի ապրիլին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցան ռազմական գործողություններ: Սա մարտահրավեր է, որը մինչև այժմ մենք չենք լուծել: Իմ և վեհաժողովի համոզումն է, որ հակամարտությունը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ մեր դերը` որպես խորհրդարանական վեհաժողով, կարևոր է: Մեր վեհաժողովը պետք է կարողանա օգտագործել իրեն վերապահված հնարավորությունները»:

Այս համատեքստում Պեդրո Ագրամունտը մտահոգություն հայտնեց, թե վեհաժողովի աշխատանքներին արդեն երկու տարի չի մասնակցում Ռուսաստանի պատվիրակությունը. «Եթե մեկ անդամ երկիր չի մասնակցում վեհաժողովի աշխատանքներին, դա արդեն լուրջ խնդիր է»:

Անդրադառնալով իր տրամադրվածությանը` ԵԽԽՎ նախագահը վստահեցրեց, որ շարունակելու է իր աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի «տուպիկից դուրս գալ»:

Պեդրո Ագրամունտը մարտահրավեր համարեց նաև Թուրքիայում և Ադրբեջանում խորհրդարանականների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ազատազրկումը:

Վեհաժողովին առաջարկ էր ներկայացվել արագացված կարգով քննարկել Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը և իրավիճակը Թուրքիայում:

Քվեարկության ընթացքում 2/3-ը չապահովվեց, ուստի քվեարկությունը չկայացավ և քննարկումը հետաձգվեց:

Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկված են քննարկումներ լրագրողների դեմ հարձակումների և Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության, առցանց ԶԼՄ-ների և լրագրության մարտահրավերների ու պատասխանատվության, կիբեր-խտրականության և առցանց ատելության խոսքին վերջ դնելու անհրաժեշտության թեմաներով:

Հրատապ քննարկումներ կանցկացվի Սիրիայում տիրող իրավիճակի և հարևան երկրների վրա դրա թողած ազդեցության հարցերով:

Վեհաժողովին կհյուրընկալվեն Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, Ռումինիայի նախագահ Իոհաննիս Կլաուսը, Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031