«Վինար» ընկերությունով դատախազությունն է զբաղվում, սակայն Քաղցրաշենի գյուղացիներից մթերած խաղողի բերքի պարտքը կվճարվի՞ գյուղացիներին, «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը դժվարացավ ասել:
Այսօր «Զարկերակ» ակումբում Արտակ Սարգսյանն ասաց, որ «Վինար» ընկերությունը քաղցրաշենցիներին դեռ 2015 թվականից մթերած խաղողի դիմաց պարտք է 85 միլիոն դրամ:
Այս տարիների ընթացքում գյուղացիները բազմաթիվ անգամ բողոքի ցույցեր են արել՝ պահանջելով վճարել իրենց պարտքերը, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվել:
«Վինար» ընկերությունում հիմա խաղողի սպիրտ է մթերված: Պարոն Սարգսյանն ասաց, որ գյուղնախարարությունը պայմաններ առաջարկեց՝ եթե լաբորատոր փորձաքննությամբ պարզվի, որ սպիրտի որակը համապատասխանում է գնորդի պահանջներին, ապա կարող են վաճառել. «Արդյունքում, իրենց պարզաբանմամբ, իբր «Վինարում» այդ քանակությամբ սպիրտ չկա, կամ էլ վաճառում են, բայց այլ պարտքերն են վճարում՝ պետական պարտքերը»:
Կարդացեք նաև
Արտակ Սարգսյանն ասաց, որ արդեն 2-րդ տարին է, ինչ գյուղացիները չեն ստանում իրենց պարտքը, քաղցրաշենցիներն էլ պարտքեր, վարկեր ունեն. «Գյուղացու մեղքը որն է, որ էս վիճակում է հայտնվել, ինքն ինչ իմանար, որ «Վինարը» էդպիսի ընկերություն է, մանավանդ 2015 թվականին էլ խաղողի բերքի մթերման խնդիր կար: Էն ժամանակվա կառավարությունն ասաց՝ որպեսզի խաղողը չմնա դաշտում, բերեք մթերենք, հետո մտածենք՝ ոնց ենք տալիս ու ինչ պայմաններով: Սա դարձավ նախադեպ, որ էսօր գյուղացին էս օրն ընկավ»:
Սարգսյանը վստահեցրեց, որ քաղցրաշենցիներն անգամ պայմանագիր չունեն կնքած «Վինարի» հետ: Իսկ սա նշանակում է՝ իրավական հիմք չկա հետագայում պարտքերը ստանալու:
Aravot.am-ի հարցին՝ իրավապահ մարմիններից ի՞նչ ակնկալիք ունեն, եթե ոչ պայմանագիր ունեն, եւ ընկերության գույքն էլ գրավադրված է բանկում, իսկ օրենքով գույքի վաճառքից հետո առաջնահերթ բանկերի եւ պետության պարտքերը պետք է մարվեն, Սարգսյանը պատասխանեց. «Ես իրավաբան չեմ, բայց գյուղացին ինչ մեղք ունի»:
Ընդ որում, «Վինարը», ինչպես ասաց Սարգսյանը, խաղողը մթերել է 60-70 դրամով, այն դեպքում, երբ շուկայական գինն այդ տարի 150 դրամ էր:
Խաղողագործների ընդհանուր պարտքն անցյալ տարվա, ըստ Արտակ Սարգսյանի, կազմում է 1.5 միլիարդ դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ