Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝
սա է իշխանության նպատակը ապրիլի 2-ի ընտրությունում
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի եւ կուսակցություն ստեղծելու, եւ առաջադրվելու, եւ հավատալու, որ ինքը կարող է օգտակար լինել: Մարդն ունի ազդեցություն, ունի կողմնակիցներ, համարում է, որ հենց հիմա կարող է օգտակար լինել: Գագիկ Ծառուկյանի վերադարձը տեղավորվում է այս սխեմայի մեջ, եւ, անկեղծ ասած, ես խնդիր չեմ տեսնում: Ու ես չեմ բացառում, որ նրա` բավականին ուշ ընդունած որոշումը պայմանավորված էր նրանով, որ ինքը տեսավ ինչ-որ զարգացումներ եւ համարեց, որ կարող է օգտակար լինել, հետո միայն վերջնական որոշում կայացրեց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը` անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում ընթացող դասավորում-վերադասավորումներին: Քաղաքագետը նմանատիպ մոտեցում ունի նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտի վերաբերյալ. «Միայն Սեյրան Օհանյանը չի, որ պաշտոնանկ արվեց, հետո անցավ քաղաքական դաշտ: Այդպիսի այլ մարդիկ էլ կան: Բայց յուրաքանչյուրն էլ իրավունք ունի կարծելու, որ պաշտոնավարման տարիներին կուտակած իր կարողությունները եւ փորձառությունները կարող է օգտագործել: ՀՀԿ-ականները դա «աբիժնիկություն» կանվանեն, թե այլ բան՝ իրենց խնդիրն է»: Սեյրան Օհանյանին նման որակում էին տվել ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ:
Այն, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվեց խորհրդարանական ընդդիմության հետ երկարատեւ քննարկումների եւ փոխզիջումների արդյունքում` արժանանալով նույն ընդդիմության դրվատանքին, բավարա՞ր է, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունները ավելի լավը եւ արժանահավատ լինեն: Ստեփան Գրիգորյանը սեփական մոտեցումն ունի. «Այս Ընտրական օրենսգիրքը շատ անհաջող է: Խնդրահարույց կետը ռեյտինգային ցուցակներն են: Այդ ցուցակները, փաստորեն, ընտրությունները դարձնում եմ մասամբ մեծամասնական կարգով` մեխանիկորեն բերելով ընտրությունների ժամանակ թաղային հեղինակությունների, օլիգարխների, փողի, ադմինիստրատիվ ռեսուրսի ազդեցությունը: Օրինակ՝ իշխող ՀՀԿ-ն իր ռեյտինգային ցուցակներում կմտցնի թաղային հեղինակությունների, օլիգարխների, չինովնիկների:
Ու քանի որ այդ մարդկանց ազգանունների դիմաց, այսպես ասած, թիվ պետք է երեւա, դա արդեն մոտիվացիա է ստեղծում, որպեսզի նրանք գնան ամեն ինչի` մեծ թվեր ցույց տալու համար: Եթե նախկինում մեծամասնական տարածքներում իշխանությունից մեկ մարդ էր ու մեկն էր ձայներ ցույց տալիս, հիմա մեկ տարածքում մինչեւ 15 մարդ կարող է առաջադրվել: Պատկերացրեք, թե ի՞նչ ընտրություն է սպասվում: Ռեյտինգային ընտրությունները թելադրում են խաղի կանոնները եւ կանխորոշելու են ընտրությունների արդյունքները փողով, ադմինիստրատիվ ռեսուրսով, համոզելով՝ եթե ամեն ինչ այս հանդարտ հունով ընթանա»: Այս իրողությունը մեր զրուցակցին հիմք է տալիս հայտարարելու, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններն ավելի քիչ քաղաքական կլինեն: Որոշիչը փողն ու ադմինիստրատիվ ռեսուրսն են լինելու, որքան էլ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները պնդեն, թե ձգտելու են նորանկախ Հայաստանի պատմության լավագույն ընտրությունները կազմակերպել:
Կարդացեք նաև
«Այս ընտրություններում պայքար չի գնա իշխանության եւ ընդդիմության միջեւ, քանի որ ռեյտինգային ընտրակարգով ի սկզբանե իշխանությունը կունենա շատ լուրջ առավելություն եւ կապահովի իր մեծամասնությունը: Այս ընտրություններում պայքարը լինելու է հանուն նրա, որ մի քանի խելոք մարդիկ որեւէ կերպ խորհրդարանում չհայտնվեն: Ցավում եմ, որ շատերը մինչեւ այսօր դա չեն հասկացել»,- ասում է Ստեփան Գրիգորյանը: Ի հեճուկս այլոց՝ քաղաքագետը չի կարծում, որ իշխանությունը հիմա «կրելու» խնդիր է լուծում. «Ոչ: Իշխանությունը հիմա շատ ուշադիր հետեւում է տարբեր դաշինքներում եւ կուսակցություններում ընթացող գործընթացներին, փորձում է ներազդել դրանց վրա, որպեսզի սկզբունքային, խնդիները վեր հանող, դրանց մասին հրապարակային խոսող փորձագետներն ու հասարակական գործիչները չհայտնվեն խորհրդարանում»:
Ըստ մեր զրուցակցի՝ նախընտրական այս հանդարտությունը փոխել եւ ընտրական գործընթացների վրա ազդել կարող է ԼՂՀ-ում ռազմական գործողությունների վերսկսումը. «Ադրբեջանը կարող է նորից հրահրել, եւ այդ վտանգը մենք պետք է միշտ ի նկատի ունենանք: Պարտադիր չէ, որ դա կապ ունենա խորհրդարանական ընտրությունների հետ: Տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում, եւ չի բացառվում, որ փետրվարին-մարտին նորից գործողություններ ծավալեն, որոնք շատ նման կլինեն ապրիլյան իրադարձություններին: Պարզ է, որ այդ դեպքում Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ կլինի»: Հաջորդ ֆորս-մաժորը կարող է լինել այն դեպքում, եթե ընդդիմադիր ուժերը հավաքվեն եւ հայտարարեն, որ իրենք ոչ թե մանդատի համար են պայքարում, այլ ոտքի են բարձրացնում ժողովրդին` ասելով, որ այս ընտրական օրենքով անհնար է ժողովրդավարական զարգացում ապահովել, եւ խաղաղ պայքարի ճանապարհով փորձում են լարվածությունը բարձրացնել, որպեսզի ընտրությունների օրը ժողովուրդը ակտիվ լինի: Այս գործընթացը, ցավոք, մեր զրուցակիցը դեռ չի տեսնում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
21.01.2017