Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահաս երեխաներին բնակարանով ապահովելու հույս դեռ չկա. քաղաքապետարանն առայժմ բնակարանային ֆոնդ չունի

Հունվար 23,2017 15:00

Քիշմիրյանների բազմազավակ ընտանիքի մասին «Առավոտի» 18.01.2017 թվականի համարում նյութ էինք հրապարակել` «Քիշմիրյանների բազմազավակ ընտանիքում 3 երեխա մի մահճակալին են քնում» վերնագրով: Հոդվածում նշել էինք, որ 9 հոգանոց ընտանիքն ապրում է հողաշեն տանը, վեց երեխաները մեծանում են հակահիգիենիկ ու անբարենպաստ պայմաններում, որ խորհրդային տարիներին «պլանի տակ» գտնվող տունը փլվելու վտանգի տակ է, որ մկներն ու առնետները տան տակով թունելներ են փորել ու մի քանի անցք էլ դեպի Քիշմիրյանների տուն բացել եւ այլ խնդիրների մասին:

Նաեւ նշել էինք, որ բնակարանային պայմաններից ելնելով՝ երեխաները մի քանի հոգով մի մահճակալին են քնում, մնացած փոքրիկներն էլ օրորոցում քնելու փոխարեն՝ ծնողների, տատիկի հետ են գիշերն անցկացնում, որ գույք չունեն անգամ օգնություն տված հագուստները, դպրոցական տետրերն ու գրքերը դասավորելու համար: Նաեւ նշել էինք, որ սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով՝ այս երեխաները չեն կարողանում նորմալ կրթություն ստանալ, տանը մի անկյուն չունեն, որ դաս սովորեն, որ երեխաներից երկուսը լոգոպեդի կարիք ունի, սակայն ընտանիքը չի կարողանում հոգալ նրանց ճանապարհածախսի հարցը:

Ընտանիքի հայրը` Հարություն Քիշմիրյանը, «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ 2013 թվականին բնակարանային պայմանները բարելավելու խնդրանքով դիմել են Երեւանի քաղաքապետարան: Մայրաքաղաքի համար պատասխանատուները եկել են, Քիշմիրյանների պայմանները տեսել ու զարմացել: Եվ երբ դիմում են քաղաքապետարան` դիմումի ընթացքի մասին տեղեկանալու, նրանց ասում են` հերթագրել ենք: Բայց թե բնակարանի հերթացուցակում կան-չկան, կամ հերթը երբ կհասնի՝ նրանց որեւէ մեկն այդպես էլ պատասխան չի տալիս:


«Առավոտ» օրաթերթի հարցերին ի պատասխան՝ երեկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացրին. «Վերին Շենգավիթ 1-ին փողոցի թիվ 30 հասցեում հաշվառված Հարություն Քիշմիրյանի բնակարանային հարցը ուսումնասիրվել է աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից: Արդյունքում պարզվեց, որ քաղաքացու անվամբ՝ սկսած 2007 թվականից, Երեւանի քաղաքապետարանի «ԷԼՓԱՍ» էլեկտրոնային ծրագրում դիմում չի մուտքագրվել:

Խնդրի ուսումնասիրությունից հետեւում է, որ հարցը վերաբերում է նույն հասցեում հաշվառված Ֆլորա Թորոսյանի ընտանիքին, ով բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետարան, հաշվառվել է որպես բնակարանային պայմանների կարիքավոր, սակայն բնակարանային ֆոնդի բացակայության պատճառով հնարավոր չի եղել հարցը կարգավորել:

Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ կառավարության կողմից նոր բնակարանային ֆոնդի ստեղծման հստակ ժամկետներ սահմանված չեն, իսկ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս իր տրամադրության տակ չունի ազատ բնակարաններ, հանրակացարանային սենյակներ կամ բնակության համար պիտանի տարածքներ:

Տեղեկացվում է նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանում բնակարանային պայմանների կարիքավորության հերթացուցակներ չեն կազմվում՝ բնակարանային ֆոնդի բացակայության պատճառով: Համապատասխան խմբի քաղաքացիները հաշվառվում են որպես բնակարանային պայմանների կարիքավոր»:

Նշենք, որ Ֆլորա Թորոսյանը Հարություն Քիշմիրյանի մայրն է, որը որդու ընտանիքի հետ է բնակվում եւ միայն վերջերս է գթասիրտ մարդկանցից բազմոց ստացել, որ օր ծերության ոչ թե գետնին քնի, այլ բազմոցին:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

21.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՐՈՒԹ says:

    ՀԱՐԳԵԼԻ ՏԻԿԻՆ ԹՈՐՈՍՅԱՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՁԵՐ 11.06.2013Թ. Հ.Թ-833 ԲԱՆԱԼԻ 613090 ԴԻՄՈՒՄԻ ԿԱՊՎԱ
    Ծ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԻ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՄ ՀԵՏԵՎՅԱԼԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒՑՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԵԼ Ե ՍՈՑՅԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՈՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՈՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾՎԻ ՔՆԱՐԿԵԼՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼ Ը ՀԱՅՏՆՈՒՄ ԵՄ ՈՐ ՁԵՐ ՏՎԻՅԱԼՆԵՐ ԿՀԱՇՎԱՌՎԻ ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ և ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՀՆԱՐԱՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՀԱՐՑՆ ԱՌԱՋՆԱՀԵՌԹ ԿԱՐԳՈՎ ԿՔՆԱՐԿՎԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱՆՇԱՌԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Ա ԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑԱ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԱՅՍ ՊԱՏԱՍԽԱՆ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031