«Ես ունեմ իմ քաղաքական կուրսը, գործելաոճը: Պատրաստ եմ համագործակցել եւ միավորվել բոլոր նրանց հետ, ովքեր դա ընդունում են, ովքեր սպասարկելու են ժողովրդի շահը ոչ թե իրավիճակային փոփոխություններով պայմանավորելով իրենց դիրքորոշումները, այլ մշտապես պահելով նույնը»,- այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Մեր հարցին՝ կա՞ն ուժեր, որոնց հետ համագործակցությունը բացառում եք՝ նա պատասխանեց. «Իհարկե, կան ուժեր եւ կան մարդիկ, որոնց հետ բացառում եմ համագործակցել: Դա վերաբերում է ֆիզիկական անձանց, որոնցով ամեն ինչ պայմանավորվում է ՀՀ-ում, իսկ ֆիզիկական անձանց բնորոշումները կախված են բացառապես նրանց քաղաքական դիրքորոշումներից: Խորհրդարանում 131-ից ես գիտեմ առնվազն 70-ը, որոնք չեն կիսում իմ տեսակետը: Նրանք, ովքեր քվեարկել են այլ կերպ, քան ես, ում համեմատ ես եմ քվեարկել այլ կերպ, նրանք, ովքեր համարում են, որ երկրում ամեն ինչ կարգին է, նրանք, ովքեր համարում են, որ երբեմն կարելի է փոխել դիրքորոշումը, որովհետեւ երկրում այլ իրավիճակ է»:
Նա ասաց, որ հիմա կուսակցական գործունեության մեջ միտումնավոր ակտիվություն չի դրսեւորում, չի մասնակցում գումարվող նիստերին, որպեսզի կուսակցությունն ինքը որոշի իր անելիքը: Թե ինչու հրաժարվել կուսակցության նախագահի պաշտոնից՝ նա պատասխանեց. «Որովհետեւ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կուսակցությունը չկարողացավ իրականացնել իր առջեւ դրված մի շարք եւ երեւի մեկ էական առանցքային խնդիր, այն է՝ ՏԻՄ ընտրությունները: ՀՀ-ում քաղաքականության մեջ վաղուց ժամանակն է, որ մարդիկ, որոնք ինչ-որ պահի ինչ-որ խնդիր չեն կարողացել լուծել՝ սուբյեկտիվ թե օբյեկտիվ պատճառներով՝ հրաժարվեն այդ նույն ծանրաձողը բարձրացնելուց»:
Հարցին, թե ինչպես եք վերաբերվում Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Դալլաքյան-Պարույր Հայրիկյան դաշինքին, հնարավո՞ր է այս դաշինքի հետ ձեր համագործակցությունը՝ նա պատասխանեց. «Դրական գնահատական ունեմ Սեյրան Օհանյանի անձի շուրջ, բայց իր կողմից նախաձեռնվող քաղաքական ձեւաչափի մասին տեղեկություն որեւէ մեկը մինչ օրս չունի: Ինչ ասել է Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինք: Կա անձ, ինչ ձեւով է այդ անձը մտնելու քաղաքական դաշտ, ինչ դրույթներ է հռչակելու, ինչ քաղաքական կուրս է վարելու, ում հետ է գնալու…Դրանք բոլորը հարցեր են»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Սեյրան Օհանյանը, որն արժանացել է Արցախի հերոսի կոչման, հավանաբար ունի բազմաթիվ արժանիքներ, բայց անհայտ է նրա քաղաքական կուրսը. «Մամուլում շատ բան է քննարկվում, բայց որն է այդ դաշինքը: Նույնը Ծառուկյանի դաշինքն է, ովքեր են այդ դաշինքում: Ծառուկյանի մասին եթե խոսենք, ես այն անձը չեմ, որ հեռացել եմ իրենից, որ միանամ, բայց դաշինքի մասով ախր ոչ ոք չգիտի դա ինչ է: Ինչ վերաբերում է «Համախմբումին», այնտեղ կան պետության համար լուրջ պիտանի լինելու կարողություն ունեցող մարդիկ, բայց քաղաքական կուրսն է անհրաժեշտություն»:
Անդրադառնալով իր մանդատը ժամանակին վայր դնելուն եւ հետո հրաժարականի դիմումը հետ վերցնելուն՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ մանդատն իր համար եղել է աշխատանք, խնդիր, ոչ թե ինչպես մյուսների դեպքում՝ դիվանագիտական կարգավիճակ, անձեռնմխելիություն եւ սեփական բիզնեսներն ապահովագրելու կամ իշխանության տիրույթներում շրջելու հնարավորություն. «Քաղաքական բանակցությունների ընթացքում մենք մի շարք գործընկերների հետ եկանք այն եզրակացության, որ հնարավոր է ջանքերի մեկտեղում, որ քաղաքական դաշտում հնարավոր են փոփոխություններ եւ օրերս տեղի ունեցած հիմնական փոփոխությունը ձեզ որպես ապացույց: Այդ բանակցությունները դարձան առիթ՝ առայժմ շարունակելու գործունեությունս»:
Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ եթե հաջորդ խորհրդարանում չլինի, ափսոսալու է միայն մեկ բանի համար՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում կիսատ մնացած կոնվենցիայի նախագծի համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ