Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չի անմեղ մարդկանց վրա «բոչկա գլորել». Սարիթաղցիների պաշտպանը բղավեց ու հիշեց ոստիկանապետին (Տեսանյութ)

Հունվար 23,2017 13:45

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այս պահին շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Սարի թաղում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախումների գործի քննությունը:

Շարունակվեց գործով տուժած ճանաչված ոստիկաններից Հովսեփյանի  հարցաքննությունը: Տուժողը պնդեց նախորդ նիստում ասածը՝ քաղաքացիները ձեռքերով, ոտքերով, քարերով եւ այլ առարկաներով հարվածել են ոստիկաններին:

Դատախազը հետաքրքրվեց՝ արդյոք քաղաքացիները ոչ սթափ վիճակո՞ւմ են եղել: «Կոնկրետ չեմ հիշում, բայց խմիչքի հոտը գալիս էր»,-այսպես պատասխանեց տուժող ոստիկանը, ինչն առաջացրեց նիստին ներկաների՝ մեղադրյալների հարազատների ծիծաղը:

Պաշտպաններից մեկը հետաքրքրվեց՝ ինչի՞ց ենթադրեցիք, որ խմիչքի հոտը քաղաքացիների վրայից էր գալիս: Ոստիկանը հիմնավորեց, որ ոստիկանները ծառայության ընթացքում իրավունք չունեն ալկոհոլ օգտագործել: Մեղադրյալներից երկուսի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հակադարձեց՝ «իրավունք չունի, բայց կարո՞ղ է, չէ՞, հո բերանը կարա՞ծ չի»:

Ապա տուժողը պնդեց՝ եթե ոստիկանները կրակոցներ չարձակեին, քաղաքացիները չէին դադարեցնի բռնությունը. «Շատ բռնկված իրավիճակ էր: Կրակոցի ձայնը որ լսեցին՝ հանդարտվեցին»:

Հարցաքննության ընթացքում Լիպարիտ Սիմոնյանի նյարդերը տեղի տվեցին: Նա բղավեց, որ տուժող ոստիկանը մեղադրողի եւ պաշտպանների հարցերին տարբեր պատասխաններ է տալիս՝ ասելով միայն այն, ինչ դատախազն է իր հարցերով հուշում: «Պետք չի անմեղ մարդկանց վրա «բոչկա գլորել» դատարանում: Ես չեմ հասկանում՝ սա ի՞նչ է: Վերջին հաշվով ոստիկան եք, Ձեր ոստիկանապետն ամեն օր ասում է ոստիկանության դերի բարձրացման մասին, մինչդեռ զրոյի եք հասցնում այդ ձերը ձեր պատասխաններով»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը: Դատախազն էլ իր հերթին հորդորեց դատախազության հասցեին նման կերպ չարտահայտվել:

Պաշտպաններն առարկեցին՝ տուժող Հովսեփյանը «ոչինչ չի հիշում», երբ իրենք են հարցեր ուղղում, մինչդեռ դատախազի հարցերի դեպքում նրա հիշողությունը «լուսավորվում է»:

Այս գործով պետք է հարցաքննվեն այլ ոստիկաններ եւս: Հավելենք, որ դատարանի որոշմամբ լրատվամիջոցներին թույլատրվել է նկարահանել նիստի միայն առաջին տասը րոպեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031