Հունվարի 23-ին «Տեսակետ» ակումբում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, պատասխանատու քարտուղար Բորիս Քոչարյանը եւ վարչության անդամ Սաշուր Քալաշյանը խոսեցին Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագծից , որի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի Ճարտարապետների պալատ:
2016 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որը կրքեր է հարուցել: Որոշ մասնագետների պնդմամբ, օրենքը կմեծացնի կոռուպցիան եւ գիլյոտին կդառնա ոլորտի համար:
Մկրտիչ Մինասյանը, սակայն, համաձայն չէ այդ կարծիքին, գտնում է, որ ցանկացած ոլորտ պետք է կանոնակարգվի օրենքով: Նրա ձեւակերպմամբ, Ճարտարապետների պալատի ստեղծումն ուղղակի անհրաժեշտություն է: Միության նախագահի խոսքով, օրենքը կկարգավորի ճարտարապետների հարաբերությունները կառուցապատողների հետ, ճարտարապետների հետագա կրթության խնդիրները, ճարտարապետների ռեեստրը կազմելու խնդիրը կլուծի:
Կարդացեք նաև
Ճարտարապետների միության նախագահը չի ժխտում, որ Ճարտարապետների պալատը Ճարտարապետների միության ժառանգորդն է, նաեւ հավելում է, որ պալատը կկարողանա իր վրա վերցնել ոլորտի ծանր բեռը, մի բան որ բարդ է հ/կ-ի կարգավիճակով գործող իրենց միության համար: Բորիս Քոչարյանն էլ վստահ է, որ օրենքի դեպքում ճարտարապետը չի դառնա կառուցապատողի կամայական քմահաճույքների կատարողն ու ստրուկը:
Սաշուր Քալաշյանն էլ նշեց, որ Հայաստանը վերջին երկիրն է, որ ճարտարապետության ոլորտում դեռեւս խորհրդային համակարգի օրենքներով է շարժվում, մինչդեռ բոլոր քաղաքակիրթ երկրներում դաշտն այլ ձեւով է կարգավորվում: Պարոն Քալաշյանը հավելեց, որ տեղայնացվել է ֆրանսիական փորձը եւ Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքի հիմքում Ֆրանսիական օրենսդրությունն է:
Ըստ Քալաշյանի, Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագիծը կարգավորում է ճարտարապետի իրավասությունների ու անկախության հարցը՝ պատվիրատուից, տեղական ինքնակառավարման մարմինների կամայականություններից, նաեւ ճարտարապետը պարտավորություն է վերցնում իր անելիքների համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ