Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է իր սեփական միջոցներից ներդրում կատարել Գյումրիում (Տեսանյութ)

Հունվար 23,2017 13:36

Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադրված է այցելել Գյումրի, սակայն մինչ այդ՝ հունվարի 26-ին, գյումրեցի գործարարներն են գնալու վարչապետի մոտ՝ Գյումրիի զարգացմանը վերաբերող հարցեր քննարկելու:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանդիպելով տեղի գործարարներին, հորդորեց առաջարկներ նախապատրաստել վարչապետին, հարցերն էլ բաշխել միմյանց միջեւ, որպեսզի հանկարծ չկրկնվեն:

Ըստ Գյումրու քաղաքապետի, Գյումրու զարգացման պիլոտային ծրագիր են մշակել, այն երկու ուղղություն ունի. դրանցից մեկը պահանջում է երկու փողոցներ վերանորոգել տուրիզմը զարգացնելու նպատակով:

«Նախքան վարչապետի այցը, մենք բիզնեսի ներկայացուցիչներով պիտի հանդիպում ունենանք վարչապետի հետ եւ հարցեր բարձրացնենք՝ ինչպե՞ս անել, որ բիզնեսը զարգանա Գյումրի քաղաքում: Մեր այսօրվա հավաքի իմաստը ո՞րն է, որպեսզի դուք ձեր հարցերն առաջարկեք, ես ու Կարապետ Մովսիսյանը (խոսքը Շիրակի մարզի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահի մասին է Ա.Ն.) բարձրացնենք, վարկ է, տո չգիտեմ, որին ինչն է խանգարում, օրենք է, չգիտես…Պատկերացրեք այսօր լուրջ ներդրումներ կկատարեն քաղաքի վրա, համոզմունք արդեն ունենք, նույնիսկ վարչապետն անձամբ ինքն է ուզում ներդրում կատարել, անձամբ, այսինքն` մասնավոր սեկտորի հետ կապված:

Բայց հիմնական խնդիրը ո՞րն է, հիմնադրամ է ստեղծվելու, հիմնադրամն ունի իր պայմաններն: Այդ, հիմնադրամի պայմաններով պիտի կարողանան մարդիկ ինչ-որ տեղ մասնակցություն ունենալ երկու փողոցի՝14 եւ 16-ի վերականգնման հետ կապված: Մեկը Շիրազի փողոցն է (Տես լուսանկարում՝ «Ռեստորան» ցուցանակն ունեցող շենքի փողոցն է), որն ընդգրկում է Շիրակացուց մինչեւ Խաղաղության օղակի այգի: Հիմա դուք կարող եք մասնակցություն ունենալ նաեւ այս իմաստով: Իհարկե, մենք հանդիպման ժամանակ ձեր հարցերը կբարձրացնենք, նաեւ կխոսենք այս մասին, որովհետեւ գործարարների միության նախագահը, խորհրդի անդամները վեց հոգի են, ու բոլորը պատրաստակամ են գումարներ ներդնել այդ փողոցը վերանորոգելու համար: Ասեմ, որ հիմնադրամը ստեղծելու հետ կապված աշխատանքները ղեկավարելու է Ներսես Երիցյանը», -ասաց Սամվել Բալասանյանը:

Գյումրու քաղաքապետը, որը գործարարներին հրավիրել էր իբրեւ թե նրանց հուզող խնդիրները համակարգելու ու վարչապետի մոտ բարձրացնելու համար, զրույցի կեսից անկեղծացավ՝ նշելով, որ 10 միլիոն գումար է անհրաժեշտ փողոցի վերանորոգման, լուսավորության եւ այլնի համար: Նա հստակ հասկացրեց, որ հույսը հենց այդ գործարարներն են, որոնց միջոցով պիտի հավաքագրվի գումարը: Ըստ Սամվել Բալասանյանի, եթե քաղաքի զարգացման համար 15 միլիոն դրամ ներդրվի, ապա Եվրոպայի զարգացման բանկի ներկայացուցիչները նույնպես կհամաձայնեն գումար ներդնել:

Դիմելով հավաքվածներին՝ Սամվել Բալասանյանն ասաց. «Մեր հանդիպման իմաստն այն է, թե դուք ինչպիսի հարցեր պիտի բարձրացնենք վարչապետի մոտ, տպավորություն չստացվի, թե գյումրեցիները եկել են ու հա պահանջում են, եկել են ճիշտ ծրագրերով, այսինքն՝ ծրագիր ունենք, որի համար անհրաժեշտ է գումար, կամ գումար ունենք, կուզենանք մասնակցություն ունենալ այդ պիլոտային ծրագրին: Մեկդ խոսեք վարկերից, մյուսը թող խոսի քաղաքի զարգացման ծրագրից, երրորդը թող խոսի կանաչ էներգիայից… Եկեք վարչապետի մոտ քաղաքակիրթ գնանք էլի, ժողովուրդ: Իրականում մենք այսօր պրագմատիկ վարչապետ ունենք, որը հստակ ասում է՝ այ էսքան գումար ես եմ դնում, դու ինչքա՞ն գումար ես գնում, էդ հիմնադրամի գումարները կհավաքվեն, եթե պակաս գումար մնաց, վարկային մաս կմտցնեն:

Հետո շատ հետաքրքիր առաջարկություններ են կատարած բնակչին: Շատ ձեռնտու է բնակչին այս տարբերակով այս փողոցները կառուցելը: Ինչի՞ համար. մարդը հիմա բնակարանն ունի, ուզում է կառուցել բնակարանը, չի կարող, իրենք ասում են՝ եկեք 50/50 ընկերություն անենք կամ դու 30 տոկոսով ես ուզում մտնել հիմնադրամ, քո ունեցած նյութական արժեքով մտի թեկուզ հողովդ: Մնացածը հիմնադրամը կկառուցի, եւ եթե դա հյուրանոցային համարներ է ունենալու կամ ունենալու է ռեստորանային- սրճարանային հատված, այսինքն` ինչ-որ բիզնես, այդ դեպքում եթե դիվիդենդներ կլինեն, 30 տոկոսը քեզ կտան: Ուզո՞ւմ ես վաճառել քոնը, վաճառի, հիմնադրամը քեզ կվճարի, չե՞ս ուզում վաճառել, ուզում ես դու գնել, հիմնադրամին գումարը տուր, դու գնի: Այսինքն` բնակչին բոլոր պայմաններն առաջարկվում են: Նույնիսկ մի պայման է դրվում, որպեսզի չխանգարեն մեզ. եթե բնակիչը, որը ասենք խնդրում է վաճառեն իր հողատարածքը ընդամենն այսօրվա ունեցած արժեքներով, եթե 20 անգամ ավելացնում է, կա հատուկ մեխանիզմ գերակա շահ ճանաչելու, որը դրվելու է շուկայականի ամենաբարձր կետում, որպեսզի չխանգարեն այս ծրագրին: Շատ կարեւոր ծրագիր է, հավատացեք ու դուք ձեր մասնակցությունն ունեցեք, որովհետեւ այստեղ մարդիկ են նստած, որոնք հնարավորություններ ունեն գնեն մի հատ տուն, սարքել այդտեղ կամ հիմնադրամի ֆինանսավորմանը մասնակցեն»:

Գյումրու քաղաքապետը մանրամասնեց, որ խոսքը «Կումայրի» արգելոց-թանգարանի մեջ մտնող պատմական արժեք ներկայացնող տների մասին է, որոնց վերանորոգումը փաստորեն մտադրված են դնել գործարարների ուսերին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031