Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դարձնել, որ գիտությունների բոլոր թեկնածուները միանգամից դառնում են դոկտոր՝ աբսուրդի գագաթն է». Կառավարության նոր նախագիծը

Հունվար 23,2017 13:25

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը», որը փոխարինելու է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքին: Նախագիծը որոշ մտահոգությունների տեղիք է տվել, որ գիտական երկրորդ աստիճանը հանվում է:

Այդ առնչությամբ այսօր «Հենարան» ակումբում ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանն ասաց, որ բարձրագույն կրթություն ասելով՝ երկու աստիճան են հասկանում՝ բակալավրիատ եւ մագիստրատուրա: Ասպիրանտուրան ավարտելով եւ պաշտպանելով թեզը՝ ստանում ենք գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, որը համարվում է ՀՀ-ում գիտական առաջին աստիճան: Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծով աստիճանաշնորհման համակարգում որեւէ փոփոխություն չի կատարվելու: Հասարակության մեջ մտահոգություն կա գիտական երկրորդ աստիճանի շնորհման հետ կապված. «Այն բարձրագույն կրթության հետ էական կապ չունի, որովհետեւ բարձրագույն կրթությունը ավարտվում է գիտական առաջին աստիճանի շնորհմամբ: Գիտական երկրորդ աստիճանն արդեն գիտությանն է վերաբերվում: ՀՀ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում ասվում է, որ ՀՀ-ում շնորհվում է երկու գիտական աստիճան՝ գիտությունների թեկնածուի եւ դոկտորի»:

Պարոն Մխիթարյանն ասաց, որ երկրորդ գիտական աստիճանը պահելը ՀՀ-ում անհրաժեշտ է: ԽՍՀՄ-ում տարբեր դպրոցներ ուղիղ առնչություն ունեն ռուսական համակարգի հետ, ՌԴ-ում էլ ակտիվ քննարկում են երկրորդ գիտական աստիճանը պահպանել-չպահպանելու հարցը: Եվրոպական բազմաթիվ երկրներ կան, որտեղ եւս կա գիտական երկրորդ աստիճան՝ Լեհաստանում, Պորտուգալիայում, Շվեդիայում եւ Ավստրիայում է գործում:

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանի խոսքերով գիտական երկրորդ աստիճանի նպատակն է խրախուսել, նպաստել ֆունդամենտալ հետազոտություններին, որոնք խորը բովանդակություն ունեն. «Եթե չլինի կարիերայի այդպիսի աստիճան, ֆունդամենտալ գիտությունը կարող է ավելի թույլ զարգանալ: Էստոնիան, Լիտվան, Լատվիան, բոլոր տեղերում բողոք կա, որ վերանում են այնտեղ ֆունդամենտալ հետազոտությունները, դոկտորականի համար մարդը տասնյակ տարիներ կարող է աշխատել: Իհարկե, դոկտորականներ կան, որ թեկնածուականներից շատ ավելի վատ վիճակում են՝ պաշտոններից ելնելով, ծանոթներով են պաշտպանել»:

Նա առաջարկում է գիտական երկրորդ աստիճանը պահպանել, թեկնածու դառնալու համար պահանջները խստացնել. «Հանել երկրորդ աստիճանը եւ դարձնել, որ բոլոր թեկնածուները միանգամից դառնում են դոկտոր՝ դա աբսուրդի գագաթն է: Հայաստանում 400-500 դոկտոր կա եւ 6000-ից ավելի թեկնածու: Նրանցից 4500-ը ընդհանրապես գիտության հետ կապ չունեն բացարձակ: Նրանք պաշտոնի համար՝ որպես մեդալի նման մի բան, բրիլիանտից մատանու նման մի բան գնել են, առել են արտագրված այստեղից-այնտեղից: Գիտական աստիճանի համար վճարում են, ես անիմաստ եմ համարում վճարել այն մարդկանց, որոնք գիտական հիմնարկներում չեն աշխատում»:

Հոգեբանը զարմանում է՝ իմաստը ո՞րն է, որ գիտական աստիճանի համար վճարում են դպրոցի տնօրեն, թաղապետ ու քաղաքապետ աշխատող մարդկանց:

Թե ինչպես են պաշտոնյաները գիտական աստիճան ստանում՝ Սամվել Խուդոյանը բացատրեց. «Փողը տալիս են, գրել են տալիս, էդ գրողն էլ նրան նախապատրաստում է պաշտպանության, հարցերը խորհրդի անդամներին են տալիս, որովհետեւ ինքը հարցերին չի կարող պատասխանել, խորհրդի անդամները տալիս են այն հարցերը, որ իրենց գրած տվել են, պաշտպանում են ու անցկացնում, գնում են»:

Ատոմ Մխիթարյանն էլ նշեց, որ 2015-ին ՀՀ-ում գիտությունների դոկտորի դիպլոմ է ստացել 43 հոգի, 2016-ին՝ 34: Այս թիվը գնալով նվազում է, որովհետեւ 2014-ին 50 էր եւ դրանից առաջ՝ ավելի շատ: Գնալով նվազում է պաշտպանած դոկտորների թիվը. «Այն ատենախոսությունները, որոնք մասնագիտական խորհրդում պաշտպանվում են, ԲՈՀ-ում շուրջ 17 տոկոսը չի հաստատվում՝ կապված որակի հետ կամ շատ արտագրություններ ենք գտնում: Եթե նույնիսկ մեկ էջ արտագրություն հայտնաբերում ենք, միանգամից մերժում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031