Ձուկն ինչպես սեղանին է մատուցվում 4-5 մասի կտրտված վիճակում, այնպես էլ այն դեռ ջրում արդեն՝ որպես ակնկալվող շահույթ, մասնահանված է մի քանի խիստ շահագրգիռ կողմերի միջեւ:
Սեւանի ձկան մեծ պաշարների եւ ձկնորսության շահութաբերության մասին ակնարկներ կան Խորենացու մոտ: Արաբական աղբյուրների վկայությամբ՝ դեռ 3-րդ դարի կեսերին Սեւանի ձուկը շատ մեծ պահանջարկ ուներ եւ հասնում էր մինչեւ Բաղդադ: Որպես կանոն՝ դարեր ի վեր ձկնորսությունը, մասնավորապես Սեւանի պարագայում, լինելով խիստ շահութաբեր գործ, համարվում էր արքունիքի՝ Բագրատունիների եւ իշխանական ազդեցիկ տների մենաշնորհը (9-11դդ.): «Իշխան» ձկան անվանումը գալիս է հենց այստեղից, քանի որ այն հասու էր բացառապես իշխանական տներին, իսկ ժողովրդի ցածր խավերը պետք է որսային միայն բախտակ, խրամուլի, բեղլու եւ մյուս տեսակները, որոնց սննդարար, կամ ինչպես հիմա է ընդունված ասել՝ գաստրոնոմիկ արժեքը անհամեմատ ցածր էր:
Իշխանական տները, օրինակ, Սյունիքը, որն իր կարողություններով չէր զիջում Բագրատունիներին, իրենց հարստությունը արտացոլում էին նաեւ ունեցած եւ տնօրինած ձկան պաշարներով: Հետագայում՝ 19-րդ դարում, ձկնորսության պատմությունը ուսումնասիրողներից մեկի՝ Վոյուցկովի տվյալներով՝ լճի վարձակալը պարտավոր էր ձկան համար հատուկ ստեղծված 400 տարաներով, որոնցից յուրաքանչյուրի մեջ կար մոտ 400 ձուկ, առաքել Թիֆլիս, Գանձակ եւ այլուր:
Եվս մի ուշագրավ փաստ. հակասությունները եւ անգամ սուր կոնֆլիկտները տեղական բնակավայրերի ձնորսների եւ դրսից եկած գնորդների միջեւ դարեր շարունակ հասկանալի պատճառներով եղել է անպակաս: Փաստորեն, արքունիքի, իշխանական տների եւ Սեւանի առափնյա բնակավայրերի ձկնորսների ջրերը մի առվով չեն հոսել դեռ շատ վաղուց եւ ներկայումս էլ վիճակը գրեթե նույնն է: Դրանք նույնն են իրենց բովանդակությամբ, փոքր-ինչ տարբեր՝ դրսեւորման ձեւերով: Անօրեն ձկնորսի ձեռքը բռնելը այդպես էլ մնացել է օրակարգում: Ինչպես գիտենք, իշխան տեսակը ձվադրվում է գետերում, սիգը՝ լճում, իսկ գեղարքունի, բախտակ եւ մյուս տեսակները աճեցվում են ցանցավանդակային համակարգով, Ջերմուկում եւ այլ վայրերում: Երբ գալիս է ժամանակը, իշխանը լճից գետերով (Արփա, Գավառագետ, Մասրիկ եւ այլն) բարձրանում է վեր եւ 4-5 աստիճան ջերմային պայմաններում սկսում է ձվադրումը, որին հաջորդում է ինկուբացիայի շրջանը, որն արդեն տեւում է 60-70 օր:
Կարդացեք նաև
Իշխանի դեպքում դա 70 օր է, սիգի դեպքում՝ 60: Բանն այն է, որ իշխանի բնազդը թույլ է զարգացած եւ նա չի կարողանում ինքնուրույն վերադառնալ լիճ: Նաեւ այս հանգամանքով է բացատրվում ժամանակի ընթացքում իշխան տեսակի քանակության կրճատումը եւ մանրաձկով տեսակը վերարտադրելու անհրաժեշտությունը: Այս խնդիրը, այսինքն՝ իշխանի եւ առհասարակ՝ մյուս տեսակների վերարտադրությունը ապահովելու նպատակով՝ 1924թ. ստեղծվեցին Կամոյի, 1934թ. Կարճաղբյուրի, այնուհետեւ՝ Լիճքի եւ Սեւանի ձկնաբուծական գործարանները, որոնք հետագայում տարբեր պատճառներով դադարեցրին իրենց գործունեությունը: Դրանց փոխարինելու եկան բուծարանները, որոնք ըստ մասնագետների՝ իրենց արդյունավետությամբ, ինչպես նշում են ձկնագետները, ակնհայտորեն զիջում են գործարաններին: ԽՍՀՄ վերջին տարիներին Սեւանում ձկան ընդհանուր որսը տարեկան կազմում էր մոտ 2000 տոննա: Այս ցուցանիշների մեջ են մտնում կարասը, կարմրախայտը, խեցգետինը, գեղարքունին, բախտակ եւ մնացած տեսակները: Ներկայումս չկա որեւէ վստահելի վիճակագրություն ձկան որսի ծավալների վերաբերյալ եւ դա հասկանալի է: Փաստորեն, եթե իշխանը կարող է գոյություն ունենալ միայն գործարանների եւ բուծարանների ողորմածությամբ, ապա սիգը դեռ կարողանում է ինքնուրույն վերարտադրվել լճում՝ ափերից 5-7 մետր խորություններից սկսած գոտիներում, քանի որ ալիքները թթվածին մատակարարելով նպաստում են ձվադրման պրոցեսին: Ըստ մասնագետների՝ ձվադրման շրջանում որսալով մեկ ձուկ, միանգամից ոչնչացվում է մի քանի հարյուրը: Դա նվազագույնը:
Հիմա փորձենք հասկանալ, թե ի վերջո ինչո՞ւ չի հաջողվում տարեվերջին, ձկան ձվադրման շրջանում հանգիստ թողնել ձկներին եւ բարբարոսաբար չքայքայել այս կենսառեսուրսը: Եվ այսպես, Սեւանի շրջագիծը մոտ 80 կիլոմետր է, այսինքն՝ Գեղարքունիքի մարզի բոլոր բնկավայրերը ափեր ունեն լճի հետ: Հասկանալի է, որ այսպիսի ահռելի տարածք հսկելը անասելի դժվար գործ է թե ոստիկանության եւ թե բնապահպանական կառույցների համար: Սակայն համաձայնեք, հարցը նույնիսկ տարածքի չափսերը չեն, այլ այն, որ ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ եթե «գողը տնից եղավ, եզը երթիկից էլ կհանեն», իսկ մեր «գողը», ավա՛ղ, տնից է: Պատկերավոր ասած՝ ձուկը ինչպես սեղանին է մատուցվում 4-5 մասի կտրտված վիճակում, այնպես էլ այն դեռ ջրում արդեն՝ որպես ակնկալվող շահույթ, մասնահանված է մի քանի խիստ շահագրգիռ կողմերի միջեւ: Ձկնորսները, նրանց մոտորանավակներ ու ցանցեր տրամադրողները, միջնորդները, տեղափոխողները, վաճառողները, ինչպես նաեւ՝ իրավապահ կառույցները, որոնք այս կամ այն չափով ու կերպ, ուղղակի կամ անուղղակի մասնակցում կամ հովանավորում են «գործընթացը», հազիվ թե շահագրգռված լինեն ձկան օրինական որսի հարցերում: Այլ կերպ ասած՝ գողը, հսկողը, ոստիկանը եւ էլի մի քանիսը «մորաքույրի տղերք են եւ ազգականներ», եւ միայն խեղճ ձուկն է օտարական: Օրինակ, անասելի դժվար է նորադուզցիներին ու ծովագյուղցիներին հասկացնել, որ Սեւանա լիճը պետական սեփականություն է: Դա իրենց «ծովն» է եւ վերջ… Որպես կանոն՝ իրավապահ մարմինների տեղական ստորաբաժանումների օգնությամբ օրինազանց ձկնորսներին կարգի հրավիրելը, պատժելը կամ նույնիսկ չափի մեջ պահելը, ինչպես բազմիցս ցույց է տվել կյանքը, անօգուտ բան է: Օրենքը եւ սահմանված կարգը արհամարհելը, Սեւանի առափնյա գյուղերից մի քանիսում, նույնիսկ պատվի հարց է: Գյուղերից մի քանիսի ձկնորսներից շատերն արդեն ունեն, այսպես ասած՝ «անպարտելիության բարդույթ», որը կոռուպցիոն սխեմաների գոյության պարզ հետեւանքներից մեկն է, որի մասին բոլորս էլ գիտենք: Կրկնում եմ՝ խնդիրն այստեղ առանձին մարդկանց վարքը չէ, այլ հոգեբանական եւ գիտակցական այն ֆոնը, որի առկայությամբ ակնթարթորեն խեղդամահ է լինում կարգ ու կանոնին միտված ցանկացած նախաձեռնություն: Եվ սա ոչ միայն ձկնագողության պարագայում…
Ակամայից մտաբերեցի այս պատմությունը, որն, ավա՛ղ, բնութագրական է մեզ համար:
Ուրեմն՝ 16-րդ դարում մի ֆրանսիացի ճանապարհորդ, որը ոտքի տակ էր տվել ողջ Մերձավոր Արեւելքը, հանգրվանում է նաեւ Հայաստանում եւ մեկնելուց հետո սքանչելի տողեր է գրել հայերի մասին: Նրան շատ էր դուր եկել հայերի աշխատասիրությունը, առատ մառանները, հայկական «դեմոկրատ» ընտանիքը, որտեղ կինը հարգված է ու գնահատված, ինչը որ զարմացրել էր ճանապարհորդին՝ մահմեդական արեւելքի կրոնական բարքերը տեսնելուց հետո եւ այլն: Սակայն մեր ֆրանսիացի բարեկամին անհասկանալի էր թվացել մեկ այլ բան. ըստ նրա՝ «այդ երկրում ինչքան ճարպիկ, խարդախ ու օրինազանց է մարդը, ինչը որ արգահատելի էր մեր երկրում, այնքան հարգված եւ ակնածանքի է արժանի»: Հիմա ո՞վ ինձ կասի՝ 16-րդ դարի բարքերից այսօր ի՞նչ է փոխվել: Գալով բուն խնդրին, տեսնում ենք, որ խնդիրը օրակարգից դուրս չի գալիս այն պարզ պատճառով, որ, ասես, լրջորեն փորձ չի արվում հարցին մոտենալ սրտացավ եւ համալիր կերպով: Այսինքն, գողանում են, որովհետեւ թույլ է վերահսկողությունը, իսկ փոխարենը՝ ամուր է կոռուպցիոն մեխանիզմը, գողանում են, որովհետեւ մարդկանց կերակրող այլ ապրուստի ձեւեր ու ձեռնարկություններ չկան: Եվ վերջապես՝ գողանում են, որովհետեւ մարդիկ ունեն օրինազանցի «ամուր գիտակցություն»: Պատմում են, որ երբ սկսվեց Դիլիջանի թունելի շինարարությունը, ամենաօրթոդոքս օրինազանց ձկնորսներից մոտ 150 մարդ սիրահոժար գնաց աշխատելու այնտեղ: Կարծում եք՝ ահը սրտում, սաստիկ ցրտերին անսարք մոտորանավակներով լիճ մտնելը հե՞շտ բան է… Քանի՛ ձկնորսի կյանք լիճը «խժռեց» այս տարիներին: Առափնյա գյուղացին, օրինակ, կարող է իր մինուճար կովը վաճառել՝ ցանց գնելու համար, որը կարող է կարճ ժամանակ անց շարքից դուրս գալ կամ բռնագրավվել ոստիկանների կողմից: Իսկ գյուղերից արտագաղթածների մասին չենք խոսում, Վոլգոգրադը ներկայումս երբեմն էլ անվանում են «Փոքր Նորադուզ»: Եվ այսուհանդերձ, անցնող տարեվերջն իր հետ բերեց հույսեր եւ դրական միտումներ՝ ձվադրման շրջանում ձկան որսի ծավալները կրճատելու առումով, որովհետեւ բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին հաջողվեց դեկտեմբերի վերջերին արգելքի հրամանն արձակելուց հետո, լինել հնարավորինս հետեւողական: Նախարարության համապատասխան տեսչությունն ահագին բան արեց՝ ձկնորսների հետ անկեղծ խոսելու, խնդիրները մարդավարի բացատրելու, այո, նաեւ՝ պայմանավորվելու առումով, որի շնորհիվ Երեւանի փողոցներում ու շուկաներում տարեվերջին զգալիորեն պակասեց ձկան վաճառքը: Նախարարի «խոժոռ հայացքը», ինչը որ «դեֆիցիտ» էր նախորդների օրոք, տվեց իր արդյունքները: Բայց, համաձայնեք, այս ամենը դեռ այնքան հեռու է գոհացուցիչ լինելուց: Եվ ինչպես մայրն ու հայրը, ինչպես ողջ գերդաստանն է սրտի դողով հետեւում մանկան աշխարհ գալուն, այդպես էլ մեր պետությունն ու ժողովուրդը նույն սիրով ու գորովանքով պարտավոր է հսկի ու հոգ տանի ձկան վերարտադրությանը Սեւանում: Իսկ մեր Լեռնային գեղեցկուհին դրա դիմաց մեզ կպարգեւատրի հազարապատիկ չափսերով: Չկասկածեք:
ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ»
21.01.2017