Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կապ ունեն հայերը լեհական Սոպոտի հետ (Ֆոտոշարք)

Հունվար 23,2017 14:00

Սոպոտը Լեհաստանի ամենագունեղ ու գողտրիկ ծովափնյա քաղաքներից է: Մշակութային ու սպասարկման ոլորտի ինքնատիպ հաստատությունների շնորհիվ այն համարվում է զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկը: Այստեղ է գտնվում աշխարհի ամենաերկար տախտակամածը՝ ինչպես իրենք են ասում` Մոլոն, որի երկարությունը հասնում է 515,5 մետրի: Նախկին խորհրդային երկրները Սոպոտի հետ առնչվում էին 1970-1980թթ. կայացող երգի փառատոնով, քանի որ մասնակիցների մեծ մասը հենց Սոցիալիստական երկրներից էր:

«Ծռմռված տունը»

Սոպոտում անմիջապես աչքի է զարնվում 2003-ին կառուցված այս «Ծռմռված տունը», որը քաղաքի այցեքարտերից մեկն է: Այն նախագծող ճարտարապետները ոգեշնչվել են լեհ նկարիչ եւ մանկական գրքերի ձեւավորող Յան Սզանսերի եւ Լեհաստանում բնակվող շվեդ նկարիչ Պեր Դահլբերգի նկարներով:

«Ծռմռված տան» մասին տեղացիները մի ժամանակ լեգենդներ էին հորինել՝ իբր այնտեղ թզուկներ են ապրում, իրականում այն առեւտրի կենտրոն է: Այդ շինությունը ամենաշատ լուսանկարվածներից է:

Սոպոտի պետական պատկերասրահը

Սոպոտի գեղեցիկ փողոցներից է Մոնտե Կազինոն, որը կազինոների հետ ոչ մի կապ չունի: Կոլորիտային այս փողոցում կարելի է հանդիպել փողոցային երաժիշտների, նկարիչների եւ դերասանների:

Սոպոտի «Անտառային օպերա» կոչվող բացօթյա համերգասրահում, որն իրենից ամֆիթատրոն է ներկայացնում, մի քանի տարի առաջ կայացել է դաշնակահար Արթուր Փափազյանի մենահամերգը:

Հովհաննես Այվազովսկու կատալոգը

Սոպոտի հետ Երեւանը մշակութային համագործակցության գեղեցիկ փորձ ունի: Օրինակ, 2014թ. հունիսի 18-ից սեպտեմբերի 21-ը Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում ցուցադրվել են Հայաստանի ազգային պատկերասրահի մաս կազմող արվեստի գործեր: Մասնավորապես Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության նախագահների հովանու ներքո, այստեղ բացվել էր «Հովհաննես Այվազովսկի. Ժամանակ եւ հավերժություն» խորագրով բացառիկ ցուցահանդեսը:
Իմիջիայլոց, Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների առաջին ցուցահանդեսը Սոպոտում բացվել է 1875 թվականին՝ ծովանկարչի կենդանության օրոք:

2014-ին Սոպոտում Այվազովսկուն զուգահեռ ներկայացված է եղել նաեւ «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրով ցուցահանդեսը, որի մասին այս երկրում հիացմունքով են խոսում: Լեհաստանում բնակվող մեր հայրենակից՝ նկարիչ Գագիկ Պարսամյանն «Առավոտի» հետ զրույցում փաստում է, որ նման ցուցահանդեսները բարձրացնում են Հայաստանի ու հայ ժողովրդի վարկը արտասահմանում: Նա նշում է, որ հատկապես Այվազովսկու ցուցահանդեսի կազմակերպման համար լուրջ բանակցություններ են գնացել: Այժմ էլ նախատեսված է Հայաստանի ազգային պատկերասրահի 50 գլուխգործոցները ներկայացնել Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում: Բացման օրն էլ որոշակիացված է՝ 2017-ի հունիսի 30-ը:

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, ի թիվս այլ գլուխգործոցների, Սոպոտ կտարվեն Շագալ, Սարյան, Քոչար, Սուրենյանց, Յակուլով:
Հերթական ցուցահանդեսը համընկել է Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների 650-ամյակին եւ 25-ամյա դիվանագիտական հարաբերություններին: Գագիկ Պարսամյանի հավաստմամբ, Սոպոտի արվեստի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնեւ Բուսկին միշտ էլ սիրով է աջակցում հայկական նախագծերի կայացմանը: 2014թ. հոկտեմբերի 7-ին, երբ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվում էր Թեոդոր Աքսենտովիչի 50-ից ավելի աշխատանքներ, պարոն Բուսկին նույնպես ներկա էր: Նա շեշտել էր, որ մեծ պատիվ է Աքսենտովիչի աշխատանքները ցուցադրել Հայաստանում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Սոպոտ-Երեւան

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031