Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Նիկողոսյան. «Բյուջեի ավելացումը մեզ ավելի շատ է պարտավորեցնում»

Հունվար 23,2017 13:30

Հունվարի 24-ից 29-ը մեր առաջատար պատանի ու մեծահասակ հրաձիգները Մյունխենում մասնակցելու են մրցաշրջան 2017-ի առաջին միջազգային պաշտոնական մրցաշարին, իսկ մինչ այդ երեկ մեկնարկեց Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
«Առավոտը» ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին խնդրել է ամփոփել 2016 թվականը եւ ներկայացնել մրցաշրջան 2017-ի ծրագրերը:
Սեյրան Նիկողոսյանը, չնայած 2016 թվականին կատարված աշխատանքները համարում է բավարար, սակայն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը գոհ չէ արդյունքներից եւ տարին գնահատել է անբավարար:

-Ինչի՞ց է դժգոհ սպորտի պետական կառույցը եւ ինչու:

-Անցած տարի մեր հրաձիգներն ավելի պակաս մեդալ են նվաճել, քան 2015 թվականին: Բայց դա իր պատճառներն ունի: Մասնավորապես, որ անցած տարի մենք քիչ մրցումների մասնակցեցինք: Նախ Ադրբեջանում վարկանիշային երկու մրցում կար, ուր բնականաբար չմեկնեցինք: Գումարների սղության պատճառով չկարողացանք մասնակցել նաեւ Գերմանիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությանը:

-Որ Ադրբեջանում վարկանիշային երկու մրցաշար էր անցկացվելու, որոնց չէիք մասնակցելու, նախապես հայտնի էր: Բայց ֆեդերացիան, այնուամենայնիվ, Ռիոյի օլիմպիական խաղերի մեկից ավելի ուղեգիր էր նախատեսել: Ի՞նչը խանգարեց:

-Զենքը երկրից դուրս հանելու կարգի հետ կապված խնդիրները, ինչի մասին ես արդեն մի քանի անգամ ասել եմ: Միջազգային մրցման մեկնելիս, առնվազն մեկ օր առաջ զենքերը պետք է կապարակնքվեն ու մինչեւ մրցավայր հասնելն ու ստանալը մենք իրավունք չունենք դրանք բացել եւ օգտագործել: Ստացվում է, որ լավ մարզավիճակում գտնվող հրաձիգը մի քանի օր չի մարզվում:Իսկ եթե դա համընկնում է հանգստյան կամ տոնական օրերի հետ, երբեմն «անգործությունը» մի քանի օր է տեւում: Այդպես եղավ Եվրոպայի առաջնության մեկնելիս: Մեր հրաձիգները մոտ հինգ-վեց օր պարապ մնալուց հետո մեկնարկից առաջ ընդամենը մեկ մարզում կարողացան անցկացնել, ինչը սպասված արդյունքները չտվեց: Աշխարհի ոչ մի երկրում զենքի տեղափոխման նման կարգ գոյություն չունի: Այս խնդրի առջեւ մենք միշտ ենք հայտնվում:

-Ասացիք նաեւ, որ ֆինանսական խնդիրներ էլ կային, որոնց պատճառով հատկապես մեր պատանի ու երիտասարդ հրաձիգները երբեմն չեն կարողանում միջազգային մրցումների մեկնել:

-Այո, նման խնդիրներ եղել են, սակայն դրանք արդեն լուծվել են: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը խոստացել էր ֆեդերացիայի բյուջեն ավելացնել: Ու արեց: Մեր ֆինանսավորումն այս տարի ավելացել է 18,5 միլիոն դրամով: Դա մեզ պարտավորեցնում է: Գումարն արդեն բավարար է, որպեսզի բոլոր տարիքային խմբերի մեր հրաձիգներն ավելի շատ միջազգային մրցաշարերի մասնակցեն ու բարձրացնեն իրենց արդյունքները:

-2017-ի ի՞նչ պլաններ են կազմվել:

-Հունվարի 24-28-ը Մյունխենում վեցական պատանի ու մեծահասակ կմասնակցեն միջազգային մրցաշարի: Պատանիներն այսօրվանից նախապատրաստվում են 2018 թվականի պատանիների օլիմպիական խաղերին: Մյունխենից հետո ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Եվրոպայի առաջնության համար (մարտի սկզբին՝ Սլովենիայում), այնուհետեւ կշարունակենք նախապատրաստվել մայիսին Մյունխենում կայանալիք աշխարհի գավաթին: Դրանից հետո հունիս ամսին լինելու է երիտասարդների աշխարհի առաջնությունը: Նոր բյուջեն մեզ լիարժեք մրցաշրջան անցնելու եւ դրանում բոլոր տարիքային խմբերին ընդգրկելու հնարավորություն է տալիս: Բայց պիտի ասեմ, որ մեր բոլոր հրաձիգներն էլ երիտասարդ տարիք ունեն, հիմնականում 20-22 տարեկան են: Միայն Քրիստիան Լաուերն է, որ 28 տարեկան է:

-Տարին նոր է սկսվել եւ Տոկիոյի օլիմպիական խաղերին դեռ չորս տարի կա: Այսօր կարո՞ղ եք ասել, թե ինչ հույսեր կան:

-Կապրենք՝ կտեսնենք: Այսօր խոստումնալից պատանիներ ու երիտասարդներ ունենք, որոնք մեծանում են ու մարզական արդյունքները բարելավում, որոնց հետ, ինչպես ասացի, այս տարվանից արդեն ավելի լուրջ աշխատանք ենք տանում:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

21.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031