Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայուհին Ուզբեկստանից (պատմվածք)

Հունվար 22,2017 17:45

Երևան մեկնելու համար Մոսկվայի ավիատոմսերի վաճառքի ընդարձակ սրահի դրամարկղներից մեկի մոտ, այն ժամանակ երիտասրդ Փայլակը ինքնաթիռի տոմս գնելու հերթի էր կանգնել: Հանկարծ նկատեց, որ, նույն սրահի, մեկ այլ դրամարկղի մոտ հերթի է կանգնած սիրունատես սևաչյա մի աղջիկ, որը սևեռված հայացքով իր կողմն է նայում: Նա, բնականաբար, ժպտաց աղջկան, աչքով արեց հայավարի, իսկ աղջիկն էլ՝ իրեն չկորցրեց և համարձակորեն նույնպես աչքով արեց ու ժպտաց:
Աշնանը ոչ հատուկ տաք եղանակ էր դրսում, որի հետևանքվ տոմսերի վաճառքի սրահի ներսում՝ օդը հեղձուկ էր դարձել: Այնպես ստացվեց, որ այս երկուսի հերթաշարանները որոշակի անկյան տակ թեքվեցին և մի պահ նրանց հայացքները իրար կորցրին: Բայց Փայլակը անընդհատ հետևում էր աղջկա հերթի առաջընթացին, շարունակելով նաև ինքն առաջ ընթանալ:

Վերջապես իր հերթը հասավ և նա ինքնաթիռի տոմսակը գնելուց հետո, դուրս եկավ սպասասրահից ու դռների մոտ սպասեց այնքան, մինչև որ սևաչ աղջիկն էլ գնեց իր տոմսը և դուրս եկավ սպասասրահից՝ աջ ու ձախ նայելով, երևի նորընծա ծանոթին փնտրելով: Փայլակը ժպտալով մոտեցավ աղջկան և ռուսերեն բարևեց.

-Զդրավստվույտե՛:
Աղջիկը, բարեկամաբար ժպտալով պատասխանեց.
-Զդրավստվույտե՛:
-Տի արմյանկա՞,-մի անգամից հարցրեց Փայլակը:
-Կոնեչնո,-հպարտորեն պատասխանեց աղջիկը:

Փայլակը, առանց իսկ հարմար պահը կորցնելու, նրան առաջարկեց ոչ ավել, ոչ պակաս մի փոքր զբոսնել, ապա այցելել Մեծ Թատրոն՝ այդ օրվա օպերա-ներկայացումը ունկնդրելու, հաստատ իմանալով, որ չնայած այնտեղի տոմսերը բավականին թանկ արժեն, բայց նաև ներկայացումը սկսելուց մի քանի օր առաջ են սպառվում և դժվար թե այդ առաջարկությունը իրողություն դառնա:
Աղջիկն էլ՝ առանց ձևացնելու, համաձայնեց նրա առաջարկությանը և նրանք, զրուցելով ուղղություն վերցրին դեպի թատրոնի շենքը, որն այնքան էլ հետռու չէր գտնվում այդ դրամարկղների շինությունից և քայլելով այնտեղ կհասնեին մոտավորապես կես ժամից և այդքան ժամանակ էլ կունենային իրենց պահուստում՝ մինչև ներկայացման սկսվելը:

Դեռ թատրոնի մուտքին չէին մոտեցել, երբ նրանց ճանապարհը կտրեց միջին տարիքի, գնդապետի կոչումով մի զինվորական և բարևելով առաջարկեց իր վաղորոք գնած այդ օրվա ներկայացման երկու տոմսերը:

-Չկարծեք, թե ես վերավաճառող եմ,-նախապես զգուշացրեց նա,-կինս հանկարծակի հիվանդացել է, ջերմում է, տանն էլ խնամող չունենք և ես չեմ կարող նրան մենակ թողնել, եթե ցանկանում եք, վերցրեք այս տոմսերը հենց իրենց գնով, չեմ ուզում դրամարկղ հանձնել, որ նրանք ավել գնով վերավաճառեն, համ էլ տեսնելով երիտասարդ զույգերիդ, ցանկացա լավություն անել, դրամարկղում տոմսերը վաղուց սպառվել են:

Փայլակը հանկարծակիի գալով այդ պատկառելի տեսքով զինվորականի առաջարկից, մի պահ շփոթվեց, բայց ստիպված, իրեն պարզած նրա ձեռքից վերցրեց բավականին թանկ ներկայացման տոմսերը, որի համար էլ փորձում էին մոտենալ դրամարկղին: Վճարեց այնքան, որքան, որ տոմսերի իրական արժեքն էր, շնորհակալություն հայտնեց զինվորականին, շուտափույթ ապաքինում և առողջություն ցանկացավ նրա կնոջը, ապա անծանոթ ընկերուհու հետ մտավ թատրոնի շքամուտքից ներս:

Ներկայացումը դեռ չէր սկսվել և մի փոքր ճեմելով թատրոնի նախասրահում, նրանք մոտեցան թատրոնի աշխատակցուհիներից մեկին, որն էլ նրանց նախ փոքրիկ հեռադիտակ մատուցեց, որ ցանկության դեպքում ավելի մոտիկից դիտեն ներկայացումը, ապա աստիճաններով առաջնորդեց դեպի թատրոնի վերևի այն օթյակը, որի համարները նշված էին նրանց տոմսերի վրա:
Փայլակը, իհարկե, առաջին անգամ էր լինում Մեծ Թատրոնում, քանի որ հաճախակի գործուղումների ժամանակ մի քանի անգամ փորձել էր ներկա գտնվել որևէ ներկայացման, բայց ցավոք սրտի, տոմս ձեռք բերել չէր հաջողվել: Եվ ահա, այս սևաչյան, կարծես դարձավ իր թալիսմանը և նա մուտք գործեց այդ հրաշագեղ ճարտարապետական լուծումներով շինության տարածք:

Իհարկե, նա Երևանում հաճախ էր օպերային ներկայացումների ներկա լինում և այդ օրվա ներկայացում «Ռիգոլետոն» մի քանի անգամ էր ունկնդրել, ուստի նրա համար ավելի հետաքրքիր էր Մեծ Թատրոնի շինության ներսի հմայքն ըմբոշխնելը, քան բուն ներկայացման ընթացքին կամ թատերասեր հասարակության պահվածքին ու վերաբերմունքին հետևելը: Իսկ նորընծա ծանոթուհին էլ ոգևորված խոստովանեց, որ ոչ մի անգամ օպերային ներկայացում չի դիտել և այդ արվեստի նկատմամբ հեռավոր պատկերացումներ ունի, առավել ևս, որ այդպիսի հանդիպումը կայանում էր Մոսկվայի հռչակավոր Մեծ Թատրոնում:

Ընդամենը մի քանի նախադասություն էին նրանք փոխանակել՝ իրենց հատկացված օթյակում, երբ սկսվեց ներկայացումը: Աղջիկը հենց առաջին րոպեներից կլանված, փոքրիկ հեռադիտակը երկու ձեռքերով աչքերին սեղմած դիտում և հապշտակված ունկնդրում էր ներկայացումը, իսկ Փայլակը, նստած նրա կողքին, ըմբոշխնում էր իր գտածոյի գեղեցկությունը, ապա մերթընդմերթ հայացքը տեղափոխում բեմահարթակ, զմայլված նայում թատրոնի առաստղին, ուշադիր ուսումնասիրում այտեղից կախված հսկա ջահերին, պատերի գեղեցիկ հարդարանքներին:
Ներկայացումը ավարտվեց երեկոյան ուշ ժամի: Երիտասարդ զույգը դուրս եկավ թատրոնի շենքից և զբոսնելով Մոսկվայի վառ լուսավորված փողոցներով, ուղղություն վերցրեց դեպի մետրոյի մոտակա կայարան, որտեղից պետք է հասնեին այն երկաթուղային կայարանը, որը Փայլակի նոր ծանոթուհուն պետք է էլեկտրագնացքով տաներ Մոսկվայից մոտ քառասուն կիլոմետր հեռու գտնվող իր վարձակալած բնակարան:

Մինչ հրաժեշտի պահը կմոտենար, Հասնելով կայարան, նրանք ներս մտան սպասասրահ, նստեցին հարմարավետ նստարաններից մեկին ու սկսեցին մտերմիկ զրուցել: Նրանք զրուցում էին տարբեր թեմաների շուրջ, քննարկում հատկապես այդ օրվա ներկայացման առավել հետաքրքիր և դրամատիկ պահերը:
Զրույցի ընթացքում, Փայլակը հանկարծ, կտրուկ փոխելով նրա թեման, ի միջի այլոց, սևաչյա հայուհուն հարցրեց, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ հեռավոր բնակավայրում, որին աղջիկը անկեղծորեն պատասխանեց.

-Ւմ ծնողները ապրում են Ուզբեկստանում, նրանք վաղուց են Հայաստանից տեղափոխվել, ես մեծացել եմ այնտեղ, հայերեն չեմ կարողանում լավ խոսել, մեր տանը, իրար հետ, միայն ռուսերենով ենք շփվում: Մի քանի ամիս առաջ ընդհարվեցի ծնողներիս հետ, (պատճառը, իհարկե գաղտնի պահեց, Փայլակն էլ՝ ելնելով իր դաստիարակությունից չպնդեց, որ նա այն բացահայտի) տանից փախա, եկա Մոսկվա, որտեղ շատ դժվարությունների հանդիպեցի, բնակարանի վարձը բավականին բարձր էր և ես էլ որոշեցի ռեստորանում մատուցողուհի աշխատել՝ հոգալով իմ ապրուստի խնդիրը, իսկ աշխատանքից հետո էլ՝ միասին բնակվում եմ այն տատիկի բնակարանում, ով ինձ ավելի մատչելի վարձակալություն առաջարկեց, որին հանդիպել էի հենց այս կայարանում:

-Իսկ հիմա ու՞ր ես պատրաստվում թռչել, դու այսօր ինքնաթիռի տոմս գնեցիր-հետաքրքրվեց Փայլակը:
-Մի քանի օր առաջ զանգահարեցի մայրիկիս, շատ էի կարոտել մերոնց, ներողություն խնդրեցի իմ անշնորհք պահվածքի համար, ասացի, որ զղջացել եմ, որ իրենց մեծ ցավ եմ պատճառել, խոստացա, որ անպայման շուտով կվերադառնամ և ահա այսօր գնեցի ինքնաթիռի այդ տոմսը:
Կայարանում այդ պահին բարձր հնչեց էլեկտրաքարշի շչակի սուր ձայնը, որը ընդհատեց նրանց զրույցը, որին հետևեց Փայլակի հանկարծակի հարցը.

-Կուզե՞ս, ես քեզ ուղեկցեմ, այս ուշ ժամին վտանգավոր է միայնակ այդքան հեռուն գնալը:
-Վա՜յ, ինչ եք ասում, այդ տատիկը ինձ իսկույն իր տանից կվռնդի, հենց որ քեզ տեսնի, նա ահավոր բացասական վերաբերմունք ունի տղամարդկանց հանդեպ:
-Դե՛, դու էլ կասես, որ քո եղբայրն եմ, եկել եմ քեզ տեսության-սրամտեց Փայլակը:
-Նա չի հավատա, այնքան կասկածամիտն է, չի սիրում, որ ես հանկարծ որևէ տղամարդու հետ շփվում եմ:

-Հետաքրքիր տատիկ է,-ասաց Փայլակը, ուրիշ խոսք չգտնելով այդ պահին:
Էլեկտրագնացքը նորից սուլեց և Փայլակը միայն հասցրեց աղջկա մերձմոսկովյան հասցեն արագորեն գրել այդ օրը գնած օրաթերթի ազատ տեղում, իսկ որպես հիշատակ աղջկան նվիրեց իր տաբատի ձախ գրպանում միշտ մաքուր պահվող թաշկինակը, զգալով, որ նրա մոտ հարբուխ է կարծես սկսվում:

Նրանք պայմանավորվեցին հանդիպելու հաջորդ օրը նույն այն շինության մուտքի մոտ, որտեղ իրենց հայացքները առաջին անգամ հանդիպեցին իրար և այլևս չէին ուզում բաժանվել: Աղջիկը ջերմորեն փաթաթվեց Փայլակին, շնորհակալություն հայտնեց իրեն այդպիսի հրաշքի, ինչպիսին օպերա հասկացողությունն է, առաջին անգամ ներկա գտնվելու առիթով, քրոջ նման համբուրեց ու արցունքներն աչքերին բարձրացավ էլեկտրագնացքի վագոն, արագորեն տեղ զբաղեցրեց լուսամուտի մոտ ու ձեռքով հրաժեշտի շարժումներ արեց՝ թաց աչքերը սրբելով Փայլակի հենց նոր նվիրած թաշկինակով ու ցուցադրելով այն՝ ժպտաց:
Փայլակը հիպնոսացածի պես կանգնել էր կառամատույցում և նույնպես ձեռքի շարժումով պատասխանում էր նրա ձեռքի հրաժեշտի շարժումներին ու մտածում, թե ինչպես այդ անծանոթ աղջիկը հեռավոր Ուզբեկստանից մի քանի ժամում իրեն հարազատ ու բարեկամ դարձավ:

Էլեկտրագնացքը սուլելով, դանդաղորեն, առաջ շարժվեց, իսկ Փայլակը դեռ երկար կանգնած էր կառամատույցում, մինչև որ այն վերջնականապես անհետացավ իր տեսադաշտից:
«Մինչ վաղը, մինչ վաղը»,-ինքն իրեն բարձրաձայնեց Փայլակը ու մտորումների մեջ վերադարձավ հյուրանոց:
Սակայն, սևաչյա աղջիկը հաջորդ օրը չեկավ հանդիպման, ինչպես պայմանավորվել էին, երևի հարբուխը իր չար գործն էր կատարել, տաքությունն էր բարձրացել կամ ուղղակի աղջիկը չէր ցանկացել իրենց հարաբերությունները խորացնել…
Իսկ նրա մերձմոսկովյան հասցեն, որ Փայլակը գրել էր այն օրվա գնած օրաթերթի վրա, այդպես էլ չգտավ, երևի իր անփութության հետևանքով մոռացել և այնպիսի տեղ էր դրել, որ հյուրանոցի հավաքարարուհին աղբարկղ էր նետել կամ օգտագործել էր ինչ որ նպատակով:

Այդպես էլ Փայլակը կորցրեց այն սևաչյա հայուհուն Ուզբեկստանից, որը ճակատագրի բերումով հանդիպել էր նրան: Այստեղ են ասում՝ հայի բախտ:
Անցել են տարիներ և Փայլակը հաճախ է հիշում նրան, հատկապես այն պահին, երբ աղջիկը ամեն ինչից վերացած, Մոսկվայի Մեծ Թատրոնի բարձրադիր, շքեղ օթյակներից մեկում, նստած իր կողքին, փոքրիկ հեռադիտակը հպած աչքերին, առաջին անգամ իր կյանքում, աշխարհից վերացած՝ դիտում, ունկնդրում և ըմբոշխնում էր օպերային ներկայացումը, իսկ ինքը հրապուրված նրա գեղեցկությամբ, նստել ու նայում էր այդ երեկոյի իր գտածոյին՝ գեղեցկատես հայուհուն Ուզբեկստանից, որի անունը արդեն չի հիշում:

Ու այդ պահերին Փայլակը մտածում է՝ տեսնես այն սևաչյա հայուհին էլ է՞ հիշում իրեն, թե անդառնալիորեն մոռացել է իրենց ճակատագրական հանդիպումն օդափոխադրումների տոմսարկղների սրահում ու հուզումնալից բաժանումը մոսկովյան երկաթուղային կայարաններից մեկում:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031